Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ17
  • 1Յուդայի թագաւոր Աքազի տասնեւերկուերորդ տարին թագաւոր եղաւ Էլայի որդի Ովսէէն Սամարիայումը Իսրայէլի վերայ ինը տարի թագաւորելով։
  • 2Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն թէ Իսրայէլի այն թագաւորներին պէս չէ, որ իրանից առաջ կային։
  • 3Նորա դէմ վեր եկաւ Ասորեստանի Սաղմանասար թագաւորը, եւ Ովսէէն նորան ծառայ եղաւ. Եւ նորան հարկ էր տալիս։
  • 4Եւ Ասորեստանի թագաւորը Ովսէէի վերայ նենգութիւն գտաւ, որ նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոսի Սովա թագաւորի մօտ, եւ ամեն տարուան պէս հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագաւորին. Եւ Ասորեստանի թագաւորը բռնեց նորան եւ բանտարկեց նորան։
  • 5Եւ Ասորեստանի թագաւորը գնաց բոլոր երկրովն ու եկաւ Սամարիա եւ պաշարեց նորան երեք տարի։
  • 6Ովսէէի իններորդ տարին Ասորեստանի թագաւորն առաւ Սամարիան, եւ Իսրայէլին գերի տարաւ Ասորեստան, եւ նորանց բնակեցրեց Քաղայում եւ Քաբովրում, Գովզան գետի մօտ, եւ Մարաց քաղաքներումը։
  • 7Որովհետեւ Իսրայէլի որդիքը մեղանչեցին իրանց Տէր Աստուծոյ դէմ, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրիցը Եգիպտոսի Փարաւօն թագաւորի ձեռքի տակից, եւ վախեցան ուրիշ աստուածներից.
  • 8Եւ գնացին այն ազգերի կանոններովը, որոնց Տէրը քշել էր Իսրայէլի որդկանց առաջից, եւ Իսրայէլի թագաւորների շինած կանոններովը,
  • 9Եւ Իսրայէլի որդիքը գործեր գործեցին գաղտնի, որ ուղիղ չէր իրանց Տէր Աստուծոյ մօտ. Եւ իրանց համար բարձրաւանդակներ շինեցին իրանց ամեն քաղաքներումը՝ պահապանաց աշտարակիցը մինչեւ պարսպաւոր քաղաքը։
  • 10Եւ իրանց համար արձաններ դրին եւ կուռքի անտառներ ամեն բարձր բլուրի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ։
  • 11Եւ այնտեղ խունկ ծխեցին ամեն բարձրաւանդակների վերայ այն ազգերի պէս, որոնց Տէրն իրանց առաջից դուրս էր արել եւ չար բաներ արին Տիրոջը բարկացնելու համար։
  • 12Եւ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տէրն ասել էր իրանց թէ Այդ բանը չ’անէք։
  • 13Այն ժամանակ Տէրը վկայութիւն էր տուել Իսրայէլի եւ Յուդայի դէմ իր բոլոր մարգարէների եւ բոլոր տեսանողների ձեռովն ասելով. Ետ դարձէք ձեր չար ճանապարհներիցը եւ պահեցէք իմ հրամանները եւ իմ կանոնները բոլոր այն օրէնքի պէս, որ ես հրամայել եմ ձեր հայրերին եւ որ ուղարկել եմ ձեզ մօտ իմ ծառաների՝ մարգարէների ձեռովը։
  • 14Բայց նորանք չ’լսեցին եւ խստացրին իրանց պարանոցը ինչպէս իրանց հայրերի պարանոցը, որ չէին հաւատում իրանց Տէր Աստուծուն.
  • 15Եւ արհամարհեցին նորա կանոնները եւ նորա ուխտը, որ արել էր իրանց հայրերի հետ, եւ նորա վկայութիւնները, որ վկայել էր նորանց դէմ, եւ գնացին սնապաշտութեան ետեւից եւ իրանք էլ սնապաշտ եղան, եւ այն ազգերի ետեւից, որ նորանց շրջակայքումն էին, որոնց մասին Տէրն իրանց հրամայել էր, որ նորանց նման չ’անեն։
  • 16Եւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ հրամանները եւ իրանց համար երկու ձուլածոյ որթ շինեցին եւ կուռքի անտառներ շինեցին եւ երկնքի բոլոր զօրքերին երկրպագութիւն արին եւ Բահաղին ծառայեցին։
  • 17Եւ իրանց տղերանցը եւ աղջկերանցը անցկացրին կրակով եւ կախարդութիւններ ու հմայութիւն արին եւ իրանց ծախեցին, որ չարութիւն անեն Տիրոջ առաջին նորան բարկացնելու համար։
  • 18Եւ Տէրը շատ բարկացաւ Իսրայէլի վերայ եւ մերժեց նորանց իր երեսից, ոչ ով չ’մնաց բայց միայն Յուդայի ցեղը։
  • 19Յուդան էլ չ’պահեց իրանց Տէր Աստուծոյ պատուէրները եւ գնացին Իսրայէլի կանոններով, որ նորանք շինել էին։
  • 20Եւ Տէրը մերժեց Իսրայէլի բոլոր սերունդը եւ նորանց խոնարհեցրեց եւ նորանց մատնեց յափշտակողների ձեռքը մինչեւ որ նորանց դէն գցեց իր երեսից։
  • 21Որովհետեւ Իսրայէլը պատառուեցաւ Դաւիթի տանիցը եւ թագաւոր արին Նաբատեան Յերոբովամին. Բայց Յերոբովամը դէն քշեց Իսրայէլին Տիրոջ ետեւից եւ նորանց մեծ մեղք գործել տուաւ։
  • 22Եւ Իսրայէլի որդիքը գնացին Յերոբովամի բոլոր մեղքերովը, որ նա արաւ, նորանցից չ’հեռացան։
  • 23Մինչեւ որ Տէրը նորանց մերժեց իր երեսիցը ինչպէս որ ասել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռովը. Եւ այսպէս Իսրայէլը գերի գնաց իր երկրիցը Ասորեստան մինչեւ այսօր։
  • 24Եւ Ասորեստանի թագաւորը մարդիկ բերաւ Բաբիլոնից, Քութայից, Աւայից, Եմաթից եւ Սեփարուիմից, եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքներումը Իսրայէլի որդկանց տեղը, եւ նորանք ժառանգեցին Սամարիան եւ բնակուեցան նորա քաղաքներումը։
  • 25Եւ նորանք իրանց այնտեղ բնակուելու սկզբումը Տէրիցը չէին վախենում, եւ Տէրը նորանց վերայ առիւծներ ուղարկեց, որ նորանց սպանում էին։
  • 26Եւ Ասորեստանի թագաւորին իմացրին ասելով. Այն ազգերը որոնց դու տեղափոխելով Սամարիայի քաղաքներումը բնակեցրիր, այն երկրի Աստուծոյ օրէնքը չ’գիտեն, եւ նա նորանց վերայ առիւծներ է ուղարկել, որոնք մեռցնում են նորանց, որովհետեւ այն երկրի Աստուծոյ օրէնքը չ’գիտեն։
  • 27Եւ Ասորեստանի թագաւորը հրամայեց ասելով. Ուղարկեցէք այնտեղ այն քահանաներից մէկին, որոնց ես գերի փոխադրեցի այնտեղից. Եւ գնան ու այնտեղ բնակուեն եւ նորանց սովորեցնեն այն երկրի Աստուծոյ օրէնքը։
  • 28Եւ այն քահանաներից մէկը, որոնց գերի էին փոխադրել Սամարիայից, եկաւ եւ բնակուեց Բեթէլում, եւ սովորեցնում էր նորանց թէ ինչպէս պիտի վախենային Տէրիցը։
  • 29Նոյնպէս ամեն մի ազգ իր աստուածներն էր շինում եւ դնում բարձրաւանդակների տանը, որ շինել էին Սամարացիներն, ամեն մի ազգ իր քաղաքներումը, ուր որ իրանք բնակվում էին։
  • 30Եւ Բաբիլոնի մարդիկը շինեցին Սաքքովթ-բանովթը, եւ Քութի մարդիկը շինեցին Ներգաղը, եւ Եմաթի մարդիկը շինեցին Ասիմաթը.
  • 31Եւ Աւացիները շինեցին Նեբասը եւ Թարթակը. Եւ Սեփարուիմացիներն այրում էին իրանց որդկանցը կրակով Սեփարուիմի աստուածներ՝ Ադրամելէքի եւ Անամելէքի համար։
  • 32Բայց Տէրիցն էլ էին վախենում, եւ իրանց համար քահանաներ էին շինում բարձրաւանդակների համար ժողովրդի միջիցը՝՝, եւ նորանց դնում էին բարձրաւանդակների տանը։
  • 33Տէրիցն էլ էին վախենում, եւ իրանց աստուածներին էլ էին ծառայում այն ազգերի սովորութեան պէս, որոնց փոխադրեց այնտեղից։
  • 34Մինչեւ այսօրն էլ նորանք առաջի սովորութիւնների պէս են անում. Տէրիցը չեն վախենում եւ չեն անում նորա պատուէրների եւ իրաւունքների պէս. Եւ այն օրէնքի եւ այն հրամանի պէս, որ Տէրը հրամայեց Յակոբի որդկանցը, որի անունը Իսրայէլ դրաւ։
  • 35Եւ Տէրը նորանց հետ ուխտ արաւ եւ նորանց հրամայեց ասելով. Ուրիշ աստուածներից մի վախենաք, եւ նորանց երկրպագութիւն մի անէք, եւ նորանց մի ծառայէք, եւ նորանց մի զոհէք։
  • 36Այլ միայն Տէրիցը, որ ձեզ դուրս բերաւ Եգիպտոսի երկրիցը մեծ ոյժով եւ մեկնած բազուկով, նորանից վախեցէք, եւ նորան երկրպագեցէք, եւ նորան զոհ մատուցրէք։
  • 37Եւ այն կանոնները եւ իրաւունքները եւ օրէնքը ու հրամանը, որ գրել է ձեզ համար պահեցէք ամեն ժամանակ անելու համար, եւ ուրիշ աստուածներից մի վախենաք։
  • 38Եւ այն ուխտը, որ ձեզ հետ արել եմ, մի մոռանաք, եւ ուրիշ աստուածներից մի վախենաք,
  • 40Բայց նորանք չ’լսեցին, այլ իրանց առաջի սովորութեան պէս արին։
  • 41Եւ այս ազգերը Տէրիցն էլ էին վախենում եւ իրանց կուռքերին էլ էին ծառայում, իրանց որդիքն էլ եւ իրանց որդկանց որդիքն էլ. Ինչպէս որ իրանց հայրերն էին անում, իրանք էլ այնպէս են անում մինչեւ այսօր։
← Ցանկ