Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ24
  • 1Յովասը եօթը տարեկան էր երբոր թագաւոր եղաւ. Եւ քառասուն տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում. Եւ նորա մօր անունն էր Սաբիա՝ Բերսաբէէցի։
  • 3Եւ Յովիադան նորա համար երկու կին առաւ, եւ նա որդիներ եւ աղջիկներ ծնեց։
  • 4Եւ սորանից յետոյ Յովասի սիրտն ուզեց, որ Տիրոջ տունը նորոգէ։
  • 5Եւ ժողովեց քահանաներին եւ Ղեւտացիներին եւ ասեց նորանց. Դուրս եկէք գնացէք Յուդայի քաղաքները եւ բոլոր Իսրայէլից տարուց տարի փող հաւաքեցէք ձեր Աստուծոյ տունը նորոգելու, եւ դուք շուտով արէք այս գործը. Սակայն Ղեւտացիները շուտով չ’արին։
  • 6Եւ թագաւորը կանչեց Յովիադա իշխանին եւ ասեց նորան. Ի՞նչու համար չես պահանջում Ղեւտացինրից, որ բերեն Յուդայից եւ Երուսաղէմից Տիրոջ ծառայ Մովսէսի եւ Իսրայէլի ժողովքի դրած տուրքը վկայութեան խորանի համար։
  • 7Որովհետեւ անօրէն Գոթողիան և նորա որդիքը քանդել են Աստուծոյ տունը եւ Տիրոջ տան բոլոր նուէրները գործ են ածել Բահաղիմի համար։
  • 8Եւ թագաւորը հրամայեց եւ մէկ արկղ շինեցին եւ դրին նորան Տիրոջ տան դռանը դուրսում։
  • 9Եւ մունետիկ կանչել տուին Յուդայում եւ Երուսաղէմում, որ բերեն Տիրոջ համար Աստուծոյ ծառայ Մովսէսի Իսրայէլի վերայ անապատումը դրած տուրքը։
  • 10Եւ բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը ուրախացան, եւ բերում ու գցում էին արկղի մէջ մինչեւ որ լցուեցաւ։
  • 11Եւ այն ժամանակ երբոր բերում էին արկղը Ղեւտացիների ձեռովը թագաւորի վերակացուի մօտ, եւ երբոր տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էր թագաւորի գրագիրը եւ քահանայապետի վերակացուն, եւ դարտակում էին արկղը, յետոյ տանում ետ էին դարձնում իր տեղը. Այսպէս էին անում օր ըստ օրէ. Եւ շատ փող հաւաքեցին։
  • 12Եւ թագաւորն ու Յովիադան տալիս էին այն փողը Տիրոջ տան ծառայութեան գործն անողներին. Եւ նորանք քարահատներ եւ հիւսեր էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, նաեւ տալիս էին երկաթագործներին եւ պղնձագործներին Տիրոջ տունը ամրացնելու համար։
  • 13Եւ գործաւորները գործում էին, եւ նորոգութեան գործը կատարուեցաւ նորանց ձեռովը. Եւ Աստուծոյ տունը վերականգնեցին իր չափովը եւ նորան պնդացրին։
  • 14Եւ գործը վերջանալուց յետոյ փողի մնացածը բերում էին թագաւորի եւ Յովիադայի առաջին. Եւ նորանք Տիրոջ տան համար անօթներ էին շինում, պաշտաման եւ ողջակէզների համար անօթներ եւ խնկատուփեր եւ ոսկիի ու արծաթի ամաններ. Եւ ողջակէզներ էին մատուցանում միշտ Տիրոջ տանը Յովիադայի բոլոր օրերումը։
  • 15Եւ Յովիադան ծերացաւ եւ օրերով կշտացաւ, եւ մեռաւ, եւ մեռնելիս հարիւր երեսուն տարեկան էր։
  • 16Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը թագաւորների հետ. Որովհետեւ նա Իսրայէլում բարութիւն արաւ Աստուծոյ եւ նորա տան համար։
  • 17Եւ Յովիադայի մեռնելուց յետոյ եկան Յուդայի իշխանները եւ խոնարհութիւն արին թագաւորին. Այն ժամանակը թագաւորը նորանց լսում էր։
  • 18Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ ծառայեցին Աստարովթների եւ կուռքերի. Եւ Յուդայի ու Երուսաղէմի վերայ բարկութիւն եկաւ նորանց այս յանցանքի համար։
  • 19Եւ նա նորանց մօտ մարգարէներ էր ուղարկում, որ նորանց դարձնեն դէպի Տէրը. Եւ նորանք վկայութիւն արին նորանց դէմ. Բայց նորանք ականջ չ’դրին։
  • 20Եւ Աստուծոյ հոգին եկաւ Յովիադա քահանայի որդի Զաքարիայի վերայ, եւ նա կանգնեց ժողովրդի առաջին մի բարձր տեղ եւ նորանց ասեց. Այսպէս է ասում Աստուած. Ի՞նչու համար էք դուք անցնում Տիրոջ պատուիրանքովը. Ուրեմն յաջողութիւն չէք ունենալ, որովհետեւ դուք թողել էք Տիրոջը, նա էլ կ’թողէ ձեզ։
  • 21Եւ նորանք յարձակուեցան նորա վերայ եւ նորան քարկոծ արին թագաւորի հրամանովը Տիրոջ տան սրահումը։
  • 22Եւ Յովաս թագաւորը չ’յիշեց այն ողորմութիւնը, որ նորա հայրը Յովիադան արել էր նորան, եւ սպանեց նորա որդիին. Եւ նա մեռնելիս ասեց. Տէրը տեսնէ եւ պահանջէ։
  • 23Եւ հետեւեալ տարին եկաւ նորա վերայ Ասորիների զօրքը, եւ եկան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ եւ փչացրին ժողովրդիցը ժողովրդի բոլոր իշխաններին եւ նորանց բոլոր աւարը ուղարկեցին Դամասկոս՝ թագաւորին։
  • 24Թէեւ քիչ մարդկանցով եկան Ասորիների զօրքերը, բայց Տէրը մի շատ մեծ զօրք նորանց ձեռքը մատնեց, որովհետեւ թողել էին իրանց հայրերի Տէր Աստուծուն։ Եւ այսպէս Յովասի դատաստանն արին։
  • 25Եւ երբոր նորանք գնացին այնտեղից, նորան մեծ հիւանդութիւնների մէջ թողելով, նորա դէմ դաւաճանութիւն արին նորա ծառաները Յովիադա քահանայի որդկանց արեան համար, եւ նորան սպանեցին իր անկողնի վերայ. Եւ նա մեռաւ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, բայց չ’թաղեցին թագաւորների գերեզմանատանը։
  • 26Եւ սորանք են նորա դէմ դաւաճանութիւն անողները՝ Ամմոնացի կնկայ Սամեթի որդի Զաբադը, եւ Մովաբացի կնկայ Սամարիթի որդի Յովզաբադը։
  • 27Եւ նորա որդկանց համար, եւ նորա դէմ եղած շատ պատգամների մասին, եւ Աստուծոյ տան շինութեան մասին, ահա դորանք գրուած են թագաւորաց գրքի յիշատակարանումը։ Եւ նորա որդի Ամասիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ