Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ10
  • 1Եւ Ռոբովամը գնաց Սիւքէմ, որովհետեւ բոլոր Իսրայէլը գնացել էր այնտեղ նորան թագաւոր անելու համար։
  • 2Եւ եղաւ երբոր Նաբատեան Յերոբովամը, որ Սողոմոն թագաւորի երեսից փախած Եգիպտոսումն էր լսեց, այն ժամանակ ետ դառաւ Յերոբովամը Եգիպտոսից.
  • 3Եւ մարդ ուղարկեցին ու նորան կանչեցին, եւ եկաւ Յերոբովամը եւ բոլոր Իսրայէլը եւ խօսեցին Ռոբովամի հետ ասելով.
  • 4Հայրդ մեր լուծը ծանրացրել էր, բայց դու հիմա թեթեւացրու քո հօր խիստ ծառայութիւնը եւ նորա մեր վերայ դրած ծանր լուծը, այն ժամանակ քեզ ծառայութիւն կ’անենք։
  • 5Եւ նա նորանց ասեց. Գնացէք եւ երեք օրից յետոյ դարձեալ ինձ մօտ եկէք. Եւ ժողովուրդը գնաց։
  • 6Եւ Ռոբովամ թագաւորը խորհուրդ արաւ այն ծերերի հետ, որ կանգնում էին նորա հայր Սողոմոնի առաջին նորա կենդանութեանը, եւ ասեց. Ի՞նչպէս էք դուք ինձ խորհուրդ տալիս, որ ես այս ժողովրդին պատասխան տամ։
  • 7Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Եթէ դու այս ժողովրդին քաղցր լինիս եւ նորանց հաճոյանաս, եւ նորանց հետ բարի խօսքեր խօսես, այն ժամանակ նորանք միշտ քո ծառաները կ’լինին։
  • 8Իսկ նա մերժեց ծերերի խրատը, որ նորան տուին, եւ խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որ իր հետ էին մեծացել եւ նորա առաջին կանգնել էին։
  • 9Եւ նորանց ասեց. Դո՞ւք ինչ խորհուրդ էք տալիս որ այս ժողովրդին պատասխան տամ, որ ինձ հետ խօսեցին ասելով թէ Այն լուծը թեթեւացրու, որ քո հայրը դրել է մեր վերայ։
  • 10Եւ նորա հետ մեծացած երիտասարդները խօսեցին նորա հետ ասելով. Այսպէս ասիր այն ժողովրդին որ քեզ հետ խօսել եւ ասել է թէ քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու թեթեւացրու մեր վերայից. Այսպէս խօսիր նորանց հետ. Իմ ճկոյթը հաստ է իմ հօր մէջքիցը։
  • 11Եւ արդ՝ իմ հայրը ձեզ վերայ ծանր լուծ էր դրել, բայց ես աւելացնելու եմ ձեր լուծի վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես՝ կարիճներով։
  • 12Եւ Յերոբովամը ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ երրորդ օրը ինչպէս որ թագաւորը խօսել էր ասելով. Երրորդ օրը դարձեալ ինձ մօտ եկէք։
  • 13Եւ թագաւորը խիստ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի խորհուրդը։
  • 14Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի յարմար ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես աւելացնելու եմ նորա վերայ. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես՝ կարիճներով։
  • 15Եւ թագաւորը չ’լսեց ժողովրդին, որովհետեւ Աստուծոյ կողմից այսպէս էր դարձուած, որպէս զի Տէրը հաստատէ իր այն խօսքը, որ խօսել էր Սիլօնացի Աքիայի ձեռովը Նաբատեան Յերոբովամի մասին։
  • 16Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսաւ որ թագաւորը չ’լսեց նորանց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագաւորին ասելով. Մենք ի՞նչ բաժին ունինք Դաւիթի մօտ, եւ մենք Յեսսէի որդիի մօտ ժառանգութիւն չ’ունինք. Ամեն մարդ իր վրանը թող գնայ, ով Իսրայէլացիք. Հիմա դու քո տունը հոգա, ով Դաւիթ. Եւ բոլոր Իսրայէլը գնաց իր վրանները։
  • 17Եւ Իսրայէլի որդկանց վերայ, որ բնակվում էին Յուդայի քաղաքներումը, թագաւոր եղաւ Ռոբովամը։
  • 18Եւ Ռոբովամ թագաւորը հարկերի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց բոլոր Իսրայէլը նորան քարկոծեցին քարերով, եւ նա մեռաւ. Եւ Ռոբովամ թագաւորը շտապեց, որ կառքը հեծնէ ու փախչէ Երուսաղէմ։
  • 19Այսպէս Իսրայէլը ապստամբուեց Դաւիթի տունիցը մինչեւ այսօր։
← Ցանկ