Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ35
  • 1Եւ Յովսիան Երուսաղէմումը զատիկ արաւ Տիրոջ համար. Եւ զատիկը մորթեցին առաջին ամսի տասնեւչորսին։
  • 2Եւ նա կանգնեցրեց քահանաներին իրանց պահպանութիւնների վերայ, եւ նորանց քաջալերեց Տիրոջ տան ծառայութիւնն անելու։
  • 3Եւ ասեց բոլոր Իսրայէլին սովորեցնող՝ Տիրոջը նուիրուած Ղեւտացիներին. Սուրբ տապանակը դրէք այն տանը, որ շինեց Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնը. Ձեզ պէտք չէ, որ նա ուսի վերայ բեռ լինի. Հիմա դուք ծառայեցէք ձեր Տէր Աստուծուն եւ նորա Իսրայէլ ժողովրդին.
  • 4Եւ պատրաստ եղէք ազգատոհմերովը ձեր դասակարգութիւնների համեմատ Իսրայէլի թագաւոր Դաւիթի գրածին եւ նորա որդի Սողոմոնի գրածին պէս.
  • 5Եւ կանգնեցէք սրբարանումը ազգատոհմերի բաժանմունքների համեմատ ձեր եղբայրների՝ ժողովրդի որդկանց համար եւ Ղեւտացիների ազգատոհմերի դասակարգների համեմատ.
  • 6Եւ մորթեցէք զատիկը եւ սրբուեցէք, եւ պատրաստեցէք ձեր եղբայրների համար, որ Մովսէսի ձեռքով խօսուած Աստուծոյ խօսքին պէս անէք։
  • 7Եւ Յովսիան պարգեւեց բոլոր այնտեղ գտնուող ժողովրդի որդիներին համարով հօտերից երեսուն հազար գառն եւ այծի ձագ՝ բոլորը զատկի համար, եւ երեք հազար արջառ. Սորանք թագաւորի ստացուածքիցն էին։
  • 8Եւ իր իշխանները պարգեւեցին յօժարութեամբ ժողովրդին, քահանաներին եւ Ղեւտացիներին. Աստուծոյ տան իշխանները՝ Քեղկիան, Զաքարիան եւ Յեքիէլը տուին քահանաներին զատկի համար երկու հազար վեց հարիւր գառն եւ երեք հարիւր արջառ։
  • 9Եւ Քոնոնիան ու նորա եղբայրները Սեմայիան եւ Նաթանայէլը եւ Ղեւտացիների իշխանները՝ Ասաբիան, Յէիէլը եւ Յովզաբադը պարգեւեցին Ղեւտացիներին զատկի համար հինգ հազար գառն, եւ հինգ հարիւր արջառ։
  • 10Եւ պաշտօնը պատրաստուեցաւ. Եւ քահանաները կանգնեցին իրանց կանգնելու տեղը եւ Ղեւտացիներն իրանց դասակարգութիւնների համեմատ՝ թագաւորի պատուէրին պէս։
  • 11Եւ մորթեցին զատիկը, եւ քահանաները սրսկում էին նորանց ձեռքիցը, իսկ Ղեւտացիները մաշկում էին։
  • 12Եւ ջոկում էին ողջակէզացուները, որ տան՝ ժողովրդի որդկանցը ազգատոհմերի բաժանմունքների համեմատ Տիրոջը մատուցանելու համար՝ ինչպէս որ գրուած է Մովսէսի գրքումը. Եւ այսպէս էլ արջառներին։
  • 13Եւ զատիկը խորովեցին կրակով կանոնին համեմատ, բայց նուէրներն եփեցին կաթսաներում, սաներում եւ տապակներում, եւ շուտով հասցրին ժողովրդի բոլոր որդկանցը։
  • 14Եւ յետոյ պատրաստեցին իրանց համար եւ քահանաների համար, որովհետեւ Ահարօնի որդիքը քահանաները մինչեւ գիշերը ողջակէզներն ու ճարպերն էին մատուցանում. Իսկ Ղեւտացիները պատրաստեցին իրանց համար եւ Ահարօնի որդկանց՝ քահանաների համար։
  • 15Եւ Ասափի որդկանց երգեցողները կանգնել էին իրանց կանգնելու տեղը Դաւիթի, Ասափի, Եմանի եւ թագաւորական տեսանող Իդիթունի պատուէրին համեմատ, եւ դռնապաններն էլ ամեն մէկ դռան վերայ. Նորանց պէտք չէր որ իրանց պաշտօնիցը հեռանային, որովհետեւ իրանց եղբայրները Ղեւտացիները պատրաստում էին նորանց համար։
  • 16Այսպէս պատրաստուեցաւ այն օրը Տիրոջ բոլոր պաշտօնը որ զատիկը կատարեն եւ ողջակէզներ մատուցանեն Տիրոջ սեղանի վերայ՝ Յովսիա թագաւորի պատուէրին պէս։
  • 17Եւ այնտեղ գտնուող Իսրայէլի որդիքն այն ժամանակ կատարեցին զատիկը եւ բաղարջակերաց տօնը եօթն օր։
  • 19Յովսիայի թագաւորութեան տասնեւութերորդ տարին կատարուեցաւ այս զատիկը։
  • 20Այս ամենից յետոյ որ Յովսիան կարգադրեց Աստուծոյ տունը, վեր եկաւ Եգիպտոսի Նեքաւով թագաւորը Եփրատի մօտ եղող Քարքամիսի դէմ պատերազմելու. Եւ Յովսիան դուրս եկաւ նորա դէմ։
  • 21Բայց նա պատգամաւորներ ուղարկեց նորա մօտ ասելով. Դու ինձ հետ ի՞նչ գործ ունիս, ով Յուդայի թագաւոր. Ես այսօր քեզ դէմ չեմ, այլ ինձ հետ պատերազմողի տան դէմ. Եւ Աստուած հրամայել է ինձ որ շտապեմ. Ետ քաշուիր ինձ հետ եղող Աստուածանից, որ քեզ չ’փչացնէ։
  • 22Սակայն Յովսիան երեսը նորանից չ’շրջեց, այլ նորա հետ պատերազմելու համար հագուստը փոխեց, եւ չ’լսեց Աստուծոյ բերանից դուրս եկած Նեքաւովի խօսքին, եւ գնաց Մակեդդովի հովիտը որ պատերազմէ։
  • 23Եւ աղեղնաւորները նետով զարկեցին Յովսիա թագաւորին. Եւ թագաւորն ասեց իր ծառաներին. Ինձ տարէք, որովհետեւ սաստիկ վիրաւորուած եմ։
  • 24Եւ նորա ծառաները նորան տարին կառքիցը եւ նորան հեծեցրին նորա երկրորդ կառքի վերայ եւ նորան բերին Երուսաղէմ, եւ նա մեռաւ եւ թաղուեցաւ իր հայրերի գերեզմանատան. Եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմը սուգ արին Յովսիայի վերայ։
  • 25Եւ Երեմիան ողբ ասեց Յովսիայի վերայ. Եւ բոլոր երգիչներն ու երգչուհիները յիշում են Յովսիային իրանց ողբերումը մինչեւ այսօր. Եւ նորանց սովորութիւն շինեցին Իսրայէլի համար. Եւ ահա նորանք գրուած են ողբերումը։
  • 26Եւ Յովսիայի մնացորդ պատմութիւնը եւ նորա բարեգործութիւնները, որ արաւ Տիրոջ օրէնքումը գրուածին համեմատ,
  • 27Եւ նորա առաջին եւ վերջին պատմութիւնը, ահա գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը։
← Ցանկ