Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ16
  • 1Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. Եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։
  • 2Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։
  • 3Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։
  • 4Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։
  • 5Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. Եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։
  • 6Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։
  • 7Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.
  • 8Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։
  • 10Պարծեցէք նորա սուրբ անունովը. Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։
  • 11Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։
  • 12Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ, նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
  • 13Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ, Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.
  • 14Ինքը Եհովան է մեր Աստուածը, Նորա իրաւունքները ամեն երկրում կան։
  • 15Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը, Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,
  • 16Այն որ ուխտեց Աբրահամի հետ, Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.
  • 17Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝ Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
  • 18Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, Ձեր ժառանգութեան վիճակը.
  • 19Երբոր դուք սակաւաթիւ էիք Եւ քիչ ու պանդուխտ՝ նորանում,
  • 20Եւ ազգից ազգ էին գնում, Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.
  • 21Նա մի մարդի թոյլ չ’տուաւ, որ նորանց նեղացնեն, Եւ թագաւորներ պատժեց նորանց համար,
  • 22Թէ Մի մօտենաք իմ օծեալներին, Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։
  • 23Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.
  • 24Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը, Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։
  • 25Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
  • 26Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։
  • 27Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը, Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.
  • 28Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր, Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։
  • 29Տիրոջը տուէք նորա անուան փառքը, Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը, Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։
  • 30Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ, Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։
  • 31Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ, Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.
  • 32Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը, Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։
  • 33Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։
  • 34Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
  • 35Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը, Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը, Որ գոհանանք քո սուրբ անունից, Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։
  • 36Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը Յաւիտենից մինչեւ յաւիտեան։ Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։
  • 37Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ,
  • 38Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։
  • 39Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը.
  • 40Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։
  • 41Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
  • 42Եւ նորանց հետ Եմանը եւ Իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։
  • 43Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։
← Ցանկ