Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ21
  • 1Տասնեւերկու տարեկան էր Մանասէն երբոր թագաւոր եղաւ, ու յիսունեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Էփսիբայ։
  • 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին այն ազգերի գարշութիւնների պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
  • 3Նա կրկին շինեց այն բարձրաւանդակները որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, եւ Բահաղի համար սեղաններ կանգնեցրեց, եւ կուռքի անտառներ շինեց ինչպէս որ շինել էր Իսրայէլի Աքաաբ թագաւորը, եւ երկրպագութիւն արաւ երկնքի ամեն զօրքերին եւ ծառայեց նորանց։
  • 4Եւ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի համար Տէրն ասել էր, Երուսաղէմումը պիտի դնեմ իմ անունը։
  • 5Եւ սեղաններ շինեց երկնքի բոլոր զօրքերի համար Տիրոջ տան երկու գաւիթներումը։
  • 6Եւ իր որդիին կրակով անցկացրեց, եւ գուշակութիւն եւ հմայութիւն էր անում. Եւ շինեց մեռելահարցուկներ եւ նշանագէտներ. Նա շատ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին որ բարկացնէ։
  • 7Եւ իր շինած անտառի կուռքը դրաւ այն տանը, որի համար Տէրն ասել էր Դաւիթին եւ նորա որդի Սողոմոնին. Այս տանը եւ Երուսաղէմումը, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերիցը, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան։
  • 8Եւ Իսրայէլի ոտը այլ եւս պիտի չ’շարժեցնեմ այն երկրիցը որ տուել եմ իրանց հայրերին, միայն եթէ զգուշանան անելու բոլոր իմ իրանց պատուիրածին պէս եւ այն բոլոր օրէնքին պէս որ իմ ծառան՝ Մովսէսը իրանց հրամայել է։
  • 10Եւ Տէրը խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը ասելով.
  • 11Որովհետեւ Յուդայի Մանասէ թագաւորն արել է այդ գարշութիւնները, իրանից առաջ եղող Ամօրհացիների բոլոր արածներից աւելի չարութիւն է գործել եւ Յուդային էլ մեղանչել տուել իր կուռքերովը.
  • 12Նորա համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես չարիք պիտի բերեմ Երուսաղէմի եւ Յուդայի վերայ, որ ամեն ով լսէ այն, նորա երկու ականջները հնչեն։
  • 13Եւ պիտի ձգեմ Երուսաղէմի վերայ Սամարիայի լարը եւ Աքաաբի տան գնտակը, եւ պիտի սրբեմ Երուսաղէմը ինչպէս որ ամանն են սրբում, և սրբում ու դարձնում են նորա երեսի վերայ։
  • 14Եւ պիտի մերժեմ իմ ժառանգութեան մնացորդը եւ տամ նորանց իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի աւար եւ յափշտակութիւն լինին իրանց բոլոր թշնամիների համար։
  • 15Որովհետեւ իմ աչքի առաջին չարութիւն արին եւ ինձ բարկացրին այն օրիցը որ իրանց հայրերը դուրս եկան Եգիպտոսից մինչեւ այս օրը։
  • 16Նաեւ անմեղ արիւն թափեց Մանասէն այնքան խիստ շատ, որ լցրեց Երուսաղէմը ծայրէ ի ծայր բացի իր մեղքից, որ Յուդային մեղանչել տուաւ Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործելու։
  • 17Եւ Մանասէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը եւ նորա գործած մեղքը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 18Եւ Մանասէն ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր տան պարտէզումը՝ Ոզայի պարտէզումը. Եւ նորա որդի Ամոնը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 19Ամոնը քսանեւերկու տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ երկու տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Մեսողոմիթ՝ դուստր Ետեբացի Արուսի։
  • 20Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին, ինչպէս որ արել էր իր հայրը՝ Մանասէն։
  • 21Եւ բոլորովին այն ճանապարհովը գնաց, որով գնացել էր իր հայրը, եւ ծառայեց այն կուռքերին որոնց ծառայել էր իր հայրը եւ երկրպագեց նորանց։
  • 22Եւ թողեց իր հայրերի Տէր Աստուծուն, եւ չ’գնաց Տիրոջ ճանապարհովը։
  • 23Եւ Ամոնի ծառաները դաւաճանութիւն արին նորա դէմ եւ սպանեցին թագաւորին իր տանը։
  • 24Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագաւորի դէմ բոլոր դաւաճանողներին, եւ երկրի ժողովուրդը թագաւոր արաւ նորա որդի Յովսիային նորա տեղ։
  • 25Եւ Ամոնի գործերի մնացորդը, որ արաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 26Եւ նորան թաղեցին իր գերեզմանումը Ոզայի պարտէզումը. Եւ նորա որդի Յովսիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ