Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ31
  • 1Եւ երբոր այս ամենը վերջացաւ, դուրս եկան այնտեղ գտնուող բոլոր Իսրայէլացիները դէպի Յուդայի քաղաքները, եւ կոտրատեցին արձանները, եւ Աստարովթները կտորեցին, եւ քանդեցին բարձրաւանդակները եւ սեղանները բոլոր Յուդայից, Բենիամինից, Եփրեմից ու Մանասէից մինչեւ որ վերջացրին։ Եւ Իսրայէլի բոլոր որդիքը ետ դառան ամեն մէկն իր կալուածքը իրանց քաղաքները։
  • 2Եւ Եզեկիան հաստատեց քահանաների եւ Ղեւտացիների դասակարգերի համեմատ ամեն մէկին իր պաշտօնին համեմատ, թէ քահանաներին թէ Ղեւտացիներին ողջակէզների եւ խաղաղութեան զոհերի համար, որ Տիրոջ բանակի դռներումը ծառայեն, գոհանան եւ օրհնաբանեն։
  • 3Եւ որոշեց թագաւորի բաժինը իր ստացուածքիցը ողջակէզների համար՝ առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների համար, եւ շաբաթների, ամիսների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս որ գրուած է Տիրոջ օրէնքումը։
  • 4Եւ հրամայեց Երուսաղէմումը բնակող ժողովրդին, որ քահանաների եւ Ղեւտացիների բաժինը տան, որպէս զի հաստատ մնան Տիրոջ օրէնքումը։
  • 5Եւ երբոր այս բանը տարածուեցաւ, այն ժամանակ Իսրայէլի որդիքը առատօրէն բերին ցորենի, գինիի, իւղի, մեղրի եւ բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը, եւ ամեն բանի տասանորդը առատութեամբ տարին։
  • 6Եւ Յուդայի քաղաքներում բնակող Իսրայէլի եւ Յուդայի որդիքը՝ նորանք էլ արջառների եւ ոչխարների տասանորդները եւ իրանց Տէր Աստուծուն նուիրած սուրբ բաների տասանորդները բերին եւ կուտակ կուտակ արին։
  • 7Երրորդ ամսումը սկսեցին դնել կուտակները եւ եօթներորդ ամսումը վերջացրին։
  • 8Եւ Եզեկիան եւ այն իշխաններն եկան եւ տեսան կուտակները, եւ օրհնեցին Տիրոջը եւ նորա Իսրայէլ ժողովրդին։
  • 9Եւ Եզեկիան հարցրեց քահանաներից եւ Ղեւտացիներից կուտակների մասին։
  • 10Եւ Սադովկի տունիցը եղող քահանայապետ Ազարիան նորան պատասխանեց եւ ասեց. Այն ժամանակից որ սկսել են ընծաները բերել Տիրոջ տունը, կերել եւ կշտացել ենք, եւ խիստ շատ աւելացել է, որովհետեւ Տէրը օրհնել է իր ժողովրդին. Եւ աւելորդը այս առատութիւնն է։
  • 11Եւ Եզեկիա հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. Եւ նորանք պատրաստեցին։
  • 12Եւ այնտեղ բերին ընծան, տասանորդը եւ նուէրները ճշդութեամբ. Եւ նորանց վերակացուն Ղեւտացի Քոնոնիան էր, եւ նորա եղբայրը Սեմէի՝ փոխանորդ։
  • 13Եւ Յեքիէլը, Ազազիան, Նահաթը, Ասայէլը, Յերիմովթը, Յովզաբադը, Եղիէլը, Յեսմաքիան, Մաաթը եւ Բանեան վերակացուներ էին՝ Քոնոնիայի եւ նորա եղբայր Սեմէիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագաւորի եւ Աստուծոյ տան առաջնորդ Ազարիայի հրամանովը։
  • 14Եւ Ղեւտացի Յեմնայի որդի Կովրէն արեւելեան կողմի դռնապանն էր Աստուծոյ կամաւոր ընծաների վերայ, որ Տիրոջ բարձրացնելու ընծան եւ ամենասուրբ բաները տար։
  • 15Եւ նորա մօտ էին Եդենը, Մինիամինը, Յեսուն, Սեմայիան, Ամարիան եւ Սեքենիան քահանաների քաղաքներումը հաւատարմութեամբ գործողներ, որ տային իրանց եղբայրներին կարգին համեմատ թէ մեծին թէ փոքրին.
  • 16Բացի ազգահամարում գրուած երեք տարեկանից եւ վեր եղող արուներից, այսինքն այն բոլորից որ գալիս են Տիրոջ տունը ամենօրեայ գործով իրանց պաշտօնի համար, իրանց ծառայութիւններովն իրանց դասակարգութիւնների համեմատ.
  • 18Եւ ազգահամարում գրուած նորանց ամեն ընտանիքներին՝ կանանցը, տղերանցը եւ աղջկերանցը՝ բոլոր ժողովքին. Որովհետեւ իրանց հաւատարմութեամբը սրբուեցան սրբութեան համար։
  • 19Եւ նորանց քաղաքների արուարձանների արտերումն եղող Ահարօնի որդիք քահանաների համար ամեն մէկ քաղաքներում իրանց անուններովը յիշուած մարդիկ էին նշանակուած, որ բաժիններ տային քահանաների մէջ արուներին եւ Ղեւտացիների ազգահամարում գրուածներին։
  • 20Եւ այսպէս արաւ Եզեկիան բոլոր Յուդայումը. Եւ իր Տէր Աստուծոյ առաջին բարի, ուղիղ եւ ճշմարիտ եղածն արաւ։
  • 21Եւ իր ամեն գործքումը, որ սկսեց, թէ Աստուծոյ տան ծառայութեան վերաբերմամբ, եւ թէ օրէնքի եւ պատուիրանքի նկատմամբ, իր Աստուծուն խնդրելով իր բոլոր սրտովն արաւ եւ յաջողուեց։
← Ցանկ