Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ16
- 1Եւ Աստուծոյ տապանակը բերին, եւ նորան դրին այն վրանի մէջ, որ Դաւիթը կանգնեցրել էր նորա համար. Եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցրին Աստուծոյ առաջը։
- 2Եւ երբոր Դաւիթը վերջացրեց ողջակէզները եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը, այն ժամանակ օրհնեց ժողովրդին Եհովայի անունովը։
- 3Եւ բաշխեց Իսրայէլի բոլոր մարդկանցը՝ մարդից մինչեւ կինը իւրաքանչիւրին մէկ նկանակ հաց եւ մի կտոր միս եւ մէկ կարկանդակ։
- 4Եւ Տիրոջ տապանակի առաջը Ղեւտացիներիցը պաշտօնեաներ դրաւ Իսրայէլի Տէր Աստուծուն յիշելու, օրհնելու եւ փառաւորելու համար։
- 5Գլխաւորը Ասափ, եւ նորա երկրորդը Զաքարիա, Յէիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Մատաթիա, Եղիաբ, Բանեա, Աբդեդօմ եւ Յէիէլ տաւիղների եւ քնարների նուագարաններով. Եւ Ասափը հնչեցնող ծնծղաներով։
- 6Եւ Բանեան ու Յազիէլ քահանաները մշտական փողերով Աստուծոյ ուխտի տապանակի առաջը։
- 7Այն ժամանակ առաջին անգամ Դաւիթը Տիրոջը օրհնելու յանձնարարութիւնը արաւ Ասափին եւ նորա եղբայրներին.
- 8Գոհացէք Տէրիցը, կանչեցէք նորա անունը. Իմացրէք ժողովուրդների մէջ նորա գործքերը։
- 9Երգեցէք նորան, սաղմոսեցէք նորան, Մտածեցէք նորա ամեն սքանչելեաց վերայ։
- 10Պարծեցէք նորա սուրբ անունովը. Տիրոջը խնդրողների սիրտն ուրախանայ։
- 11Տիրոջը խնդրեցէք եւ նորա զօրութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։
- 12Յիշեցէք նորա հրաշքները որ արաւ, նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը։
- 13Ով նորա Իսրայէլ ծառայի զաւակներ, Նորա ընտրեալք՝ Յակոբի որդիք.
- 14Ինքը Եհովան է մեր Աստուածը, Նորա իրաւունքները ամեն երկրում կան։
- 15Յիշեցէք յաւիտեան նորա ուխտը, Իր պատուիրած խօսքը մինչեւ հազար ազգ,
- 16Այն որ ուխտեց Աբրահամի հետ, Եւ իր երդումը՝ Իսահակի հետ.
- 17Եւ հաստատեց, որ Յակոբի համար օրէնք՝ Եւ Իսրայէլի համար յաւիտենական ուխտ լինի.
- 18Ասելով. Քեզ կ’տամ Քանանի երկիրը, Ձեր ժառանգութեան վիճակը.
- 19Երբոր դուք սակաւաթիւ էիք Եւ քիչ ու պանդուխտ՝ նորանում,
- 20Եւ ազգից ազգ էին գնում, Եւ մէկ թագաւորութիւնից ուրիշ ժողովրդի մօտ.
- 21Նա մի մարդի թոյլ չ’տուաւ, որ նորանց նեղացնեն, Եւ թագաւորներ պատժեց նորանց համար,
- 22Թէ Մի մօտենաք իմ օծեալներին, Եւ իմ մարգարէներին չար բան մի անէք։
- 23Երգեցէք Տիրոջը, ով բոլոր երկիր, Քարոզեցէք օրից օր նորա փրկութիւնը.
- 24Պատմեցէք ազգերի մէջ նորա փառքը, Ամեն ժողովուրդների մէջ՝ նորա հրաշքները։
- 25Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, Եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
- 26Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, Բայց Եհովան արաւ երկինքը։
- 27Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջը, Զօրութիւն եւ ուրախութիւն՝ նորա բնակարանումը.
- 28Տիրոջը տուէք, ով ազգերի ցեղեր, Տիրոջը տուէք փառք եւ զօրութիւն։
- 29Տիրոջը տուէք նորա անուան փառքը, Ընծայ բերէք եւ մտէք նորա առաջը, Երկրպագեցէք Տիրոջը սուրբ զարդարանքով։
- 30Վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիրներ, Եւ աշխարհքը հաստատ է առանց սասանման։
- 31Երկինքը թող ուրախանայ եւ երկիրը ցնծայ, Եւ ասեն ազգերի մէջ, թէ Տէրը թագաւոր է.
- 32Ծովը գոռգոռայ իր լիութիւնովը, Ուրախանայ դաշտը եւ բոլոր նորա մէջ եղողը։
- 33Այն ժամանակ ցնծան անտառի ծառերը Տիրոջ առաջը, որովհետեւ գալիս է երկիրը դատելու։
- 34Գոհացէք Տէրիցը որ բարի է, Որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
- 35Եւ ասեցէք. Փրկիր մեզ, ով մեր փրկութեան Աստուածը, Եւ մեզ ժողովիր եւ մեզ ազատիր ազգերիցը, Որ գոհանանք քո սուրբ անունից, Եւ պարծենանք քո օրհնութիւնովը։
- 36Օրհնեալ է Եհովան Իսրայէլի Աստուածը Յաւիտենից մինչեւ յաւիտեան։ Եւ բոլոր ժողովուրդն ասեց՝ Ամէն, եւ օրհնեց Տիրոջը։
- 37Եւ այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առաջը թողեց Ասափին եւ նորա եղբայրներին միշտ տապանակի առաջը պաշտօն կատարելու օր ըստ օրէ,
- 38Եւ Աբդեդօմին եւ նորա եղբայրներին վաթսունեւութ հոգի, եւ Իդիթունի որդի Աբդեդօմին եւ Ուսային՝ դռնապաններ արաւ։
- 39Եւ Սադովկ քահանային եւ նորա եղբայրներին՝ քահանաներ Տիրոջ բնակարանի առաջը Գաբաւոնում եղող բարձր տեղումը.
- 40Որ Տիրոջը ողջակէզներ մատուցանեն ողջակէզի սեղանի վերայ միշտ առաւօտ եւ իրիկուն, եւ կատարեն Տիրոջ օրէնքումը գրուած այն ամենը, որ հրամայեց Իսրայէլին։
- 41Եւ նորանց հետ Եմանին եւ Իդիթունին եւ մնացեալ ընտրուածներին, որ անուանի էին, որ Տէրիցը գոհանան. որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
- 42Եւ նորանց հետ Եմանը եւ Իդիթունը՝ փողերով եւ ծնծղաներով հնչեցնելու համար, եւ Աստուծոյ նուագարաններովը. Իսկ Իդիթունի որդկանցը դրաւ դռան վերայ։
- 43Եւ բոլոր ժողովուրդը գնաց ամեն մէկն իր տունը. Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունն օրհնելու։