Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ9
- 1Եւ Եղիսէ մարգարէն կանչեց մարգարէների որդիներից մէկին եւ ասեց նորան. Գօտիդ մէջքդ կապիր եւ այս իւղի ամանը ձեռքդ առ եւ գնա Ռամովթ-գաղաադ։
- 2Եւ երբոր այնտեղ հասար, աչք ածիր այնտեղ Նամեսսեան Յովսափատի որդի Յէուին, եւ գնա ու վեր առ նորան իր եղբայրների միջիցը եւ նորան տար մի ներսի սենեակ։
- 3Եւ իւղի ամանը առ եւ ածիր նորա գլխին եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ. Յետոյ դուռը բաց ու փախիր եւ մի սպասիր։
- 4Եւ այն երիտասարդը՝ մարգարէի ծառան Ռամովթ-գաղաադ գնաց։
- 5Եւ եկաւ. Եւ ահա զօրքի իշխանները նստել էին. Եւ նա ասեց. Ես մի խօսք ունեմ քեզ հետ, ով զօրագլուխ. Եւ Յէուն ասեց. Մեր ամենիցը որի՞ հետ. Եւ նա ասեց. Քեզ հետ, ով զօրագլուխ։
- 6Նա էլ վեր կացաւ գնաց տունը. Եւ նա իւղը թափեց նորա գլխին եւ նորան ասեց Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես քեզ թագաւոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի վերայ։
- 7Եւ դու ջարդիր քո տիրոջ Աքաաբի տունը, որ Յեզաբէլի ձեռքից առնեմ իմ մարգարէ ծառաների եւ Տիրոջ ամեն ծառաների արիւնների վրէժը։
- 8Եւ Աքաաբի բոլոր տունը պիտի փչանայ, եւ պիտի ջնջեմ Աքաաբի համար ամեն արու մարդին եւ կապուածին ու արձակուածին Իսրայէլի մէջ։
- 9Եւ Աքաաբի տունը պիտի Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս անեմ։
- 10Եւ Յեզաբէլին էլ պիտի շուներն ուտեն Յեզրայէլի ագարակումը, եւ թաղող պիտի չ’լինի։ Եւ դուռը բացաւ ու փախաւ։
- 11Եւ Յէուն դուրս եկաւ գնաց իր տիրոջ ծառաների մօտ. Եւ նորան ասեցին. Խաղաղութի՞ւն է. Ի՞նչու համար էր եկել այդ ցնորուածը քեզ մօտ. Եւ նա ասեց նորանց. Դուք ճանաչում էք այն մարդին էլ նորա խօսքն էլ։
- 12Բայց նորանք ասեցին. Սխալ է մեզ պատմիր. Եւ նա ասեց. Այսպէս եւ այսպէս ասեց ինձ ասելով թէ Եհովան այսպէս է ասում. Ես քեզ թագաւոր օծեցի Իսրայէլի վերայ։
- 13Եւ նորանք շուտով ամեն մէկն իր հանդերձներն առան եւ գցեցին նորա տակը բուն աստիճանների վերայ եւ փողը հնչեցրին ու ասեցին. Յէուն է թագաւոր։
- 14Եւ Նամեսսեան Յովսափատի որդի Յէուն դաւաճանութիւն արաւ Յովրամի դէմ։ ( Բայց Յովրամը պահպանութիւն էր անում Ռամովթ-գաղաադում ինքը եւ բոլոր Իսրայէլը Ասորիների Ազայէլ թագաւորի երեսից։
- 15Եւ Յովրամ թագաւորը ետ էր դառել, որ առողջանայ Յեզրայէլում Ասորիների նորան տուած վէրքերիցը, երբոր նա պատերազմ ունէր Ասորիների Ազայէլ թագաւորի հետ։) Եւ Յէուն ասեց. Եթէ հաճութիւն ունէք, մի փախստական դուրս չ’գայ այս քաղաքից, որ գնայ եւ իմացնէ Յեզրայէլում։
- 16Եւ Յէուն հեծաւ եւ գնաց Յեզրայէլ, որովհետեւ Յովրամն այնտեղ պառկած էր, եւ Յուդայի Ոքոզիա թագաւորն իջել էր այնտեղ որ Յովրամին տեսնէ։
- 17Եւ դէտը կանգնել էր Յեզրայէլի աշտարակի վերայ, եւ տեսաւ Յէուի բազմութիւնը գալիս, եւ ասեց. Մի բազմութիւն եմ տեսնում գալիս. Եւ Յովրամն ասեց. Մի ձիաւոր առ եւ ուղարկիր նորանց դէմ, որ ասէ՝ Խաղաղութի՞ւն է։
- 18Եւ ձիաւորը գնաց նորան դիմաւորելու, եւ ասեց. Այսպէս է ասում թագաւորը՝ Խաղաղութի՞ւն է։ Եւ Յէուն ասեց նորան. Դու ի՞նչ բան ունես խաղաղութեան հետ, ետեւս անցիր։ Եւ դէտը պատմեց եւ ասեց. Պատգամաւորը գնաց մինչեւ նորանց եւ ետ չ’դառաւ։
- 19Եւ մի երկրորդ ձիաւոր ուղարկեց, եւ նա գնաց նորանց մօտ, եւ ասեց. Այսպէս է ասում թագաւորը. Խաղաղութի՞ւն է։ Եւ Յէուն ասեց նորան. Դու ի՞նչ բան ունես խաղաղութեան հետ. Ետեւս անցիր։
- 20Եւ դէտը պատմեց եւ ասեց. Գնաց մինչեւ նորանց եւ ետ չ’դառաւ. Եւ ընթացքը Նամեսսեան Յէուի ընթացքին նման է. Որովհետեւ կատաղաբար է քշում։
- 21Եւ Յովրամն ասեց. Լծեցէք. Եւ նորանք լծեցին նորա կառքը, եւ դուրս եկաւ Իսրայէլի Յովրամ թագաւորը եւ Յուդայի Ոքոզիա թագաւորը ամեն մէկն իր կառքովը Յէուին դիմաւորելու, եւ նորան գտան Յեզրայէլացի Նաբովթի ագարակումը։
- 22Եւ եղաւ երբոր Յովրամը Յէուին տեսաւ, ասեց. Խաղաղութի՞ւն է, Յէ՛ու. Եւ նա ասեց. Ի՜նչ է խաղաղութիւնը, մինչեւ որ կան քո մօր՝ Յեզաբէլի պոռնկութիւնները եւ նորա շատ կախարդութիւնները։
- 23Եւ Յովրամը դարձրեց իր ձեռքերը ու փախաւ. Եւ Ոքոզիային ասեց. Դաւաճանութիւն է, Ոքոզիա։
- 24Եւ Յէուն պինդ քաշեց աղեղը եւ զարկեց Յովրամին նորա ուսերի մէջտեղից, եւ նետը անցաւ սրտի միջովը, եւ նա կծկուեցաւ իր կառքումը։
- 25Եւ Յէուն ասեց իր զօրագլուխ Բադեկարին. Վեր առ գցիր դորան Յեզրայէլացի Նաբովթի կալուածքի ագարակը. Որովհետեւ յիշիր, երբոր ես եւ դու նորա հայր Աքաաբի ետեւից հեծած զոյգ գնում էինք, Տէրը այդ վճիռը տուաւ որան։
- 26Իրաւի տեսայ երէկ Նաբովթի արիւնը նորա որդկանց արիւնը, ասում է Տէրը, եւ պիտի հատուցանեմ քեզ այս ագարակումը, ասում է Տէրը. Եւ արդ՝ վեր առ գցիր դորան ագարակը՝ Տիրոջ խօսքին համեմատ։
- 27Եւ երբոր Յուդայի թագաւոր Ոքոզիան տեսաւ, փախաւ պարտէզի տան ճանապարհովը. Եւ Յէուն հալածեց նորան եւ ասեց. Դորան էլ սպանեցէք այդ կառքի վերայ. Եւ վիրաւորեցին նորան Յեբղաամի մօտ եղող Գուր բլուրի վերայ. Նա էլ փախաւ Մակեդդով, եւ մեռաւ այնտեղ։
- 28Եւ նորա ծառաները նորան կառքով տարին Երուսաղէմ եւ թաղեցին նորան իր գերեզմանումը իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը,
- 29Եւ Ոքոզիան թագաւոր եղաւ Յուդայի վերայ Աքաաբի որդի Յովրամի տասնեւմէկերորդ տարին։
- 30Եւ Յէուն եկաւ Յեզրայէլ։ Եւ երբոր Յեզաբէլը լսեց, ծարոյր դրաւ աչքերին եւ զարդարեց իր գլուխը եւ պատուհանովը դուրս էր նայում։
- 31Եւ Յէուն մտաւ քաղաքի դուռը. Եւ Յեզաբէլն ասեց. Մի՞թէ խաղաղութիւն գտաւ իր տիրոջն սպանող Զամբրին։
- 32Իսկ նա իր երեսը վեր բարձրացրեց դէպի պատուհանը եւ ասեց. Ո՞վ է ինձ հետ, ո՞վ. Եւ երկու երեք ներքինիներ մտիկ տուին իրան։
- 33Եւ ասեց. Դորան վայր գցեցէք. Եւ նորանք վայր գցեցին նորան. Եւ նորա արիւնը պատովը եւ ձիերովը տուաւ. Եւ նորան կոխ տուին։
- 34Յետոյ նա եկաւ եւ կերաւ ու խմեց եւ ասեց. Գտէք այդ անիծուածին եւ թաղեցէք դորան. Որովհետեւ թագաւորի աղջիկ է։
- 35Եւ գնացին նորան թաղելու, բայց նորա վերայ բան չ’գտան բացի գագաթից եւ ոտներից եւ ձեռքերի թաթերից։
- 36Եւ ետ դառան նորան իմացրին. Եւ նա ասեց. Այդ Տիրոջ խօսքն է որ խօսել է իր ծառայ Թեզբացի Եղիայի ձեռով ասելով. Յեզրայէլի ագարակումը շուները պիտի ուտեն Յեզաբէլի միսը.
- 37Եւ Յեզաբէլի դիակը աղբի պէս պիտի լինի Յեզրայէլի ագարակի վերայ այնպէս որ չ’ասեն թէ Սա Յեզաբէլն է։