Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ15
  • 1Եւ նա իր համար Դաւիթի քաղաքումը տներ շինեց, եւ Աստուծոյ տապանակի համար տեղ պատրաստեց, եւ նորա համար մի վրան գցեց։
  • 2Այն ժամանակ Դաւիթն ասեց. Ոչ ով վեր չ’առնէ Աստուծոյ տապանակը բացի Ղեւտացիներից. Որովհետեւ Տէրը նորանց ընտրեց որ կրեն Աստուծոյ տապանակը եւ նորան ծառայեն յաւիտեան։
  • 3Եւ Դաւիթը ժողովեց բոլոր Իսրայէլը Երուսաղէմ, որ Տիրոջ տապանակը վեր տանեն իր տեղը, որ նորա համար պատրաստեց։
  • 4Եւ Դաւիթը ժողովեց Ահարօնի որդիներին եւ Ղեւտացիներին.
  • 5Կահաթի որդկանցից՝ Ուրիէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր քսան։
  • 6Մերարիի որդկանցից՝ Ասայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր քսան։
  • 7Գերսոնի որդկանցից՝ Յովէլ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր երեսուն։
  • 8Եղիսափանի որդկանցից՝ Սեմայիա իշխանին եւ նորա եղբայրներին երկու հարիւր։
  • 9Քեբրոնի որդկանցից՝ Եղիէլ իշխանին եւ նորա եղբայրներին ութսուն։
  • 10Ոզիէլի որդկանցից՝ Ամինադաբ իշխանին եւ նորա եղբայրներին հարիւր տասնեւերկու։
  • 11Եւ Դաւիթը կանչեց Սադովկ եւ Աբիաթար քահանաներին եւ Ղեւտացիներից՝ Ուրիէլին, Ասայիային, Յովէլին, Սեմայիային, Եղիէլին եւ Ամինադաբին,
  • 12Եւ նորանց ասեց. Դուք էք Ղեւտացիների տոհմերի գլխաւորները. Սրբեցէք ձեր անձերը դուք եւ ձեր եղբարքը, որ Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանէք նորա համար իմ պատրաստած տեղը։
  • 13Որովհետեւ սկզբումը դուք չ’լինելու համար՝ մեր Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չ’խնդրեցինք ինչպէս որ կարգն է։
  • 14Եւ քահանաներն եւ Ղեւտացիներն սրբեցին իրանց անձերը Իսրայէլի Տէր Աստուծոյ տապանակը վեր տանելու համար։
  • 15Եւ Ղեւտացիների որդիները վեր առան Աստուծոյ տապանակը՝ ինչպէս որ Մովսէսը Տիրոջ խօսքին համեմատ հրամայել էր՝ իրանց ուսերի վերայ ձողերով նորանց վերայ։
  • 16Եւ Դաւիթը պատուիրեց Ղեւտացիների իշխաններին, որ իրանց եղբայրներից կանգնեցնեն երգիչներ երգեցողութեան գործիքներով՝ տաւիղներով, քնարներով եւ ծնծղաներով, որ բարձր ձայնով երգեն ուրախութեան համար։
  • 17Եւ Ղեւտացիները կանգնեցրին Յովելի որդի Եմանին, եւ նորա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին, եւ նորանց եղբարք՝ Մերարիի որդկանցից Կիսեայի որդի Եթանին։
  • 18Եւ նորանց հետ նորանց երկրորդ դասակարգի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Յազիէլին, Սեմիրամովթին, Յեքիէլին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղէին, Մակենիային, Աբդեդօմին եւ Յէիէլին որ դռնապաններ էին։
  • 19Եւ Եման, Ասափ եւ Եթան երգիչները՝ պղնձի ծնծղաները հնչեցնելու համար.
  • 20Եւ Զաքարիա, Ազիէլ, Սեմիրամովթ, Յեքիէլ, Ուննի, Եղիաբ, Մաասիա եւ Բանեա Ալամօթի վերայ տաւիղներով նուագելու համար։
  • 21Եւ Մատաթիա, Եղիփաղէ, Մակենիա, Աբդեդօմ, Յէիէլ եւ Ազազիա քնարներով Շէմինիթով առաջնորդելով։
  • 22Եւ Ղեւտացիների երգեցողութեան իշխան Քոնոնիան սովորեցնում էր երգելը, որովհետեւ նա հանճարեղ էր։
  • 23Եւ Բարաքիան եւ Եղկանան տապանակի դռնապաններն էին։
  • 24Եւ Սաբանիա, Յովսափատ, Նաթանայէլ, Ամեսայի, Զաքարիա, Բանեա եւ Եղիազար քահանաները փողերը հնչեցնում էին Աստուծոյ տապանակի առաջը. Եւ Աբդեդօմ ու Յէիա տապանակի դռնապաններն էին։
  • 25Այսպէս Դաւիթը եւ Իսրայէլի ծերերը եւ հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ վեր տանելու։
  • 26Եւ երբոր Աստուած Տիրոջ ուխտի տապանակը կրող Ղեւտացիներին օգնեց, այն ժամանակ եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհ արին։
  • 27Եւ Դաւիթը բեհեզի պատմուճան էր հագել, նոյնպէս եւ բոլոր Ղեւտացիները որ կրում էին տապանակը, եւ երգիչները, եւ երգիչների գլխաւորը Քոնոնիա երգիչների հետ. Եւ Դաւիթի վերայ քթանի եփուդ կար։
  • 28Եւ բոլոր Իսրայէլը վեր էր տանում Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով։
← Ցանկ