Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ6
  • 1Եւ եղաւ Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից դուրս գալու չորս հարիւր ութսուներորդ տարին, Սողոմոնի Իսրայէլի վերայ թագաւորելու չորրորդ տարին Զիւ ամսի՝ այսինքն երկրորդ ամսի մէջ նա հիմնարկեց Տիրոջ տունը։
  • 2Եւ Սողոմոն թագաւորի՝ Տիրոջ համար շինած տան երկայնութիւնը վաթսուն կանգուն եւ լայնութիւնը քսան եւ բարձրութիւնը երեսուն կանգուն էր։
  • 3Եւ տան տաճարի առաջի սրահը քսան կանգուն երկայն էր տան լայնութեան համեմատ. Տասը կանգուն լայն էր տան համեմատ։
  • 4Եւ տանը կամարաւոր վանդակապատ պատուհաններ շինեց.
  • 5Եւ տան պատի վերայ պատուար շինեց շուրջանակի, տան պատերի վերայ շուրջանակի, տաճարին էլ դաբիրին էլ. Եւ խուցեր շինեց շուրջանակի։
  • 6Ներքեւի պատուարի լայնութիւնը հինգ կանգուն, եւ միջինի լայնութիւնը վեց կանգուն, եւ երրորդինի լայնութիւնը եօթը կանգուն. Որովհետեւ տան համար միջոցներ թողեց շուրջանակի դուրսիցը, որպէս զի տանը պատերին չ’դիպչեն։
  • 7Եւ տունը շինուելիս քարահանքի սրբատաշ քարերովն էր շինվում, եւ տանը մէջ նորա շինուելու ժամանակին ոչ մուրճի ոչ տապարի եւ բնաւ ոչ մի երկաթի գործիքի ձայն չէր լսվում։
  • 8Միջին կարգի խուցերի դուռը դէպի տան աջ կողմն էր, եւ ոլորուն սանդուղքով վեր էին գնում միջին կարգը. Եւ միջինից երրորդը։
  • 9Եւ նա տունը շինեց ու վերջացրեց նորան. Եւ տան ձեղունը ծածկեց տախտակամածով եւ յարկերը եղեւնափայտով։
  • 10Եւ պատուարը շինեց բոլոր տան վերայով հինգ կանգուն բարձրութեամբ, եւ շաղկապեց տան հետ եղեւնափայտերով։
  • 11Եւ Տիրոջ խօսքը եղաւ Սողոմոնին ասելով.
  • 12Այս տունը դու շինում ես. եթէ դու գնաս իմ պատուիրանքներովը եւ իմ իրաւունքը կատարես եւ պահես իմ ամեն հրամանները որ նորանցում գնաս, այն ժամանակ ես կ’հաստատեմ իմ խօսքը քեզ հետ, որ քո հայր Դաւիթի հետ խօսել եմ։
  • 13Եւ կ’բնակուեմ Իսրայէլի որդկանց մէջ, եւ իմ Իսրայէլ ժողովուրդս չեմ թողիլ։
  • 14Եւ Սողոմոնը շինեց տունը եւ վերջացրեց նորան։
  • 15Եւ տան պատերը ներսեւանց եղեւնափայտի տախտակներով շինեց տան յատակիցը մինչեւ ձեղունի պատերը ծածկեց ներսեւանց փայտով. Եւ տան յատակը ծածկեց մայրի տախտակներով։
  • 16Եւ տան ետեւի կողմից քսան կանգունը շինեց եղեւնափայտի տախտակներով յատակիցը մինչեւ պատերը, եւ նորան շինեց ներսեւանց իբրեւ դաբիր այսինքն իբրեւ սրբութիւն սրբութեանց։
  • 17Եւ տունը քառասուն կանգուն էր, այսինքն առաջի տաճարը։
  • 18Եւ տաճարի միջի եղեւնափայտերը կոճակների եւ բացուող ծաղիկների պէս դրօշուած էին. Բոլորը եղեւնափայտ էր. Բնաւ քար չէր երեւում։
  • 19Եւ դաբիրը պատրաստեց տանը մէջ ներսեւանց, որ այնտեղ դնէ Տիրոջ ուխտի տապանակը։
  • 20Եւ դաբիրը՝ առաջը քսան կանգուն երկայն եւ քսան կանգուն լայն եւ քսան կանգուն բարձր էր. Եւ նորան ձուլեց մաքուր ոսկիով, եւ սեղանը պատեց եղեւնափայտով։
  • 21Եւ Սողոմոնը պատեց տունը ներսեւանց մաքուր ոսկիով, եւ ոսկի շղթաներ անցկացրեց դաբիրի առաջով, եւ նորանց ոսկիով պատեց։
  • 22Եւ բոլոր տունը պատեց ոսկիով մինչեւ որ բոլոր տունը վերջացաւ եւ բոլոր սեղանը, որ դաբիրումն էր, պատեց ոսկիով։
  • 23Եւ դաբիրումը երկու քերովբէներ շինեց ձիթափայտից՝ բարձրութիւնը տասը կանգուն.
  • 24Եւ մէկ քերովբէի թեւը հինգ կանգուն. Եւ միւս քերովբէի թեւը հինգ կանգուն, սորա թեւերի ծայրերից մինչեւ նորա թեւերի ծայրերը տասը կանգուն։
  • 25Եւ երկրորդ քերովբէն տասը կանգուն էր. Երկու քերովբէների չափը եւ ձեւը մէկ էր։
  • 26Մէկ քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր. Նոյնպէս էր եւ երկրորդ քերովբէն։
  • 27Եւ քերովբէները դրաւ ներսի տան մէջ, եւ քերովբէների թեւերը տարածեցին, եւ մէկի թեւը դիպչում էր մէկ պատին, եւ երկրորդ քերովբէի թեւն էլ դիպչում էր միւս պատին, եւ նորանց տան միջի թեւերը դիպչում էին թեւ թեւի։
  • 28Եւ քերովբէներին պատեց ոսկիով։
  • 29Եւ տան բոլոր պատերի վերայ շուրջանակի դրօշեց քանդակագործ դրօշուած քերովբէներ եւ արմաւենիներ եւ բացուող ծաղիկներ ներսեւանց ու դրսեւանց։
  • 30Եւ տան յատակը պատեց ոսկիով ներսեւանց եւ դրսեւանց։
  • 31Եւ Դաբիրի դռանը ձիթափայտի փեղկեր շինեց՝ դրանդիների շրջանակներովը պատի մէկ հինգերորդ մասը։
  • 32Եւ դռան երկու փեղկերը ձիթափայտից, եւ դրօշեց նորանց վերայ դրօշուած քերովբէներ եւ արմաւենիներ եւ բացուող ծաղիկներ, եւ պատեց ոսկիով. Եւ տարածեց ոսկին քերովբէների եւ արմաւենիների վերայ։
  • 33Եւ այսպէս արաւ տաճարի դրանդիքը ձիթափայտից՝ պատի չորրորդ մասնից։
  • 34Եւ երկու փեղկերը մայր փայտից. Դռան երկու տախտակները ծալուող էին եւ միւս դռան երկու տախտակները ծալուող էին։
  • 35Եւ դրօշեց քերովբէներով եւ արմաւենիներով եւ բացուող ծաղիկներով. Եւ հարթեցրած ոսկիով պատեց յօրինուածի վերայով։
  • 36Եւ շինեց ներսի գաւիթը երեք կարգ սրբատաշ քարով եւ մէկ կարգ եղեւնափայտի կոճղերով։
  • 38Եւ տասնեւմէկերորդ տարուայ ութերորդ մասումն այսինքն Բուլ ամսումը վերջացաւ տաճարը իր բոլոր բաներովը եւ բոլոր պատշաճութեամբը. Եւ նորան շինեցին եօթը տարիում։
← Ցանկ