Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ32
  • 1Այս գործերից եւ հաւատարմութիւնից յետոյ եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը եւ մտաւ Յուդայի երկիրը, եւ բանակ տուաւ պարսպաւոր քաղաքների վերայ եւ մտածում էր որ առնէ նորանց։
  • 2Եւ երբոր Եզեկիան տեսաւ որ Սենեքերիմը եկել է եւ դիտաւորութիւնն է պատերազմել Երուսաղէմի հետ,
  • 3Այն ժամանակ խորհուրդ արաւ իր իշխանների եւ զօրաւորների հետ, որ փակէ քաղաքի դրսումը եղող աղբիւրների ջրերը. Եւ նորանք օգնեցին նորան։
  • 4Եւ շատ ժողովուրդ ժողովուեցաւ, եւ փակեցին բոլոր աղբիւրները եւ երկրի միջովն անցնող հեղեղատը, ասելով. Ի՞նչու համար գան Ասորեստանի թագաւորները եւ շատ ջուր գտնեն։
  • 5Եւ ուժովացաւ Եզեկիան, եւ շինեց բոլոր քանդուած պարիսպներն ու աշտարակները բարձրացրեց, եւ դրսիցը մէկ ուրիշ պարիսպ շինեց եւ նորոգեց Դաւիթի քաղաքում եղող Մելօնը. Եւ շատ զէնքեր եւ ասպարներ շինեց։
  • 6Եւ պատերազմի զօրապետներ դրաւ ժողովրդի վերայ, եւ նորանց ժողովեց քաղաքի դռան հրապարակն իր մօտ եւ քաղցրութեամբ խօսեց նորանց հետ ասելով.
  • 7Զօրացէք եւ քաջացէք, մի վախենաք եւ մի զարհուրիք Ասորեստանի թագաւորի երեսիցը եւ նորա հետ եղող բոլոր բազմութեան երեսիցը, որովհետեւ մեզ հետ եղողները աւելի շատ են նորա հետ եղողներից։
  • 8Նորա հետ կայ մարմնեղէն բազուկ, իսկ մեզ հետ է մեր Աստուածը՝ Եհովան որ մեզ օգնէ եւ մեր պատերազմները պատերազմէ. Եւ ժողովուրդը վստահացաւ Յուդայի թագաւոր Եզեկիայի խօսքերի վերայ։
  • 9Սորանից յետոյ Ասորեստանի թագաւորը՝ Սենեքերիմն իր ծառաներին Երուսաղէմ ուղարկեց, երբոր ինքը եւ իր բոլոր զօրքն իրան հետ Լաքիսի դիմացն էր, Յուդայի Եզեկիա թագաւորի եւ Երուսաղէմում եղող բոլոր Յուդայի մօտ ասելով.
  • 10Այսպէս է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը. Դուք ինչի՞ էք ապաւինել եւ նստել Երուսաղէմ բերդումը։
  • 11Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որ ձեզ սովի եւ ծարաւութեան մահի մատնէ ասելով թէ Մեր Աստուածը Եհովան մեզ ազատելու է Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։
  • 12Չէ՞ որ նա ինքը Եզեկիան հեռացրեց նորա բարձրաւանդակները եւ սեղանները եւ ասեց Յուդային ու Երուսաղէմին թէ Մէկ սեղանի առաջին երկրպագութիւն արէք, եւ նորա վերայ խունկ ծխեցէք։
  • 13Դուք գիտէք թէ ինչ արինք ես եւ իմ հայրերը երկիրների ժողովուրդներին. Մի՞թէ կարողացան այն երկիրների ազգերի աստուածները նորանց երկիրն ազատել իմ ձեռքից։
  • 14Իմ հայրերի բնաջինջ արած ազգերի բոլոր աստուածների ո՞րն է որ կարողացաւ իր ժողովուրդն ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստուածը կարողանայ ձեզ ազատել իմ ձեռքից։
  • 15Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չ’խաբէ եւ ձեզ չ’մոլորեցնէ այդպէս. Եւ նորան մի հաւատաք, որովհետեւ ոչ մի ազգի եւ թագաւորութեան ոչ մի աստուածը չէ կարող իր ժողովուրդն ազատել իմ ձեռքից եւ իմ հայրերի ձեռքից, ուր մնաց ձեր Աստուածն, որ ձեզ չի ազատիլ իմ ձեռքից։
  • 16Եւ դեռ աւելի խօսեցին նորա ծառաները Տէր Աստուծոյ մասին եւ նորա ծառայ Եզեկիայի մասին։
  • 17Եւ Սենեքերիմը նամակներ գրեց Իսրայէլի Տէր Աստուծուն հայհոյելով եւ ասելով նորա մասին այսպէս. Ինչպէս որ երկիրների ազգերի աստուածներն իրանց ժողովուրդը չ’ազատեցին իմ ձեռքից, այսպէս էլ Եզեկիայի Աստուածը չի ազատիլ իր ժողովրդին իմ ձեռքից։
  • 18Եւ մեծ ձայնով կանչեցին Եբրայեցերէն դէպի Երուսաղէմի ժողովուրդը, որ պարսպի վերայ էր, նորանց վախեցնելու եւ շփոթեցնելու համար, որ քաղաքն առնեն։
  • 19Եւ Երուսաղէմի Աստուծոյ վերայ խօսեցին ինչպէս երկրի ժողովուրդների աստուածների մասին, որոնք մարդի ձեռքի գործ են։
  • 20Եւ Եզեկիա թագաւորը եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն աղօթք արին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։
  • 21Եւ Եհովան մի հրեշտակ ուղարկեց եւ բնաջինջ արաւ ամեն քաջ զօրաւորին, զօրավարին եւ իշխանին Ասորեստանի թագաւորի բանակումը. Եւ նա ամօթով ետ դառաւ իր երկիրը. Եւ մտաւ իր աստուծոյ տունը, եւ նորա երանքից դուրս եկած որդիքը նորան այնտեղ սրով սպանեցին։
  • 22Եհովան այսպէս ազատեց Եզեկիային եւ Երուսաղէմի բնակիչներին Ասորեստանի Սենեքերիմ թագաւորի եւ բոլորի ձեռքից, եւ նորանց պաշտպանեց ամեն կողմանէ։
  • 23Եւ շատերը ընծաներ էին բերում Երուսաղէմ Տիրոջ համար, եւ պատուական բաներ՝ Յուդայի Եզեկիա թագաւորի համար. Եւ նա բարձրացաւ բոլոր ազգերի աչքում սորանից յետոյ։
  • 24Այն ժամանակները Եզեկիան հիւանդացաւ մերձ ’ի մահ, եւ աղօթք արաւ Տիրոջը. Եւ նա խօսեց նորա հետ եւ մի նշան տուաւ նորան։
  • 25Բայց Եզեկիան իր վերայ եղած բարերարութեան համեմատ չ’հատուցրեց, որովհետեւ սիրտը հպարտացաւ, եւ բարկութիւն եկաւ նորա վերայ, Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
  • 26Սակայն խոնարհուեցաւ Եզեկիան իր սրտի հպարտութեան համար՝ ինքը եւ Երուսաղէմի բնակիչները. Վասն որոյ եւ Տիրոջ բարկութիւնը չ’եկաւ նորանց վերայ Եզեկիայի օրերումը։
  • 27Եւ Եզեկիան խիստ շատ հարստութիւն եւ փառք ունեցաւ, եւ իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկիի, պատուական քարերի, խնկեղէնների, ասպարների եւ ամեն տեսակ ցանկալի անօթների համար։
  • 28Եւ շտեմարաններ ցորենի, գինիի եւ իւղի բերքերի համար, եւ ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար, եւ փարախներ հօտերի համար։
  • 29Եւ իր համար քաղաքներ շինեց, եւ շատ ոչխարներ ու արջառներ ունեցաւ. Որովհետեւ Աստուած նորան խիստ շատ ստացուածք էր տուել։
  • 30Եւ այս Եզեկիան խցկեց Գեհոնի վերի ջրանցքը, եւ նորան ուղղեց դէպի Դաւիթի քաղաքի արեւմտեան ցած կողմը։ Եւ Եզեկիան յաջողութիւն գտաւ իր բոլոր գործքումը։
  • 31Եւ այսպէս Բաբիլոնի իշխանների դեսպանների մօտ, որ ուղարկել էին նորա մօտ այն նշանի համար հարցնելու որ երկրի մէջ եղել էր, Աստուած նորան թող տուաւ նորան փորձելու համար, որ նորա սրտինը բոլորն իմանայ։
  • 32Եւ Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա առաքինութիւնները, ահա գրուած են Ամովսի որդի Եսայիա մարգարէի տեսիլքների գրքումը, և Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։
  • 33Եւ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ եւ նորան թաղեցին Դաւիթի որդկանց գերեզմաններումը. Եւ պատիւ արին նորան նորա մահուան ժամանակին բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները։ Եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ