ԵՍԹԵՐ1
- 1Եւ Ասուերոսի՝ այսինքն Հնդկաստանից մինչեւ Եթովպիոյ հարիւր քսանեւեօթը գաւառի վերայ թագաւորող Ասուերոսի, օրերումն եղաւ,
- 2Որ այն օրերումը երբոր Ասուերոս թագաւորը նստած էր իր աթոռի վերայ, որ Շուշան մայրաքաղաքումն է,
- 3Իր թագաւորութեան երրորդ տարին խնջոյք արաւ իր իշխանների եւ ծառաների համար, երբոր Պարսից եւ Մարաց զօրքը, նախարարները եւ գաւառների իշխանները նորա առաջին էին,
- 4Ցոյց տալով իր թագաւորութեան մեծ հարստութիւնը եւ իր մեծութեան փառաւոր շքեղութիւնը շատ օրեր՝ այսինքն հարիւր ութսուն օր։
- 5Եւ երբոր այն օրերը լրացան, այն ժամանակ թագաւորը Շուշան մայրաքաղաքում գտնուող բոլոր ժողովրդի համար մեծից մինչեւ փոքրի համար խնջոյք արաւ եօթն օր թագաւորական պալատի պարտէզի գաւիթումը.
- 6Սպիտակ բեհեզներից և կերպասից ու կապուտակից վարագոյրներ՝ որ պնդացրած էին բարակ քթանի եւ ծիրանեգոյնի լարերով, արծաթի օղակներով մարմարիոնի սիւներից, ոսկի եւ արծաթի նստարաններ կային զմրխտաքարի եւ սպիտակ մարմարիոնի, աղաբաստրի եւ սեւ մարմարիոնի սալայատակի վերայ։
- 7Եւ խմելիքները տրվում էին ոսկի անօթներով, եւ անօթները միմիանցից տարբեր էին. Եւ թագաւորի գինին առատ էր ինչպէս որ թագաւորին կ’վայելէ։
- 8Եւ խմելը կանոնաւոր էր, բռնադատող չ’կար. Որովհետեւ թագաւորն այսպէս էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նորանք ամեն մէկի ուզածին պէս անեն։
- 9Վաշթի թագուհին էլ կանանց խնջոյք արաւ Ասուերոս թագաւորի պալատումը։
- 10Եօթներորդ օրը՝ երբոր թագաւորի սիրտը գինիով զուարթացել էր, ասեց այն եօթը ներքինիներին՝ Մէհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին եւ Քարքասին, որ ծառայում էին Ասուերոս թագաւորի առաջին,
- 11Որ բերեն Վաշթի թագուհիին արքայական թագով թագաւորի առաջը, որ ժողովուրդներն ու իշխանները տեսնեն նորա գեղեցկութիւնը, որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։
- 12Բայց Վաշթի թագուհին մերժեց գնալ թագաւորի խօսքովը, որ ներքինիների ձեռով ասել էր. Եւ թագաւորը շատ բարկացաւ, եւ նորա բորբոքումը վառուեցաւ նորանում։
- 13Եւ թագաւորն ասեց ժամանակագէտ իմաստուններին. (որովհետեւ այսպէս են թագաւորի գործերը, որ բերում էր ամեն օրէնք եւ իրաւունք գիտացողների առաջը.
- 14Եւ նորա մերձաւորներն էին Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը, Պարսից եւ Մարաց եօթն իշխանները, որոնք տեսնում էին թագաւորի երեսը և նստում էին թագաւորութեան առաջին աստիճանում.)
- 15Օրէնքին համեմատ ի՞նչ պէտք է անել Վաշթի թագուհիին, որովհետեւ Ասուերոս թագաւորի հրամանը չ’կատարեց, որ ուղարկել էր ներքինիների ձեռով։
- 16Եւ Մեմուքանն ասեց թագաւորի եւ իշխանների առաջին. Վաշթի թագուհին ոչ թէ միայն թագաւորի դէմ է յանցանք գործել, այլ բոլոր իշխանների եւ այն բոլոր ազգերի դէմ, որ Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումն են։
- 17Որովհետեւ թագուհիի արարքը տարածուել է բոլոր կանանց մէջ, եւ նորանք անարգելու են իրանց մարդկանցն՝ ասելով թէ Ասուերոս թագաւորը հրամայեց Վաշթի թագուհիին բերել իր առաջը, բայց նա չ’գնաց։
- 18Եւ այսօր Պարսից եւ Մարաց տիկինները, որ լսեն թագուհիի արարքը, նոյնը պիտի ասեն թագաւորի ամեն իշխաններին. Եւ շատ անարգանք եւ խռովութիւն պիտի լինի։
- 19Եթէ թագաւորին հաճելի է, թող նորա կողմից հրովարտակ հրատարակուի եւ գրուի Պարսից եւ Մարաց օրէնքումը որ ետ չ’դառնայ, թէ Վաշթին Ասուերոս թագաւորի առաջը չ’գայ, եւ թագաւորը նորա թագուհութիւնը նորանից մի առաւել լաւին տայ։
- 20Եւ երբոր լսուի թագաւորի պատգամը, որ հրամայուած է նորա ընդարձակ բոլոր թագաւորութեան մէջ, այն ժամանակ բոլոր կնիկները պատիւ կ’տան իրանց մարդկանցը մեծիցը մինչեւ փոքրը։
- 21Եւ այս խօսքը հաճելի երեւեցաւ թագաւորին եւ իշխաններին, եւ թագաւորը Մեմուքանի խօսքին համեմատ արաւ։
- 22Եւ թագաւորը նամակներ ուղարկեց բոլոր գաւառներին՝ ամեն մէկ գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը, որ ամեն մարդ իր տան մէջ տէր լինի, եւ իր ժողովրդի լեզուովը խօսի։