Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ19
  • 1Եւ նորանից յետոյ եղաւ որ Ամմոնի որդկանց թագաւոր Նաասը մեռաւ, եւ նորա որդին թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 2Եւ Դաւիթն ասեց. Նաասի որդի Անոնին մարդասիրութիւն անեմ, որովհետեւ նորա հայրն ինձ մարդասիրութիւն արաւ. Եւ Դաւիթը դեսպաններ ուղարկեց որ նորան մխիթարեն իր հօր մասին. Եւ Դաւիթի ծառաները գնացին Ամմոնի որդկանց երկիրը Անոնի մօտ նորան մխիթարելու։
  • 3Եւ Ամմոնի որդկանց իշխաններն ասեցին Անոնին. Մի՞թէ Դաւիթը մեծարում է քո հօրը քո աչքի առաջին, որ քեզ համար մխիթարիչներ է ուղարկել. Չէ՞ որ Դաւիթն իր ծառաներին քեզ մօտ ուղարկեց այս երկիրը քննելու, տակն ի վերայ անելու եւ լրտեսելու։
  • 4Եւ Անոնն առաւ Դաւիթի ծառաներին եւ նորանց ածիլեց եւ կտրեց նորանց հանդերձների կէսը մինչեւ նստելատեղը, եւ արձակեց նորանց։
  • 5Եւ գնացին ու պատմեցին Դաւիթին այն մարդկանց մասին, եւ նա մարդ ուղարկեց նորանց դիմաւորելու. Որովհետեւ այն մարդիկը շատ անարգուել էին. Եւ թագաւորն ասեց. Մնացէք Երիքով մինչեւ որ ձեր մօրուքը աճէ, եւ յետոյ դարձէք։
  • 6Եւ Ամմոնի որդիքը տեսան, որ Դաւիթի հետ իրանց բանը վատ է. Եւ Անոնն ու Ամմոնի որդիքը հազար տաղանդ արծաթ ուղարկեցին Միջագետաց Ասորիներից եւ Մաաքայի Ասորիներից եւ Սուբայից կառքեր եւ ձիաւորներ վարձելու։
  • 7Եւ նորանք իրանց համար վարձեցին երեսունեւերկու հազար կառք եւ Մաաքայի թագաւորին ու նորա ժողովրդին, եւ եկան բանակ տուին Մեդաբայի առաջին. Եւ Ամմոնի որդիքն էլ իրանց քաղաքներիցը ժողովուեցան եւ եկան պատերազմի։
  • 8Եւ երբոր Դաւիթը լսեց, Յովաբին եւ բոլոր քաջազուն զօրքերին ուղարկեց։
  • 9Ամմոնի որդիքն էլ դուրս եկան եւ քաղաքի մուտքին մօտ պատերազմի շարուեցան. Իսկ այն եկող թագաւորները առանձին էին դաշտումը։
  • 10Եւ Յովաբը տեսաւ որ պատերազմը առաջիցն ու ետեւիցը իր վերայ է հասնում, Իսրայէլի ընտիրներիցը ընտրեց եւ Ասորիների դէմ պատերազմի շարեց։
  • 12Եւ ասեց. Եթէ Ասորիները ինձ յաղթելու լինին, ինձ օգնութեան հասնես. Իսկ եթէ Ամմոնի որդիքը քեզ յաղթելու լինին, ես քեզ կ’օգնեմ։
  • 13Քաջասիրտ եղիր եւ քաջանանք մեր ժողովրդի համար եւ մեր Աստուծոյ քաղաքների համար. Իսկ Տէրն անէ իր աչքին հաճոյ եղածը։
  • 14Եւ Յովաբն իր հետ եղող զօրքովն Ասորիներին մօտեցաւ պատերազմով, եւ նորանք փախան նորա առաջիցը։
  • 15Եւ երբոր Ամմոնի որդիքը տեսան, որ Ասորիները փախան, նորանք էլ փախան նորա եղբօր Աբեսսայի առաջիցը եւ մտան քաղաքը։ Եւ Յովաբն եկաւ Երուսաղէմ։
  • 16Եւ երբոր Ասորիները տեսան, որ իրանք Իսրայէլի առաջին կոտորուեցան, դեսպաններ ուղարկեցին եւ Գետի այն կողմին եղող Ասորիներին ոտք հանեցին, եւ նորանց առաջիցը Ադրազարի զօրագլուխը՝ Սովբակ։
  • 17Եւ երբոր Դաւիթին պատմեցին, այն ժամանակ ժողովեց բոլոր Իսրայէլին, Յորդանանիցն անցաւ, եկաւ նորանց հասաւ եւ շարուեցան նորանց դէմ. Եւ Դաւիթն Ասորիների դէմ պատերազմ կազմեց եւ պատերազմեց նորանց հետ։
  • 18Եւ Ասորիները փախան Իսրայէլի առաջիցը. Եւ Դաւիթը փչացրեց Ասորիներից եօթը հազար կառքեր եւ քառասուն հազար հետեւակ զօրք. Եւ զօրագլուխ Սովբակին սպանեց։
  • 19Եւ երբոր Ադրազարի ծառաները, տեսան, որ կոտորուեցան Իսրայէլի առաջին, այն ժամանակ խաղաղութիւն արին Դաւիթի հետ եւ նորան ծառայ եղան։ Եւ Ասորիները չ’ուզեցին Ամմոնի որդկանց այլ եւս օգնել։
← Ցանկ