Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ24
  • 1Նորա օրերումը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր եկաւ. Եւ Յովակիմը ծառայ եղաւ նորան երեք տարի, եւ դարձեալ նորանից ապստամբուեց։
  • 3Սակայն սա Տիրոջ պատուէրի համեմատ եղաւ Յուդայի դէմ, որ նորան մերժէ իր առաջիցը Մանասէի մեղքերի համար՝ այն բոլորի համար, որ արել էր։
  • 4Նաեւ անմեղ արիւն էր թափել եւ Երուսաղէմը լցրել էր անմեղ արիւնով. Եւ Տէրը չ’ուզեց ներել։
  • 5Եւ Յովակիմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք բոլորը գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 6Եւ Յովակիմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Յովաքինը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 7Եգիպտոսի թագաւորը այլ եւս դուրս չ’եկաւ իր երկրիցը. Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը Եգիպտոսի հեղեղատիցը մինչեւ Եփրատ գետը առաւ բոլորը ինչ որ Եգիպտոսի թագաւորինն էր։
  • 8Տասնեւութ տարեկան էր Յովաքինը, երբոր թագաւոր եղաւ եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Նեհուսթա՝ դուստր Երուսաղէմացի Եղնաթանի։
  • 9Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հօր արածին պէս։
  • 10Այն ժամանակը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ծառաները վեր եկան Երուսաղէմ, եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ։
  • 11Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ քաղաքի վերայ, եւ նորա ծառաները նորան պաշարել էին։
  • 12Եւ Յուդայի Յովաքին թագաւորը դուրս եկաւ Բաբիլոնի թագաւորի դէմ իր մօր եւ իր ծառաների եւ իշխանների եւ իր ներքինիների հետ, եւ նորան բռնեց Բաբիլոնի թագաւորը իր թագաւորութեան ութերորդ տարին։
  • 13Եւ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը եւ թագաւորի տան գանձերը, եւ կոտրատեց այն բոլոր ոսկի անօթները, որ Իսրայէլի Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տաճարումը, ինչպէս որ Տէրը ասել էր։
  • 14Եւ գերի փոխադրեց բոլոր Երուսաղէմին եւ բոլոր իշխաններին եւ բոլոր քաջազուններին՝ տասը հազար գերի եւ բոլոր հիւսերին եւ դարբիններին. Ոչ ոք չ’մնաց բացի ժողովրդի աղքատներից։
  • 15Եւ գերի փոխադրեց Յովաքինին Բաբիլոն, եւ թագաւորի մօրը եւ թագաւորի կնիկներին եւ նորա ներքինիներին եւ երկրի զօրաւորներին գերի տարաւ Երուսաղէմից Բաբիլոն։
  • 16Եւ բոլոր զինուորներին՝ եօթը հազար, եւ հիւսերին եւ դարբիններին՝ հազար, բոլոր քաջերին, պատերազմ անողներին Բաբիլոնի թագաւորը գերի տարաւ Բաբիլոն։
  • 17Եւ Բաբիլոնի թագաւորը նորա հօրեղբօրը՝ Մաթանիային թագաւոր շինեց նորա տեղ, եւ նորա անունը փոխեց Սեդեկիա։
  • 18Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։
  • 19Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին Յովակիմի արածին պէս։
  • 20Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի դէմ էր, մինչեւ որ նորանց մերժէ իր երեսի առաջից։ Եւ ապստամբուեց Սեդեկիան Բաբիլոնի թագաւորի դէմ։
← Ցանկ