Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ23
  • 1Եւ եօթներորդ տարին զօրացաւ Յովիադան եւ իրան հետ դաշինքի մէջ առաւ հարիւրապետ Յերոամի որդի Ազարիային, Յօհանանի որդի Իսմայէլին, Ովբեդի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մաասիային եւ Զեքրիի որդի Եղիսափատին։
  • 2Եւ նորանք շրջեցին Յուդայի մէջ եւ ժողովեցին Ղեւտացիներին Յուդայի ամեն քաղաքներիցը եւ Իսրայէլի տոհմապետներին, եւ եկան Երուսաղէմ։
  • 3Եւ բոլոր ժողովքը դաշինք արաւ թագաւորի հետ Աստուծոյ տանը. Եւ Յովիադան ասեց նորանց. Ահա թագաւորի որդին պիտի թագաւորէ, ինչպէս որ Տէրն ասել է Դաւիթի որդիների մասին։
  • 4Սա է ձեր անելու բանը, ձեր երրորդ մասը որ գալիս են շաբաթ օրը՝ քահանաներից եւ Ղեւտացիներից դռների դռնապաններ լինին.
  • 5Եւ մէկ երրորդը լինի թագաւորի տանը, եւ երրորդ մասը Եսոդի դռանը լինի. Իսկ բոլոր ժողովուրդը Տիրոջ տան գաւիթում։
  • 6Եւ ոչ ով չ’մտնէ Տիրոջ տունը բացի քահանաներից եւ Ղեւտացի ծառայողներից, նորանք մտնեն, որովհետեւ նորանք սուրբ են. Եւ բոլոր ժողովուրդը պահէ Տիրոջ պահապանութիւնը։
  • 7Եւ Ղեւտացիները շուրջանակի շրջապատեն թագաւորին ամեն մարդ իր զէնքերը ձեռքին. Եւ տունը մտնողը մեռցնուի. Եւ թագաւորի հետ լինիք նորա մտած եւ դուրս եկած ժամանակը։
  • 8Եւ Ղեւտացիները եւ բոլոր Յուդան բոլորովին Յովիադա քահանայի պատուիրածին պէս արին. Եւ ամեն մարդ առաւ իր մարդկանցը որ գալիս էին շաբաթ օրը. Որովհետեւ Յովիադա քահանան չ’արձակեց դասակարգութիւնները։
  • 9Եւ Յովիադա քահանան տուաւ հարիւրապետներին Դաւիթ թագաւորի նիզակները, ասպարները եւ վահանները, որ Աստուծոյ տանն էին։
  • 10Եւ կանգնեցրեց բոլոր ժողովրդին՝ ամեն մէկին իր զէնքը ձեռքին տան աջ կողմից մինչեւ տան ձախ կողմը սեղանի եւ տան մօտ թագաւորի շուրջը.
  • 12Եւ Գոթողիան լսեց վազող եւ թագաւորին շնորհաւորող ժողովրդի ձայնը եւ գնաց ժողովրդի մօտ Տիրոջ տունը.
  • 13Եւ մտիկ տուաւ, եւ ահա թագաւորը կանգնած էր իր սիւնի մօտ մուտքի կշտին, եւ զօրապետներն ու փողերը՝ թագաւորի մօտ. Եւ երկրի բոլոր ժողովուրդն ուրախանում եւ փողերը հնչեցնում էին, եւ երգիչները եւ երաժիշտները նուագարաններով օրհներգում, այն ժամանակ Գոթողիան պատառեց իր հանդերձները եւ ասեց. Դաւաճանութի՜ւն, դաւաճանութի՜ւն։
  • 14Եւ Յովիադա քահանան հրամայեց հարիւրապետներին, որ նշանակուած էին զօրքի վերայ եւ ասեց նորանց. Դուրս հանեցէք դորան կարգերի միջից, եւ նորա ետեւից գնացողը սրով սպանուի, որովհետեւ քահանան ասել էր թէ Նորան չ’սպանէք Տիրոջ տանը։
  • 15Եւ նորանք իրանց ձեռքերը ձգեցին նորա վերայ. Եւ երբոր նա թագաւորի պալատը մտնող ձիերի դռան մուտքն էր մտել, այնտեղ նորան սպանեցին։
  • 16Եւ Յովիադան ուխտ դրաւ իր մէջ եւ բոլոր ժողովրդի մէջ եւ թագաւորի մէջ, որ Տիրոջ ժողովուրդը լինին։
  • 17Եւ բոլոր ժողովուրդը գնաց Բահաղի տունը եւ քանդեցին նորան, նորա սեղանները եւ պատկերները փշրեցին, եւ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին սեղանների առաջին։
  • 18Եւ Յովիադան ոստիկաններ դրաւ Տիրոջ տան վերայ այն Ղեւտացի քահանաների ձեռովը, որոնց որոշել էր Դաւիթը Տիրոջ տան համար որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն, ինչպէս գրուած է Մովսէսի օրէնքումը՝ ուրախութիւնով եւ երգով Դաւիթի սահմանածին համեմատ։
  • 19Եւ դռնապաններին դրաւ Տիրոջ տան դռների վերայ, որ ոչ մի բանում անմաքուր եղողը չ’մտնէ։
  • 20Եւ վեր առաւ հարիւրապետներին եւ ազնուականներին եւ ժողովրդի իշխաններին եւ երկրի բոլոր ժողովրդին, եւ թագաւորին Տիրոջ տանիցը իջեցրեց, եւ վերի դռան մէջովը մտան թագաւորի տունը, եւ թագաւորին նստեցրին թագաւորութեան աթոռի վերայ։
  • 21Եւ երկրի ամեն ժողովուրդն ուրախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին։
← Ցանկ