Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ33
- 1Մանասէն տասնեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը։
- 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց քշել էր Եհովան Իսրայէլի որդկանց առաջից։
- 3Եւ դարձեալ շինեց այն բարձրաւանդակները, որ քանդել էր նորա հայր Եզեկիան. Եւ Բահաղիմի համար սեղաններ կանգնեցրեց, եւ Աստարովթներ շինեց, եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արաւ, եւ նորանց ծառայեց։
- 4Եւ սեղաններ շինեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր թէ Իմ անունը Երուսաղէմումը լինի յաւիտեան։
- 5Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։
- 6Եւ նա իր որդիներին անցկացրեց կրակով Ենովմի որդիի ձորումը, եւ գուշակութիւն, հմայութիւն եւ դիւթութիւն էր անում, եւ մեռելահարցուկներ եւ նշանագէտներ շինեց. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, եւ նորան բարկացրեց։
- 7Եւ իր շինած քանդակած կուռքը դրաւ Աստուծոյ տանը, որի համար Աստուած ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։
- 8Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չ’շարժեցնեմ այն երկրիցը, որի մէջ հաստատեցի ձեր հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածը՝ այն բոլոր օրէնքը եւ պատուիրանքը եւ իրաւունքները՝ Մովսէսի ձեռքով տրուած։
- 9Եւ Մանասէն մոլորեցրեց Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին, որ այն ազգերից աւելի չարութիւն անեն, որոնց փչացրեց Տէրը Իսրայէլի որդկանց առաջին։
- 10Եւ Տէրը խօսեց Մանասէի եւ նորա ժողովրդի հետ. Բայց նորանք ականջ չ’դրին։
- 11Եւ Տէրը նորանց վերայ բերաւ Ասորեստանի թագաւորի զօրագլուխներին, եւ նորանք բռնեցին Մանասէին կարթերով, եւ նորան կապեցին զոյգ ոտնակապերով եւ տարին Բաբիլոն։
- 12Եւ երբոր նեղութեան մէջ էր, խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը։
- 13Եւ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. Եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է Աստուած։
- 14Եւ սորանից յետոյ մի պարիսպ շինեց Դաւիթի քաղաքից դուրս Գեհոնի արեւմտեան կողմում հեղեղատումը եւ մինչեւ Ձկանց դռան մուտքը, եւ Ոփաղը շրջապատելով՝ նորան շատ բարձրացրեց. Եւ Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը զօրքի իշխաններ դրաւ։
- 15Եւ Տիրոջ տանից հեռացրեց օտար աստուածները եւ կուռքը, եւ բոլոր այն սեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան սարի վերայ եւ Երուսաղէմումը եւ քաղաքիցը դուրս գցեց նորանց։
- 16Եւ շինեց Տիրոջ սեղանը եւ նորա վերայ զոհեց խաղաղութեան եւ շնորհակալութեան զոհեր. Եւ պատուիրեց Յուդային, որ Իսրայէլի Տէր Աստուծուն ծառայեն։
- 17Սակայն ժողովուրդը տակաւին զոհում էր բարձրաւանդակների վերայ թէեւ իրանց Տէր Աստուծոյ համար։
- 18Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա աղօթքը դէպի Աստուած, եւ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունով նորա խօսող տեսանողների խօսքերը, ահա նորանք Իսրայէլի թագաւորների պատմութեան մէջ են։
- 19Եւ նորա աղօթքը, եւ նորա ընդունուիլը, եւ նորա բոլոր մեղքը եւ անօրէնութիւնը, եւ այն տեղերը, ուր որ բարձրաւանդակներ էր շինել եւ Աստարովթներ ու կուռքեր կանգնեցրել իր խոնարհուելուցն առաջ, ահա դորանք գրուած են Հոզայի յիշատակարանումը։
- 20Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր տանը, եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։
- 21Ամոնը քսանեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը։
- 22Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, ինչպէս որ արել էր իր հայր Մանասէն, եւ այն ամեն կուռքերին, որոնք իր հայր Մանասէն շինել էր, Ամոնը զոհեր մատուցրեց եւ նորանց ծառայեց։
- 23Եւ չ’խոնարհուեցաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ իր հայր Մանասէն էր խոնարհուել, այլ այս Ամոնը յանցանքը աւելացրեց։
- 24Եւ նորա ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ նորան սպանեցին իր տանը։
- 25Եւ երկրի ժողովուրդը զարկեց Ամոն թագաւորի դէմ դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։