Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ26
  • 1Եւ Յուդայի բոլոր ժողովուրդը առաւ Ոզիային որ այն ժամանակ տասնեւվեց տարեկան էր, եւ թագաւոր արին նորան իր հայր Ամասիայի տեղ։
  • 2Սա շինեց Ելաթը, եւ նորան ետ դարձրեց Յուդային երբոր թագաւորը իր հայրերի հետ ննջել էր արդէն։
  • 3Ոզիան տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յեքելիա՝ Երուսաղէմից։
  • 4Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, բոլորովին ինչպէս որ իր հայր Ամասիան արել էր։
  • 5Եւ խնդրում էր Աստուծուն Զաքարիայի օրերումը, որ Աստուծոյ տեսիլքներին հմուտ էր. Եւ քանի ժամանակ որ նա խնդրում էր Տիրոջը, Աստուած նորան յաջողութիւն էր տալիս։
  • 6Եւ նա դուրս եկաւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ եւ քանդեց Գէթի պարիսպը, Յաբնէի պարիսպը. Եւ Ազովտոսի ու Փղշտացիների երկրումը քաղաքներ շինեց։
  • 7Եւ Աստուած նորան օգնեց Փղշտացիների դէմ, Գուր-բահաղում բնակող Արաբացիների դէմ եւ Մաոնացիների դէմ։
  • 8Եւ Ամմոնացիք ընծաներ էին տալիս Ոզիային, եւ նորա անունը տարածուեցաւ մինչեւ Եգիպտոսի մուտքը, որովհետեւ նա շատ ուժովացաւ։
  • 9Եւ Ոզիան աշտարակներ շինեց Երուսաղէմումն Անկեան դռան վերայ, եւ Ձորի դռան վերայ եւ անկիւնումը, եւ նորանց ամրացրեց։
  • 10Եւ աշտարակներ շինեց անապատումը, եւ շատ ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր հովիտումը եւ դաշտումը. Երկրագործներ եւ այգեգործներ՝ սարերումը եւ Կարմեղոսումը, որովհետեւ երկրագործութիւն սիրող էր։
  • 11Եւ Ոզիան գունդերով պատերազմի դուրս եկող պատերազմ անող զօրքեր ունէր՝ Յէիէլ դպրապետի եւ Մաասիա ոստիկանի ձեռքով շինած համարանքի թիւին համեմատ՝ թագաւորի իշխաններից Անանիայի ձեռքին տակ։
  • 13Եւ նորանց ձեռքի տակ երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր զինուոր կար՝ զինուորի զօրութեամբ պատերազմողներ, որ թագաւորին օգնում էին թշնամիի դէմ։
  • 14Եւ Ոզիան ամեն զօրքի համար վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարերի պարսեր պատրաստեց։
  • 15Եւ Երուսաղէմումն արուեստաւոր ճարտարութեամբ շինուած մեքենաներ շինեց, որ աշտարակների եւ անկիւնների վերայ կենան՝ նետեր եւ մեծ մեծ քարեր գցելու համար. Եւ նորա համբաւը մինչեւ հեռու տեղերը գնաց, որովհետեւ զարմանալի կերպով օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ։
  • 16Բայց երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ։
  • 17Եւ նորա ետեւից Ազարիա քահանան մտաւ, եւ նորա հետ Տիրոջ ութսուն քահանաները որ զօրաւոր մարդիկ էին։
  • 18Եւ նորանք Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին եւ ասեցին նորան. Քո գործը չէ, ով Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ Ահարօնի որդիք քահանաներին՝ որոնք սրբուած են խունկ ծխելու. Դուրս եկ սրբարանիցը, որովհետեւ յանցանք գործեցիր եւ սա քեզ համար պատիւ չէ Տէր Աստուածանից։
  • 19Եւ Ոզիան բարկացաւ, եւ ձեռքին էր բուրվառը որ խունկ ծխէ. Եւ նա քահանաների վերայ բարկանալիս՝ բորոտութիւնը երեւեցաւ նորա ճակատին քահանաների առաջին Տիրոջ տանը խունկ ծխելու սեղանի մօտ։
  • 20Եւ ետ դառան դէպի նորան Ազարիա քահանայապետը, եւ ահա նա բորոտուած էր իր ճակատումը, եւ նորան շուտով այնտեղից դուրս հանեցին. Եւ հէնց ինքն էլ շտապում էր դուրս գալու, որովհետեւ Տէրը նորան զարկել էր։
  • 21Եւ Ոզիա թագաւորը բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ մի առանձին տան էր բնակվում բորոտուած. Որովհետեւ արգիլուած էր Տիրոջ տանիցը. Իսկ նորա որդին՝ Յովաթամը որ թագաւորի տան վերայ էր, դատում էր երկրի ժողովրդին։
  • 22Եւ Ոզիայի մնացորդ պատմութիւնը՝ առաջինը եւ վերջինը՝ գրեց Ամովսի որդի Եսայիա մարգարէն։
  • 23Եւ Ոզիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին նորա հայրերի հետ թագաւորների գերեզմանների դաշտումը. Որովհետեւ ասեցին, թէ նա բորոտ է։ Եւ նորա որդի Յովաթամը թագաւորեց նորա տեղ։
← Ցանկ