Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ20
  • 1Եւ եղաւ սորանից յետոյ, որ Մովաբի որդիքը եւ Ամմոնի որդիքը եւ նորանց հետ Մաոնացիներից էլ եկան Յովսափատի վերայ պատերազմելու։
  • 2Եւ ոմանք եկան ու Յովսափատին պատմեցին եւ ասեցին. Քեզ վերայ մեծ բազմութիւն է գալիս ծովի այն կողմից Ասորիների միջից. Եւ ահա նորանք Ասասանթամարումն են, որ է Ենգադդի։
  • 3Եւ Յովսափատը վախեցաւ եւ երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու, եւ ծոմապահութիւն քարոզեց բոլոր Յուդայի մէջ։
  • 4Եւ Յուդայեանք ժողովուեցան Տէրիցն օգնութիւն խնդրելու։
  • 5Եւ Յովսափատը կանգնեց Յուդայի եւ Երուսաղէմի ժողովքի մէջ Տիրոջ տանը նոր սրահի առաջին.
  • 6Եւ ասեց. Ով մեր հայրերի Տէր Աստուածը, դու չե՞ս այն երկնքում բնակող Աստուածը եւ ազգերի բոլոր թագաւորութիւնների վերայ տիրողը, եւ քո ձեռին է զօրութիւնը եւ ոյժը եւ մէկը չէ կարող քեզ դէմ կենալ։
  • 7Չէ՞ որ դու, ով մեր Աստուած, քշեցիր այս երկրի բնակիչներին քո Իսրայէլ ժողովրդի առաջից եւ տուիր այն յաւիտեան քո սիրելի Աբրահամի սերունդին։
  • 8Եւ նորանք բնակուեցին այնտեղ եւ նորանում քո անուան համար սրբարան շինեցին եւ ասեցին.
  • 9Եթէ մեզ վերայ չարիք, սուր, պատուհաս, եւ ժանտախտ կամ սով գայ, մենք կանգնենք այս տան առաջը քո դիմացը, որովհետեւ քո անունը այս տան վերայ է, եւ դէպի քեզ աղաղակենք մեր նեղութեան միջից, այն ժամանակ լսես եւ ազատես.
  • 10Եւ հիմա՝ ահա Ամմոնի եւ Մովաբի որդիքը եւ Սէիր սարի բնակիչները որոնց մէջը մտնելու հրաման չ’տուիր Իսրայէլացիներին երբոր նորանք դուրս էին եկել Եգիպտոսից. Այլ նորանցից քաշուեցան, եւ նորանց չ’փչացրին.
  • 11Բայց ահա նորանք հատուցանում են մեզ՝ մեր վերայ գալով, որ մեզ դուրս անեն քո ժառանգութիւնիցը, որ մեզ ժառանգութիւն տուիր։
  • 12Ով մեր Աստուած, մի՞թէ նորանց չես դատիլ. Որովհետեւ մենք զօրութիւն չ’ունինք այս մեծ բազմութեան դէմ, որ եկել է մեզ վերայ, եւ մենք չ’գիտենք թէ ինչ անենք. Որովհետեւ մեր աչքերը քեզ վերայ է։
  • 14Եւ Ասափի որդիներից Ղեւտացի Մաթանիայի որդիի Յէիէլի որդիի Բանիայի որդիի Զաքարիայի որդիի Յազիէլի վերայ եկաւ Տիրոջ հոգին ժողովքի միջումը։
  • 15Եւ նա ասեց. Ականջ դրէք, ով բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ եւ ով Յովսափատ թագաւոր, Տէրը ձեզ այսպէս է ասում. Դուք մի վախենաք եւ մի զարհուրիք այս մեծ բազմութեան երեսից. Որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է։
  • 16Էգուց իջէք նորանց վերայ. Ահա նորանք վեր են գնում Ասիսի զառիվերովը, եւ դուք նորանց կ’գտնէք հեղեղատի ծայրումը Յերուէլի անապատի առաջին։
  • 17Դուք չէք պատերազմելու այս անգամ. Դուք կացէք, կանգնեցէք եւ կ’տեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ, ով Յուդա եւ Երուսաղէմ. Մի վախենաք եւ մի զարհուրիք. Էգուց նորանց դիմացը դուրս եկէք, եւ Տէրը ձեզ հետ է լինելու։
  • 18Եւ Յովսափատը խոնարհուեցաւ երեսովը մինչեւ գետինը, եւ բոլոր Յուդան եւ Երուսաղէմի բնակիչները ընկան Տիրոջ առաջը, որ Տիրոջը երկրպագութիւն անեն։
  • 19Եւ Կահաթեանց որդիներից եւ Կորխեանց որդիներից եղող Ղեւտացիները վեր կացան Իսրայէլի Տէր Աստուծուն շատ բարձր ձայնով օրհնելու։
  • 20Եւ առաւօտը կանուխ վեր կացան եւ գնացին Թեկուէի անապատը. Եւ նորանց գնալու ժամանակին Յովսափատը կանգնեց եւ ասեց. Ինձ լսեցէք, ով Յուդա եւ Երուսաղէմի բնակիչներ. հաւատացէք ձեր Տէր Աստուծուն եւ հաստատ կ’մնաք. Հաւատացէք նորա մարգարէներին, եւ յաջողութիւն կ’ունենաք։
  • 21Եւ խորհուրդ արաւ ժողովրդի հետ, եւ դրաւ Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ սպառազինեալների առաջից դուրս գալով եւ ասելով. Գոհացէք Եհովայից, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
  • 22Եւ երբոր նորանք ցնծութեան երգն ու օրհնութիւնն սկսեցին, Տէրը դարանակալներ հանեց Ամմոնի և Մովաբի որդկանց եւ Սէիր սարի բնակիչների դէմ, որ եկել էին Յուդայի վերայ, եւ նորանք կոտորուեցան։
  • 23Որովհետեւ Ամմոնի եւ Մովաբի որդիքը վեր կացան Սէիր սարի բնակիչների վերայ ջարդելու եւ բնաջինջ անելու. Եւ երբոր վերջացրին Սէիրի բնակիչներին, իրար օգնեցին միմեանց ջարդելու։
  • 24Եւ յուդայեանք եկան անապատի միջի դիտանոցը եւ նայեցին այն բազմութեան վերայ, եւ ահա նորանց դիերը փռուած էին երկրի վերայ, եւ մէկ ազատուած չ’կար։
  • 25Այն ժամանակ Յովսափատը եւ նորա ժողովուրդն եկան նորանց աւարը անելու եւ նորանց մէջ գտան շատ ապրանք էլ, մարմիններ էլ, պատուական անօթներ էլ, եւ իրանց համար կողոպտեցին, որ չէին կարողանում տանել. Երեք օր աւար կողոպտեցին, որովհետեւ շատ էր։
  • 26Եւ չորրորդ օրը ժողովուեցան Օրհնութեան հովիտումը. Որովհետեւ այնտեղ օրհնեցին Տիրոջը, նորա համար այնտեղի անունը կոչեցին Օրհնութեան հովիտ մինչեւ այսօր։
  • 27Եւ ետ դառան բոլոր Յուդայի եւ Երուսաղէմի մարդիկը եւ Յովսափատն իբրեւ նորանց պարագլուխ, որ յետ դառնան Երուսաղէմ ուրախութեամբ, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր իրանց թշնամիներիցն ազատելով։
  • 28Եւ նորանք մտան Երուսաղէմ տաւիղներով, քնարներով եւ փողերով Տիրոջ տունը։
  • 29Եւ Աստուծոյ երկիւղն եղաւ երկրի թագաւորութիւնների վերայ լսելով թէ Տէրը պատերազմեց Իսրայէլի թշնամիների հետ։
  • 30Եւ Յովսափատի թագաւորութիւնը հանգստացաւ, եւ Աստուած նորան հանդարտութիւն տուաւ շուրջանակի։
  • 31Եւ Յովսափատը թագաւորեց Յուդայի վերայ. Երեսունեւհինգ տարեկան էր թագաւոր դառնալիս եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում եւ նորա մօր անունն էր Ազուբա՝ դուստր Սաղիի։
  • 32Եւ գնաց իր հայր Ասայի ճանապարհումը, եւ նորանից չ’խոտորուեց, որ ուղղութիւն էր անում Տիրոջ աչքի առաջին։
  • 33Միայն թէ բարձրաւանդակները վեր չ’առնուեցան, եւ ժողովուրդն էլ տակաւին չէր պատրաստել իր սիրտը դէպի իրանց հայրերի Աստուածը։
  • 34Եւ Յովսափատի գործերի մնացորդը առաջինները եւ վերջինները, ահա նորանք գրուած են Անանիի որդի Յէուի պատմութիւնների մէջ, որոնք անցել են Իսրայէլի թագաւորների գրքի մէջ։
  • 35Եւ սորանից յետոյ ընկերացաւ Յուդայի Յովսափատ թագաւորը Իսրայէլի Ոքոզիա թագաւորի հետ, որ չարութիւն էր գործում.
  • 36Եւ նորա հետ ընկերացաւ, որ նաւեր շինեն Թարսիս գնալու համար. Եւ նաւեր շինեցին Գասիոնգաբերում։
  • 37Եւ Մարեսացի Դօդիայի որդի Եղիազարը մարգարէացաւ Յովսափատի մասին ասելով. Որովհետեւ դու Ոքոզիայի հետ ընկերացար, Տէրը քանդել է քո գործքը։ Եւ նաւերը կոտրատուեցան եւ չ’կարողացան Թարսիս գնալ։
← Ցանկ