Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ3
  • 1Եւ Սողոմոնն սկսեց շինել Տիրոջ տունը Երուսաղէմում Մօրիա սարի վերայ, ուր որ երեւեցաւ նորա հայր Դաւիթին այն տեղի վերայ որ Դաւիթը պատրաստել էր Յեբուսացի Ոռնայի կալումը։
  • 2Եւ նա սկսեց շինել իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսի երկուսին։
  • 3Եւ այս է Սողոմոնի դրած հիմը Աստուծոյ տունը շինելու համար. Երկայնութիւնը նախնի չափով վաթսուն կանգուն, եւ լայնութիւնը քսան կանգուն։
  • 4Եւ առաջի սրահի երկայնութիւնը տան լայնութեան համեմատ քսան կանգուն էր, եւ բարձրութիւնը հարիւրեւքսան. Եւ նորան պատեց ներսիցը մաքուր ոսկիով։
  • 5Եւ մեծ տունը ծածկեց մայր փայտերով, եւ նորան պատեց լաւ ոսկիով, եւ նորա վերայ հանեց արմաւենիներ եւ շղթաներ։
  • 6Եւ տունը պատեց պատուական ակունքներով շքեղութեան համար. Եւ ոսկին Փարուիմի ոսկի էր։
  • 7Եւ տան գերանները, սեմերը, նորա պատերը եւ նորա դռները ոսկիով պատեց, եւ պատերի վերայ քերովբէներ քանդակեց։
  • 8Եւ սրբութեանց սրբութիւնի տունը շինեց. Նորա երկայնութիւնը տան լայնութեան համեմատ՝ քսան կանգուն, եւ նորա լայնութիւնը՝ քսան կանգուն. Եւ նորան պատեց վեց հարիւր տաղանդ մաքուր ոսկիով։
  • 9Եւ բեւեռների կշիռը մինչեւ յիսուն սիկղ ոսկի էր. Եւ վերնատունները պատեց ոսկիով։
  • 10Եւ սրբութեանց սրբութիւնում երկու քանդակագործ քերովբէներ շինեց, եւ նորանց պատեց ոսկիով։
  • 11Եւ քերովբէների թեւերի երկայնութիւնը քսան կանգուն էր. Մէկ թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր տան պատին. Եւ միւս թեւը հինգ կանգուն էր որ դպչում էր միւս քերովբէի թեւին։
  • 12Եւ միւս քերովբէի մէկ թեւը հինգ կանգուն էր, որ դպչում էր տան պատին, եւ միւս թեւը՝ հինգ կանգուն որ կցուած էր միւս քերովբէի թեւին։
  • 13Այս քերովբէների տարածուած թեւերը քսան կանգուն էին, որ կանգնած էին իրանց ոտքերի վերայ, եւ նորանց երեսը դէպի տունն էր։
  • 14Եւ վարագոյրը շինեց կապուտակից, ծիրանեգոյնից, կարմիրից եւ բեհեզից, նորա վերայ քերովբէներ գործեց։
  • 15Եւ տան առաջին երկու սիւն շինեց՝ երեսունեւհինգ կանգուն երկայնութեամբ, եւ ամեն մէկի գլխի խոյակը հինգ կանգուն։
  • 16Եւ դաբիրի միջի պէս շղթաներ շինեց եւ դրաւ սիւների գլխներին, եւ հարիւր նուռ շինեց եւ անցրեց շղթաներին.
  • 17Եւ սիւները կանգնեցրեց տաճարի առաջը՝ մէկը աջ կողմին միւսը ձախ կողմին, եւ աջի անունը դրաւ Յաքին եւ ձախի անունը Բոոզ։
← Ցանկ