Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ28
- 1Եւ Դաւիթը ժողովեց Իսրայէլի բոլոր իշխաններին, ցեղերի իշխաններին եւ թագաւորին ծառայութիւն անող դասակարգերի իշխաններին, եւ հազարապետներին ու հարիւրապետներին, եւ թագաւորի ու նորա որդկանց բոլոր ստացուածոց ու ընչից վերակացուներին, ներքինիներին, զօրաւորներին եւ բոլոր քաջազուններին Երուսաղէմ։
- 2Եւ Դաւիթ թագաւորը ոտքի վերայ կանգնեց եւ ասեց. Լսեցեք ինձ, ով իմ եղբայրներ եւ իմ ժողովուրդ. Ես իմ սրտումը դրել էի որ մի հանգստանալու տուն շինեմ Տիրոջ ուխտի տապանակի եւ մեր Աստուծոյ ոտքի պատուանդանի համար. Եւ պատրաստութիւն արի շինելու.
- 3Բայց Աստուած ինձ ասեց. Դու տուն չես շինելու իմ անուան համար. Որովհետեւ դու պատերազմների մարդ ես եւ արիւններ ես թափել։
- 4Եւ Իսրայէլի Տէր Աստուածը իմ հօր բոլոր տանիցն ինձ ընտրեց, որ յաւիտեան Իսրայէլի վերայ թագաւոր լինիմ. Որովհետեւ Յուդայից ընտրեց առաջնորդը, եւ Յուդայի տանիցն իմ հօր տունը, եւ իմ հօր որդիներից ինձ հաւանեց, որ ինձ թագաւոր անէ բոլոր Իսրայէլի վերայ։
- 5Եւ իմ բոլոր որդիներից (որովհետեւ շատ են այն որդիները որ Տէրը ինձ տուել է) իմ որդի Սողոմոնին ընտրեց, որ Տիրոջ թագաւորութեան աթոռի վերայ նստէ Իսրայէլի վերայ։
- 6Եւ նա ինձ ասեց թէ Քո Սողոմոն որդին ինքն է շինելու իմ տունը եւ սրահները. Որովհետեւ ես նորան ընտրել եմ ինձ որդի, եւ ես էլ նորան հայր եմ լինելու.
- 7Եւ ես կ’հաստատեմ նորա թագաւորութիւնը մինչեւ յաւիտեան, եթէ նա հաստատ կենայ որ իմ պատուէրներն ու իմ իրաւունքները կատարէ ինչպէս այսօր։
- 8Եւ հիմա բոլոր Իսրայէլի՝ Տիրոջ ժողովքի աչքի առաջին եւ իր Աստուծոյ ականջի առաջին ասում եմ. Պահեցէք եւ քննեցէք ձեր տէր Աստուծոյ բոլոր պատուէրները, որպէս զի ժառանգէք այս բարի երկիրը, եւ ժառանգեցնէք ձեր որդկանցը ձեզանից յետոյ մինչեւ յաւիտեան։
- 9Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. Որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. Եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կ’թողէ յաւիտեան։
- 10Հիմա տես որ Տէրը քեզ ընտրեց սրբարանի համար տուն շինելու. Զօրացիր եւ կատարիր։
- 11Եւ Դաւիթը իր որդի Սողոմոնին տուաւ սրահի եւ նորա սենեակների եւ նորա գանձարանների եւ նորա վերնատունների եւ նորա ներքին շտեմարանների եւ քաւութեան գաղափարը,
- 12Եւ այն ամենի գաղափարը, որ նա ունէր իր մտքումը՝ Տիրոջ տան գաւիթների համար եւ բոլոր սենեակների համար շուրջանակի, Աստուծոյ տան շտեմարանների եւ նուէրների շտեմարանների համար.
- 13Նաեւ հրաման տուաւ քահանաների եւ Ղեւտացիների դասակարգութիւնների համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր գործի համար եւ Տիրոջ տան պաշտաման բոլոր անօթների համար.
- 14Ամեն պաշտօնների ամեն ոսկի անօթների կշիռը, ամեն արծաթի անօթների կշիռը և ամեն պաշտօնների անօթներինն էլ.
- 15Ոսկի աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը, եւ իւրաքանչիւր աշտանակների եւ նորանց ոսկի ճրագների կշիռը. Նոյնպէս եւ արծաթի աշտանակների՝ աշտանակի եւ նորա ճրագների կշիռը իւրաքանչիւր աշտանակի պաշտօնի համեմատ.
- 16Եւ առաջաւորութեան սեղանների ոսկին կշռով՝ իւրաքանչիւր սեղանի համար. Եւ արծաթ՝ արծաթի սեղանների համար.
- 17Եւ մաքուր ոսկիից մսահանների եւ կոնքերի եւ բաժակների եւ ոսկի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը. Եւ արծաթի տաշտերի համար իւրաքանչիւր տաշտի կշիռը.
- 18Եւ խունկի սեղանի համար մաքուր ոսկի կշիռքով. Եւ իրանց թեւերը տարածող եւ Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբէների կառքի գաղափարը.
- 19Այս ամենը այս գաղափարի բոլոր գործքերը ինձ հասկացրեց Տէրը իր ձեռքի գրովը, ասեց Դաւիթը։
- 20Եւ Դաւիթն ասեց իր որդի Սողոմոնին. Զօրացիր, քաջասիրտ եղիր եւ կատարիր. Մի վախենար եւ մի զարհուրիր, որովհետեւ իմ Աստուած՝ Եհովայ Աստուածը քեզ հետ է. Նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ, մինչեւ Տիրոջ տան ծառայութեան բոլոր գործերը լրացնելը։
- 21Եւ ահա քահանայից եւ Ղեւտացիների դասակարգերը Աստուծոյ տան բոլոր ծառայութեան համար. Եւ քեզ մօտ կան ամեն գործի համար բոլոր յօժարութեամբ ամեն ծառայութեան մէջ հանճարեղ մարդիկ. Եւ իշխաններն ու բոլոր ժողովուրդը քո ամեն հրամաններին կ’հնազանդեն։