Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ28
  • 1Աքազ քսան տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ ուղղութիւն չ’արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս իր հայր Դաւիթը։
  • 2Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհներովը, եւ Բահաղիմների համար ձուլածոյ կուռքեր էլ շինեց։
  • 3Եւ Ենովմի որդիի ձորումը խունկ էր ծխում, եւ իր որդիներին կրակով այրեց այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը Իսրայէլի որդկանց առաջից քշել էր։
  • 4Եւ զոհ էր մատուցանում եւ խունկ ծխում բարձրաւանդակների վերայ եւ բլուրների վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։
  • 5Եւ նորա Տէր Աստուածը նորան մատնեց Ասորիների թագաւորի ձեռքը. Եւ նորանք զարկեցին նորան, եւ նորանից շատ գերիներ առան, եւ տարին Դամասկոս. Նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքն ընկաւ, եւ նա սորան մեծ հարուածով զարկեց։
  • 6Եւ Ռովմելայի որդի Փակէէն մէկ օրուան մէջ Յուդայում հարիւր քսան հազար մարդ սպանեց՝ ամենքն էլ քաջ զօրաւորներ, որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն։
  • 7Եւ Եփրեմի զօրաւորը Զեքրին սպանեց թագաւորի որդի Մաասիային, եւ պալատի հազարապետ Եզրիկամին, եւ թագաւորի փոխանորդ Եղկանային։
  • 8Եւ Իսրայէլի որդիքն իրանց եղբայրներից երկու հարիւր հազար կին, տղայ եւ աղջիկ գերի արին, նաեւ շատ աւար յափշտակեցին նորանցից, եւ աւարը բերին Սամարիա։
  • 9Եւ այնտեղ Տիրոջ մէկ մարգարէն կար Ովդեդ անունով, որ դուրս եկաւ Սամարիա մտնող զօրքի առաջը եւ նորանց ասեց. Ահա ձեր հայրերի Տէր Աստուածը Յուդայի վերայ բարկանալով նորանց ձեր ձեռքը մատնեց, եւ դուք նորանց սպանեցիք մի բարկութիւնով, որ մինչեւ երկինքը հասաւ։
  • 10Եւ հիմա մտածում էք որ Յուդայի եւ Երուսաղէմի որդկանցը ձեզ համար ծառաներ եւ աղախիններ անէք։ Մի՞թէ հէնց միայն ձեզ վերայ յանցանքներ չ’կան Տէր Աստուծոյ առաջին։
  • 11Եւ հիմա ինձ լսեցէք եւ ետ դարձրէք այդ գերիներին, որոնց դուք գերի էք արել ձեր եղբայրներից, որովհետեւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը ձեզ վերայ է։
  • 12Եւ Եփրեմի որդկանց իշխաններից վեր կացան այս մարդիկը՝ Յօհանանի որդի Ազարիան, Մեսեղամօթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան եւ Ադղիայի որդի Ամեսային պատերազմից եկողների դէմ.
  • 13Եւ ասեցին նորանց. Այդ գերիներին այստեղ մի բերէք. Որովհետեւ դուք մտածում էք, որ Տիրոջ առաջին մենք յանցաւոր լինելով, մեր մեղքերի եւ յանցանքների վերայ աւելացնէք, որովհետեւ մեր յանցանքը շատ է եւ սաստիկ բարկութիւն կայ Իսրայէլի վերայ։
  • 14Այն ժամանակ զինուորականները գերիներին եւ աւարը բաց թողեցին իշխանների եւ բոլոր ժողովքի առաջին։
  • 15Եւ այն մարդիկը վեր կացան որոնք անունով յիշուած էին, եւ առան գերիներին եւ նորանց բոլոր մերկերին հագցրին աւարիցը, եւ նորանց հանդերձներ եւ կօշիկներ հագցրին, եւ նորանց կերակրեցին եւ խմեցրին եւ իւղով օծեցին նորանց, եւ նորանց բոլոր տկարներին հեծցրին էշերի վերայ եւ տարին Երիքով Արմաւենեաց քաղաքը նորանց եղբայրների մօտ. Եւ ետ դառան Սամարիա։
  • 16Այն ժամանակ Աքազ թագաւորը պատգամ ուղարկեց Ասորեստանի թագաւորներին, որ իրան օգնեն։
  • 17Որովհետեւ Եդովմացիք դարձեալ եկել էին, եւ Յուդային զարկել եւ գերիներ էին գերի արել։
  • 18Եւ Փղշտացիներ էլ յարձակուեցան դաշտի եւ Յուդայի հարաւակողմի քաղաքների վերայ եւ առան Բեթսամիւսը, Այեղոնը, Գադերօթը, Սոքովը եւ նորա գիւղերը եւ Թամնան եւ նորա գիւղերը, եւ Գամզովը եւ նորա գիւղերը, եւ բնակվում էին այնտեղ։
  • 19Որովհետեւ Տէրը նկուն արաւ Յուդային Իսրայէլի թագաւոր Աքազի պատճառով, որովհետեւ նա անօրէնացաւ Յուդայի մէջ եւ ապստամբուեց Տիրոջ դէմ։
  • 21Որովհետեւ թէեւ Աքազը կողոպտեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը եւ իշխաններին եւ տուաւ Ասորեստանի թագաւորին, բայց նա նորան օգնութիւն չ’արաւ։
  • 22Եւ այն ժամանակ էլ որ նեղութեան մէջ էր, շարունակ մեղք էր գործում Տիրոջ դէմ դա՝ այդ Աքազ թագաւորը։
  • 23Եւ զոհեր էր մատուցանում Դամասկոսի աստուածներին որ իրան ջարդել էին, եւ ասում էր թէ Ասորիների թագաւորների աստուածներն օգնում են իրանց. Ես նորանց զոհեր մատուցանեմ որ ինձ օգնեն. Բայց նորանք իրան եւ բոլոր Իսրայէլին անկման պատճառ եղան։
  • 24Եւ Աքազը ժողովեց Աստուծոյ տան անօթները, եւ կոտրատեց Աստուծոյ տան անօթները, եւ գոցեց Տիրոջ տան դուռը. Եւ Երուսաղէմի բոլոր անկիւններումը սեղաններ շինեց։
  • 25Եւ Յուդայի ամեն մէկ քաղաքի մէջ բարձրաւանդակներ շինեց ուրիշ աստուածների խունկ ծխելու համար. Եւ բարկացրեց իրան հայրերի Տէր Աստուծուն։
  • 26Եւ նորա մնացորդ գործերը եւ նորա բոլոր ճանապարհները՝ առաջինները եւ վերջինները ահա նորանք գրուած են Յուդայի եւ Իսրայէլի թագաւորների գրքումը։
  • 27Եւ Աքազը ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Երուսաղէմ քաղաքումը. բայց նորան չ’տարին Իսրայէլի թագաւորների գերեզմանները. Եւ նորա որդի Եզեկիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ