ՅՈԲ1
  • 1Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից։
  • 2Եւ նորա համար եօթը որդիքը եւ երեք աղջիկ ծնուեցան։
  • 3Եւ նորա խաշինքն էին՝ եօթը հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարիւր լուծ եզ եւ հինգ հարիւր մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ. Եւ այդ մարդը բոլոր արեւելցիներից մեծ էր։
  • 4Եւ նորա որդիքը գնում եւ խնջոյք էին անում տանը՝ ամեն մէկն իր օրին. Եւ մարդ էին ուղարկում եւ կանչում իրանց երեք քոյրերին, որ իրանց հետ ուտեն եւ խմեն։
  • 5Եւ երբոր խնջոյքի օրերը լրանում էին, այն ժամանակ Յոբն ուղարկում՝ նորանց սրբում էր. Եւ առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում նորանց ամենի թիւովը. Որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ։
  • 7Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
  • 8Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։
  • 9Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ.
  • 10Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։
  • 11Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։
  • 12Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չ’երկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։
  • 13Եւ եղաւ որ մի օր նորա որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը։
  • 14Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս,
  • 15Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
  • 16Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
  • 17Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
  • 18Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը.
  • 19Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
  • 20Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,
  • 21Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
  • 22Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չ’տուաւ։
← Ցանկ