Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ22
- 1Եւ Դաւիթն ասեց. Սա է Տէր Աստուծոյ տունը, եւ սա է Իսրայէլի համար ողջակէզի սեղանը։
- 2Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. Եւ քարահատներ դրաւ տաշած քարեր կտրելու որ Աստուծոյ տունը շինեն։
- 3Եւ Դաւիթը շատ երկաթ պատրաստեց դռների փեղկերի բեւեռների համար եւ ճանկերի համար, եւ շատ պղինձ՝ որ կշիռ չ’ունէր։
- 4Եւ եղեւնափայտեր որ թիւ չ’ունէին. Որովհետեւ Սիդոնացիք եւ Տիւրացիք Դաւիթի համար շատ եղեւնափայտեր էին բերում։
- 5Եւ Դաւիթն ասեց. Իմ որդի Սողոմոնը երեխայ է եւ փափուկ է. Եւ այն տունը, որ պէտք է շինել Տիրոջ համար, պիտի մեծացնել մինչեւ բարձրը որ անուանի եւ փառաւոր լինի ամեն երկիրների մէջ. Հիմա ես նորա համար նիւթեր պատրաստեմ. Եւ Դաւիթը շատ նիւթեր պատրաստեց իր մեռնելուց առաջ։
- 6Եւ կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նորան որ մի տուն շինէ Իսրայէլի Տէր Աստուծուն համար։
- 7Եւ Դաւիթն ասեց Սողոմոնին. Որդեակ իմ, ես սրտումս դրել էի որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անուան համար։
- 8Բայց Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Դու շատ արիւն ես թափել եւ մեծ մեծ պատերազմներ ես արել, դու պիտի տուն չ’շինես իմ անուան համար. Որովհետեւ դու շատ արիւններ ես թափել գետինը իմ առաջը։
- 9Ահա քեզ մի որդի կ’ծնուի, նա հանգստութեան մարդ կ’լինի, եւ ես նորան կ’հանգստացնեմ իր բոլոր թշնամիներիցը շուրջանակի. Որովհետեւ նորա անունը Սողոմոն կ’լինի, եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը։
- 10Նա կ’շինէ մէկ տուն իմ անուան համար, եւ նա ինձ համար որդի կ’լինի, եւ ես կ’հաստատեմ նորա աթոռը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան։
- 11Հիմա, իմ որդեակ, Տէրը քեզ հետ լինի, եւ դու յաջողութիւն գտնես եւ շինես քո Տէր Աստուծոյ տունը, ինչպէս որ նա ասել է քեզ համար։
- 12Միայն թէ Տէրը քեզ հանճար եւ իմաստութիւն տայ, եւ քեզ հաստատէ Իսրայէլի վերայ, որ դու պահես քո Տէր Աստուծոյ օրէնքը։
- 13Այն ժամանակ յաջողութիւն կ’գտնես, եթէ զգուշանաս պահել այն կանոններն ու իրաւունքները, որ Տէրը պատուիրել է Մովսէսին Իսրայէլի համար. Քաջ եղիր եւ զօրացիր, մի վախենար եւ մի զարհուրիր։
- 14Եւ ահա իմ նեղութիւնովը Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չ’կայ որովհետեւ շատ է. Նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. Բայց դու աւելացրու նորանց վերայ։
- 15Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։
- 16Ոսկիին, արծաթին, պղնձին եւ երկաթին թիւ չ’կայ. Վեր կաց եւ արա. Եւ Տէրը քեզ հետ է լինելու։
- 17Եւ Դաւիթը հրաման արաւ Իսրայէլի բոլոր իշխաններին, որ օգնեն իր որդի Սողոմոնին։
- 18Եւ ասեց. Ահա ձեր Տէր Աստուածը ձեզ հետ է. եւ նա ձեզ հանգստացրել է շուրջանակի. Որովհետեւ իմ ձեռքը մատնեց այս երկրի բնակիչներին. Եւ երկիրը նուաճուեցաւ Տիրոջ առաջին եւ նորա ժողովրդի առաջին։
- 19Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տուէք, որ ձեր Տէր Աստուածը որոնէք. Եւ վեր կացէք ու շինեցէք Տէր Աստուծոյ սրբարանը, որ Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստուծոյ սուրբ անօթները տանէք Տիրոջ անուան համար շինուած տունը։