Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ8
  • 1Եւ Եղիսէն խօսեց այն կնկայ հետ որի որդիին ողջացրել էր, թէ Վեր կաց եւ գնա եւ քո տունը եւ պանդուխտ եղիր ուր որ կարող ես. Որովհետեւ Տէրը կանչել է սովը, եւ նա էլ գալու է այս երկիրը եօթը տարի։
  • 2Եւ վեր կացաւ այն կինը եւ արաւ Աստուծոյ մարդի խօսքին պէս, եւ գնաց նա եւ իր տունը եւ պանդուխտ եղաւ Փղշտացիների երկրումը եօթը տարի։
  • 3Եւ եօթը տարի անցնելուց յետոյ այն կինը ետ դառաւ Փղշտացիների երկրիցը եւ գնաց իր տան եւ իր արտի համար թագաւորին բողոքելու։
  • 4Եւ թագաւորը խօսում էր Աստուծոյ մարդի ծառայ Գէեզիի հետ ասելով. Ինձ պատմիր այն ամեն մեծամեծ բաները որ Եղիսէն արել է.
  • 5Եւ երբոր նա թագաւորին պատմում էր, թէ ինչպէս ողջացրեց մեռելին, ահա այն կինը որի որդիին ողջացրել էր, բողոքում էր թագաւորին իր տան եւ իր արտի համար. Եւ Գէեզին ասեց. Ով իմ տէր թագաւոր, սա այն կինն է եւ սա նորա որդին է, որին ողջացրեց Եղիսէն։
  • 6Եւ թագաւորը հարցրեց այն կնկան, նա էլ պատմեց նորան. Եւ թագաւորը նորան մի ներքինի տուաւ ասելով. Ետ դարձրու դորա բոլոր ստացուածքը եւ արտի բոլոր արդիւնքը նորա այս երկիրը թողած օրիցը մինչեւ հիմա։
  • 7Եւ Եղիսէն գնաց Դամասկոս. Եւ Ասորիների Բենադադ թագաւորը հիւանդ էր եւ նորան իմացրին, թէ Աստուծոյ մարդը եկել է մինչեւ այստեղ։
  • 8Եւ թագաւորն ասեց Ազայէլին. Ձեռքդ ընծայ առ եւ գնա Աստուծոյ մարդին դիմաւորելու, եւ նորանով հարցրու Եհովային ասելով թէ Արդեօք պիտի առողջանա՞մ այս հիւանդութիւնից։
  • 9Եւ Ազայէլը գնաց, նորան դիմաւորեց, եւ իր ձեռքը ընծայ առաւ, եւ Դամասկոսի բոլոր բարիքներիցը քառասուն ուղտի բեռ, եւ եկաւ ու կանգնեց նորա առաջին եւ ասեց. Քո որդին Ասորիների Բենադադ թագաւորը՝ ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով թէ Արդեօք պիտի առողջանա՞մ այս հիւանդութիւնից։
  • 10Եւ Եղիսէն ասեց նորան. Գնա ասիր նորան թէ առողջանալու ես. Բայց Տէրը ինձ ցոյց տուաւ որ նա պիտի մեռնէ։
  • 11Եւ նա երեսը դարձրեց նորան ու կանգնեց շատ երկար, եւ Աստուծոյ մարդը լաց եղաւ։
  • 12Եւ Ազայէլն ասեց. Ի՞նչու համար է իմ տէրը լաց լինում. Նա էլ ասեց. Որովհետեւ գիտեմ թէ դու ինչ չարիք պիտի անես Իսրայէլի որդկանցը, նորանց բերդերը կրակով պիտի այրես, եւ նորանց տղամարդներին սրով պիտի սպանես, եւ նորանց մանուկներին քարովը պիտի տաս, եւ նորանց յղիներին պիտի ճղես։
  • 13Եւ Ազայէլն ասեց. Ի՞նչ է քո ծառան՝ այս շունը, որ այս մեծ բանն անէ. Բայց Եղիսէն ասեց նորան. Տէրը քեզ ցոյց տուաւ ինձ իբրեւ Ասորիների վերայ թագաւոր։
  • 14Եւ նա գնաց Եղիսէի մօտիցը եւ եկաւ իր տիրոջ մօտ, եւ նա ասեց նորան. Եղիսէն քեզ ի՞նչ է ասել. Եւ նա ասեց. Ասել է թէ առողջանալու ես։
  • 15Եւ հետեւեալ օրը առաւ վերմակը եւ կոխեց ջուրը, եւ ձգեց նորա երեսի վերայ եւ նա մեռաւ. Եւ Ազայէլը թագաւոր եղաւ նորա տեղը։
  • 17Երեսունեւերկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։
  • 18Եւ գնաց Իսրայէլի թագաւորների ճանապարհովը, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը. Որովհետեւ Աքաաբի աղջիկը նորա կինն էր, եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին։
  • 19Եւ Տէրը չ’ուզեց ջնջել Յուդային իր Դաւիթ ծառայի համար, ինչպէս որ ասել էր նորան թէ մի ճրագ պիտի տայ նորան նորա որդկանցում ամեն ժամանակ։
  • 20Նորա օրերում ապստամբուեց Եդովմը Յուդայից, եւ իրանց վերայ մի թագաւոր դրին։
  • 21Եւ Յովրամն անցաւ Սայիր եւ բոլոր կառքերն իր հետը։ Եւ եղաւ որ նա գիշերը վեր կացաւ եւ ջարդեց Եդովմացիներին, որ իրան պաշարել էին, եւ կառքերի իշխաններին, եւ ժողովուրդը փախաւ իր վրանները։
  • 22Բայց Եդովմն ապստամբ մնաց Յուդային մինչեւ այսօր։ Այն ժամանակ Լեբնան էլ ապստամբուեց։
  • 23Եւ Յովրամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 24Եւ Յովրամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Ոքոզիան թագաւոր եղաւ նորա տեղը։
  • 25Իսրայէլի թագաւոր Աքաաբեան Յովրամի տասնեւերկուերորդ տարիումը թագաւոր եղաւ Յուդայի վերայ Յովրամի որդի Ոքոզիան։
  • 26Քսանեւերկու տարեկան էր Ոքոզիան երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ Իսրայէլի Ամրի թագաւորի դուստրը։
  • 27Եւ նա գնաց Աքաաբի տան ճանապարհովը եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. Որովհետեւ Աքաաբի տան փեսան էր։
  • 28Եւ Աքաաբեան Յովրամի հետ գնաց Ռամովթ-գաղաադ Ասորիների թագաւոր Ազայէլի հետ պատերազմելու. Բայց Ասորիները վիրաւորեցին Յովրամին։
  • 29Եւ Յովրամ թագաւորը ետ դառաւ որ Յեզրայէլումը բժշկուի այն վէրքերիցը, որ Ասորիները տուել էին նորան Ռամովթի մէջ Ասորիների Ազայէլ թագաւորի հետ պատերազմ անելու ժամանակ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ոքոզիան իջաւ Յեզրայէլ Աքաաբեան Յովրամին տեսնելու, որովհետեւ հիւանդ էր։
← Ցանկ