Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ21
  • 1Եւ սատանան Իսրայէլի դէմ կանգնեց եւ գրգռեց Դաւիթին, որ Իսրայէլին համարէ։
  • 2Եւ Դաւիթն ասեց Յովաբին եւ ժողովրդի իշխաններին. Գնացէք համարեցէք Իսրայէլացիներին Բերսաբէէից մինչեւ Դան, եւ հաշիւն ինձ մօտ բերէք որ իմանամ նորանց թիւը։
  • 3Եւ Յովաբն ասեց. Տէրն աւելացնէ իր ժողովրդի վերայ նորանց չափ հարիւրապատիկ. Չէ՞ որ. Ով տէր իմ թագաւոր, նորանք ամենը իմ Տիրոջ ծառաներն են. Ի՞նչու համար է իմ տէրը փափաքում դորան, ի՞նչու համար այս բանը Իսրայէլի համար յանցանք դառնայ։
  • 4Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի վերայ. Եւ Յովաբը դուրս գնաց եւ ման եկաւ բոլոր Իսրայէլի մէջ եւ եկաւ Երուսաղէմ։
  • 5Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ Դաւիթին. Եւ բոլոր Իսրայէլն էր հազար անգամ հազար եւ հարիւր հազար սուր քաշող մարդ. Եւ Յուդան չորս հարիւր եօթանասուն հազար սուր քաշող մարդ.
  • 6Եւ Ղեւտացիներին ու Բենիամինեաններին չէր համարել նորանց մէջ. Որովհետեւ թագաւորի այս հրամանը զզուելի է Յովաբին։
  • 7Եւ այս բանը վատ երեւեցաւ Աստուծոյ աչքին, եւ նա պատուհասեց Իսրայէլին։
  • 8Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ես շատ մեղանչեցի որ այս բանն արի. Եւ հիմա աղաչում եմ ներիր քո ծառայի յանցանքը. Որովհետեւ մեծ յիմարութիւն արի։
  • 9Եւ Տէրը խօսեց Դաւիթի տեսանող՝ Գադի հետ ասելով.
  • 10Գնա խօսիր Դաւիթի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Երեք բան եմ դնում առաջիդ, ընտրիր քեզ համար նորանցից մէկը, որ քեզ համար անեմ։
  • 11Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Այսպէս է ասում Տէրը. Ընտրիր քեզ համար,
  • 12Կամ երեք տարի սով, կամ երեք ամիս թշնամիներիդ առաջին ջարդուիլ, եւ քո թշնամիների սուրը քեզ հասնէ, եւ կամ երեք ամիս Տիրոջ սուրը՝ այսինքն ժանտախտ երկրի մէջ, որ Տիրոջ հրեշտակը փչացնէ Իսրայէլի բոլոր սահմաններումը, եւ հիմա տես, թէ ինչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։
  • 13Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ. Թող Տիրոջ ձեռքն ընկնեմ. Որովհետեւ նորա ողորմութիւնը խիստ շատ է. Եւ ես մարդի ձեռք չեմ ընկնիլ։
  • 14Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ, եւ Իսրայէլիցն եօթանասուն հազար մարդ ընկաւ։
  • 15Եւ Աստուած մի հրեշտակ ուղարկեց Երուսաղէմ, նորան փչացնելու համար. Եւ նա փչացնելիս՝ Տէրը տեսաւ եւ ստրջացաւ այս չարիքի վերայ եւ կոտորած անող հրեշտակին ասեց. Բաւական է՝ հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը կանգնել էր Յեբուսացի Ոռնայի կալին մօտ։
  • 16Եւ Դաւիթը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ Տիրոջ հրեշտակին կանգնած երկրի եւ երկնքի մէջտեղը եւ իր սուրը քաշած իր ձեռին մեկնած Երուսաղէմի վերայ. Այն ժամանակ վայր ընկան իրանց երեսի վերայ Դաւիթը եւ ծերերը քուրձ հագած։
  • 17Եւ Դաւիթն ասեց Աստուծուն. Ահա ես եմ հրամայել, որ ժողովուրդը համարեն, եւ ես եմ որ մեղանչեցի եւ չարութիւն գործեցի. Իսկ այս ոչխարները ի՞նչ են արել. Աղաչում եմ, թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի. Եւ ոչ թէ քո ժողովրդի վերայ նորան բնաջինջ անելու։
  • 18Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Գադին, որ Դաւիթին ասէ. Որպէս զի նա վեր գնայ եւ Տիրոջ համար մի սեղան կանգնեցնէ Յեբուսացի Ոռնայի կալումը։
  • 19Եւ Դաւիթը վեր գնաց Գադի խօսքովը, որ նա խօսեց Տիրոջ անունովը։
  • 21Եւ Դաւիթն եկաւ Ոռնայի մօտ, եւ Ոռնան նայեց ու տեսաւ Դաւիթին եւ դուրս եկաւ կալիցը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։
  • 22Եւ Դաւիթն ասեց Ոռնային. Այս կալի տեղը ինձ տուր, որ նորանում մի սեղան շինեմ Տիրոջ համար. Լիքը գնով տուր ինձ այն. Եւ հարուածը կ’դադարէ ժողովրդիցը։
  • 23Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Վեր առ քեզ համար, եւ թող իմ տէր թագաւորը անէ իր աչքին հաճելին. Ահա տուի եզները ողջակէզի համար եւ կամնասայլերը փայտի համար եւ ցորենը հացի նուէրի համար, բոլորն էլ տուի։
  • 24Բայց Դաւիթ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ՝ այլ լիքը գնով ծախու պիտի առնեմ. Որովհետեւ ես քո ստացուածքը Տիրոջը չեմ մատուցանիլ եւ ձրի ողջակէզ չեմ մատուցանիլ։
  • 25Եւ Դաւիթը այն տեղի համար Ոռնային կշիռքով վեց հարիւր սիկղ ոսկի տուաւ։
  • 26Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց, եւ կանչեց Տիրոջը, եւ նա նորան պատասխան տուաւ երկնքիցը ողջակէզի սեղանի վերայ ուղարկած կրակով։
  • 27Եւ Տէրն ասեց հրեշտակին, եւ հրեշտակն ետ դարձրեց իր սուրը պատեանի մէջը։
  • 28Այն ժամանակ երբոր Դաւիթը տեսաւ, որ Տէրը նորան պատասխան տուաւ Յեբուսացի Ոռնայի կալումը, այնտեղ զոհ մատուցրեց։
  • 29Բայց Տիրոջ խորանը, որ Մովսէսը շինել էր անապատումը, եւ ողջակէզի սեղանը Գաբաւոնի բարձրաւանդակումն էին։
  • 30Սակայն Դաւիթը չ’կարողացաւ գնալ նորա առաջը Աստուծուն հարցնելու համար. Որովհետեւ զարհուրում էր Տիրոջ հրեշտակի սուրի երեսիցը։
← Ցանկ