Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ14
- 1Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։
- 2Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. Որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձրացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։
- 3Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։
- 4Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան,
- 5Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,
- 6Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,
- 7Յափիէ, Եղիսամա, Բաղիադա եւ Եղիփաղէտ։
- 8Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։
- 9Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։
- 10Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կ’մատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կ’մատնեմ։
- 11Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. Եւ Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
- 12Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. Եւ Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։
- 13Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։
- 14Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։
- 15Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. Որովհետեւ Աստուած պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։
- 16Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոնից մինչեւ Գազեր։
- 17Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։