Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ9
- 1Եւ Սաբայի թագուհին Սողոմոնի համբաւը լսելով՝ նորան խրթին հարցմունքներով փորձելու համար Երուսաղէմ եկաւ խիստ մեծ հանդէսով՝ խունկեր եւ շատ ոսկի եւ պատուական քարեր բեռնած ուղտերով, եւ գնաց Սողոմոնի մօտ, եւ նորա հետ խօսեց իր սրտումը եղած բոլոր բաները։
- 2Եւ Սողոմոնը մեկնեց նորա համար նորա ամեն խօսքերը. Եւ Սողոմոնի համար մէկ գաղտնի բան չ’կար, որ նա չ’մեկնէր նորա համար։
- 3Եւ Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստութիւնը եւ նորա շինած տունը.
- 4Եւ նորա սեղանի կերակուրը, նորա ծառաների նստելը եւ նորա սպասաւորների վեր կենալը, եւ նորանց հագուստները եւ նորա մատռուակները, եւ նորանց հագուստները, եւ նորա այն սանդուխքը, որով վեր էր գնում Տիրոջ տունը, եւ ուշը գլխիցը գնաց։
- 5Եւ ասեց թագաւորին. Ճշմարիտ է այն խօսքը որ լսել եմ իմ երկրումը քո խօսքերի եւ քո իմաստութեան համար։
- 6Եւ չէի հաւատում նորանց խօսքերին, մինչեւ որ եկայ եւ իմ աչքերը տեսան. Եւ ահա ինձ չէ պատմուել քո շատ իմաստութեան կէսը. Դու գերազանց ես այն համբաւիցը, որ ես լսել եմ։
- 7Երանի քո այս մարդկանցը եւ երանի քո այս ծառաներին, որ միշտ քո առաջին կանգնած են եւ լսում են քո իմաստութիւնը։
- 8Քո Եհովայ Աստուածը օրհնեալ լինի, որ քեզ հաւանեց, որ քեզ թագաւոր դնէ իր աթոռի վերայ քո Եհովայ Աստուծոյ համար. Քո Աստուածը Իսրայէլին սիրեց որ նորան յաւիտեան հաստատէ, եւ քեզ նորանց վերայ թագաւոր դրաւ իրաւունք եւ արդարութիւն անելու։
- 9Եւ նա թագաւորին հարիւր քսան տաղանդ ոսկի եւ խիստ շատ խունկ եւ պատուական քարեր տուաւ. Եւ այնպիսի խունկ՝ որ Սաբայի թագուհին տուաւ Սողոմոն թագաւորին, չէ եղած։
- 10Եւ Քիրամի ծառաները եւ Սողոմոնի ծառաներն էլ, որ Ոփիրից ոսկի էին բերում, ալմուգ փայտեր եւ պատուական քարեր էլ բերին։
- 11Եւ թագաւորն այն ալմուգ փայտերից Տիրոջ տան համար եւ թագաւորի տան համար աստիճաններ շինեց, եւ երգիչների համար քնարներ եւ տաւիղներ, եւ նորանց պէս նորանից առաջ չէր տեսնուած Յուդայի երկրումը։
- 12Եւ Սողոմոն թագաւորը տուաւ Սաբայի թագուհիին բոլոր նորա փափաքածը, որ ուզեց բացի այն որ ինքը բերել էր թագաւորի համար. Եւ նա ետ դառաւ գնաց իր երկիրը ինքը եւ իր ծառաները։
- 13Եւ մէկ տարուայ միջոցին Սողոմոնի համար եկած ոսկիի կշիռն էր վեց հարիւր վաթսունեւվեց տաղանդ ոսկի։
- 14Բացի այն որ առեւտուր անողները եւ վաճառականները բերում էին, եւ բացի այն ոսկիից եւ արծաթից որ Արաբացիների թագաւորները եւ երկրի նախարարները բերում էին Սողոմոնի համար։
- 15Եւ Սողոմոն թագաւորը երկու հարիւր վահան շինեց կռածոյ ոսկիից. Վեց հարիւր սիկղ կռածոյ ոսկի գնաց իւրաքանչիւր վահանի համար։
- 16Եւ երեք հարիւր ասպար կռածոյ ոսկիից. երեք հարիւր սիկղ ոսկի գնաց իւրաքանչիւր ասպարի համար. Եւ թագաւորը դրաւ դորանց Լիբանանի անտառի տանը։
- 17Եւ թագաւորը մի փղոսկրեայ մեծ աթոռ շինեց եւ նորան մաքուր ոսկիով պատեց։
- 18Եւ այն աթոռը վեց աստիճան եւ մէկ ոսկի պատուանդան ունէր աթոռին կցուած. Եւ նստելու տեղը այս եւ այն կողմից յենարաններ ունէր. Եւ երկու առիւծներ կային այդ յենարանների մօտ։
- 19Եւ տասնեւերկու առիւծներ էին կանգնած այնտեղ վեց աստիճանների վերայ այս եւ այն կողմից. Այսպիսի բան չէր շինուած ոչ մի թագաւորութիւնում։
- 20Եւ Սողոմոն թագաւորի բոլոր խմելիքի անօթները եւ Լիբանանի անտառի տան անօթները մաքուր ոսկիից էին, արծաթից չէին, Սողոմոնի օրերին նա մի բան չէր համարվում։
- 21Որովհետեւ թագաւորը նաւեր ունէր, որ Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. Երեք տարին մէկ անգամ գալիս էին Թարսիսի նաւերը՝ բեռնուած ոսկիով եւ արծաթով, փղոսկրով, կապիկներով եւ սիրամարգներով։
- 22Եւ մեծացաւ Սողոմոն թագաւորը երկրի բոլոր թագաւորներից հարստութիւնով եւ իմաստութիւնով։
- 23Եւ երկրի բոլոր թագաւորները փափաքում էին Սողոմոնի երեսին, որ լսեն նորա այն իմաստութիւնը որ տուել էր նորա սրտին։
- 24Եւ նորանց ամեն մէկը բերում էր իր ընծան արծաթի անօթներ եւ ոսկի անօթներ, հանդերձներ, զէնք եւ խնկեղէններ, ձիեր եւ ջորիներ տարուց տարի։
- 25Եւ Սողոմոնը ձիերի եւ կառքերի համար չորս հազար ախոռ ունէր, եւ տասնեւերկու հազար ձիաւոր. Եւ նա նորանց դրաւ կառքերի քաղաքներում եւ թագաւորի մօտ Երուսաղէմում։
- 26Եւ նա թագաւորում էր բոլոր թագաւորների վերայ Եփրատ գետիցը մինչեւ Փղշտացիների երկիրը, եւ մինչեւ Եգիպտոսի սահմանը։
- 27Եւ թագաւորը արծաթը Երուսաղէմում քարի նման հասարակ բան շինեց, եւ եղեւնափայտը դաշտի մոլաթզենիի պէս շատ արաւ։
- 28Եւ Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից եւ ամեն երկիրներից։
- 29Եւ Սողոմոնի առաջին ու վերջին գործերի մնացորդը, ահա նորանք գրուած են Նաթան մարգարէի պատմութիւնումը, եւ Սիլօնացի Աքիայի մարգարէութիւնումը, եւ Ադդով տեսանողի Նաբատեան Յերոբովամի վերայ գրած տեսիլքներումը։
- 30Եւ Սողոմոնը թագաւորութիւն արաւ Երուսաղէմում բոլոր Իսրայէլի վերայ քառասուն տարի։
- 31Եւ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Ռոբովամը թագաւոր եղաւ նորա տեղ։