Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ17
- 1Եւ նորա որդի Յովսափատը թագաւոր եղաւ նորա տեղ. Եւ զօրացաւ Իսրայէլի դէմ։
- 2Եւ Յուդայի ամեն պարսպաւոր քաղաքներումը զօրքեր դրաւ եւ պահապան զօրքեր դրաւ Յուդայի երկրումը եւ Եփրեմի քաղաքներումը, որ նորա հայր Ասան առել էր։
- 3Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որովհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չ’որոնեց։
- 4Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։
- 5Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։
- 6Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։
- 7Եւ իր թագաւորութեան երրորդ տարիումն ուղարկեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայէլին եւ Միքիային, որ Յուդայի քաղաքներում սովորեցնեն։
- 8Եւ նորանց հետ էին Ղեւտացիները՝ Սեմայիա, Նաթանիա, Զաբաթիա, Ասայէլ, Սեմիրամովթ, Յովնաթան, Ադոնիա, Տուբիա եւ Տոբադոնիա Ղեւտացիները, եւ նորանց հետ էին Եղիսամա եւ Յովրամ քահանաները։
- 9Եւ սովորեցնում էին Յուդայում, եւ նորանց հետ Տիրոջ օրէնքի մէկ գիրքը կար. Եւ շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. Եւ սովորեցնում էին ժողովրդին։
- 10Եւ Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջակայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ, եւ Յովսափատի հետ պատերազմ չ’արին։
- 11Եւ Փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Յովսափատի համար. Արաբացիներն էլ էին բերում նորա համար հօտերից՝ եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։
- 12Եւ Յովսափատը գնալով մեծացաւ՝ շատ բարձր. Եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարանների քաղաքներ շինեց։
- 13Եւ նա շատ գործքեր ունէր Յուդայի քաղաքներումը. Եւ Երուսաղէմի մէջ քաջ զօրաւորներ՝ պատերազմող մարդիկ ունէր։
- 14Եւ սա է նորանց համարը իրանց ազգատոհմերի համեմատ. Յուդայի հազարապետները՝ Եդնա իշխան, եւ նորա հետ երեք հարիւր հազար քաջ զօրաւորներ։
- 15Եւ նորանից յետոյ՝ Յօհանան իշխան, եւ նորա հետ երկու հարիւր ութսուն հազար։
- 16Եւ նորանից յետոյ՝ Զեքրիի որդի Ամասիան որ իրան ուխտել էր Տիրոջը, եւ նորա հետ երկու հարիւր հազար քաջ զօրաւորներ։
- 17Եւ Բենիամինից քաջ զօրաւոր Եղիադան, եւ նորա հետ երկու հարիւր հազար աղեղնաւոր եւ ասպարաւոր մարդիկ։
- 18Եւ նորանից յետոյ Յովզաբադ, եւ նորա հետ հարիւր ութսուն հազար սպառազինեալներ։
- 19Սորանք էին թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ։