Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ1
  • 1Եւ Դաւիթ թագաւորը ծերացել ու օրերը անց էր կացրել. Եւ նորան հանդերձներով ծածկում էին, բայց չէր տաքանում։
  • 2Եւ նորա ծառաներն ասեցին նորան. Թող մեր տէր թագաւորի համար մի կոյս աղջիկ որոնեն, որ կանգնէ թագաւորի առաջին, եւ հոգ տանէ նորան, ու քո ծոցումը պառկէ, որ մեր տէր թագաւորը տաքանայ։
  • 3Եւ մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի բոլոր սահմանումը եւ գտան Սունամացի Աբիսակը, եւ նորան բերին թագաւորի մօտ։
  • 4Եւ աղջիկը շատ գեղեցիկ էր. Եւ թագաւորին հոգ տանում ու ծառայում էր. Եւ թագաւորը նորան չ’գիտաց։
  • 5Եւ Ագգիթի որդի Ադոնիան հպարտացաւ ասելով. Ես թագաւոր լինեմ. Եւ իր համար կառքեր եւ ձիաւորներ պատրաստեց եւ յիսուն մարդ սուրհանդակ՝ իր առաջին։
  • 6Եւ նորա հայրը նորան իր օրերումը չէր յանդիմանել ասելով՝ Այդ ի՞նչու ես այդպէս անում. Եւ նա էլ տեսքով շատ գեղեցիկ էր, որ ծնուել էր Աբիսողոմից յետոյ։
  • 7Եւ նա խօսք կապեց Շարուհեան Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, որոնք Ադոնիային հետեւելով օգնում էին նորան։
  • 8Բայց Սադովկ քահանան եւ Յովիադայի որդի Բանեան եւ Նաթան մարգարէն եւ Սեմէի ու Ռէի եւ Դաւիթի զօրաւորները Ադոնիայի հետ չէին։
  • 9Եւ Ադոնիան ոչխարներ ու եզներ եւ գէր անասուններ մորթեց Զոողեթի քարի մօտ, որ Ռովգէլի աղբիւրի կշտին է, եւ կանչեց իր ամեն եղբայրներին՝ թագաւորի որդկանցը եւ Յուդայի ամեն մարդկանցը որ թագաւորի ծառաներն էին։
  • 10Բայց Նաթան մարգարէին եւ Բանեային եւ զօրաւորներին եւ իր եղբայր Սողոմոնին չ’կանչեց։
  • 11Եւ Նաթանն ասեց Բերսաբէին՝ Սողոմոնի մօրը՝ թէ Չե՞ս լսել որ Ագգիթի որդի Ադոնիան թագաւոր է դառել, եւ մեր տէրը՝ Դաւիթը չ’գիտէ։
  • 12Եւ արդ՝ եկ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կեանքը եւ քո որդի Սողոմոնի կեանքը։
  • 13Գնա մտիր Դաւիթ թագաւորի մօտ եւ ասիր նորան. Չէ՞ որ դու ինքդ, իմ տէր թագաւոր, երդում արիր քո աղախնին ասելով թէ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ. Ապա ի՞նչու համար է Ադոնիան թագաւոր եղել։
  • 14Ահա դու այնտեղ թագաւորի հետ տակաւին խօսելիս՝ ես էլ ներս կ’մտնեմ քո ետեւից եւ կ’հաստատեմ քո խօսքը։
  • 15Եւ Բերսաբէն գնաց թագաւորի մօտ նորա սենեակը. Եւ թագաւորը շատ ծեր էր, եւ Սունամացի Աբիսակը ծառայում էր թագաւորին։
  • 16Եւ Բերսաբէն գլուխ տալով երկրպագեց թագաւորին. Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ ունես։
  • 17Եւ նա ասեց նորան. Ով տէր իմ, դու քո տէր Աստուծովը երդում արիր քո աղախնին, ասելով թէ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ։
  • 18իսկ հիմա, ահա Ադոնիան է թագաւոր դառել. Եւ դու, ով իմ տէր թագաւոր չ’գիտես։
  • 19Եւ շատ արջառներ ու գէր ոչխարներ է մորթել եւ կանչել թագաւորի ամեն որդկանցը եւ Աբիաթար քահանային եւ զօրագլուխ Յովաբին, բայց քո ծառայ Սողոմոնին չէ կանչել։
  • 20Եւ արդ, ով իմ տէր թագաւոր, բոլոր Իսրայէլի աչքերը քեզ վերայ է, որ իմացնես նորանց, թէ ո՞վ պիտի իմ տէր թագաւորի աթոռի վերայ նստի իրանից յետոյ։
  • 21Եւ անպատճառ հէնց որ իմ տէր թագաւորը ննջեց իր հայրերի հետ, այն ժամանակ ես եւ իմ որդի Սողոմոնը յանցաւոր ենք լինելու։
  • 22Եւ նա տակաւին թագաւորի հետ խօսելիս, Նաթան մարգարէն ներս մտաւ։
  • 23Եւ թագաւորին պատմեցին ասելով՝ Ահա Նաթան մարգարէն. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։
  • 24Եւ Նաթանն ասեց. Ով իմ տէր արքայ. Դո՞ւ ասել ես թէ Ադոնիան պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ, եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ։
  • 25Որովհետեւ նա այսօր իջել՝ շատ արջառներ ու գէր ոչխարներ է մորթել եւ կանչել է թագաւորի ամեն որդկանցը եւ զօրավարներին եւ Աբիաթար քահանային, եւ ահա ուտում ու խմում են նորա առաջին եւ ասում Կեցցէ՜ Ադոնիա արքայ։
  • 26Եւ ինձ՝ քո ծառային՝ եւ Սադովկ քահանային եւ Յովիադայի որդի Բանեային եւ քո ծառայ Սողոմոնին չէ կանչել։
  • 27Ա՞րդեօք այս բանը իմ տէր թագաւորիցն է եղել, բայց դու քո ծառային չես իմացրել, թէ ո՞վ պիտի նստի իմ տէր թագաւորի աթոռի վերայ նորանից յետոյ։
  • 28Եւ Դաւիթ թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ինձ մօտ կանչեցէք Բերսաբէին. Եւ նա եկաւ թագաւորի առաջը եւ կանգնեց թագաւորի առաջին։
  • 29Եւ թագաւորը երդում արաւ եւ ասեց. Կենդանի է Տէրը որ իմ կեանքն ազատեց ամեն նեղութիւնից.
  • 30Որ ինչպէս որ քեզ երդում եմ արել Իսրայէլի Աստուած Եհովայով, ասելով որ Քո որդի Սողոմոնը պիտի թագաւոր լինի ինձանից յետոյ եւ նա պիտի նստի իմ աթոռի վերայ իմ տեղ. Ահա այսօր պիտի անեմ։
  • 31Եւ Բերսաբէն գլուխ տուաւ երեսը մինչեւ գետինը եւ երկրպագեց թագաւորին եւ ասեց. Կեցցէ իմ տէր արքայ Դաւիթը յաւիտեան։
  • 32Եւ Դաւիթ թագաւորն ասեց. Կանչեցէք ինձ մօտ Սադովկ քահանային եւ Նաթան մարգարէին եւ Յովիադայի որդի Բանեային. Եւ նորանք եկան թագաւորի առաջը։
  • 33Եւ թագաւորն ասեց նորանց. Առէք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին եւ հեծացրէք իմ որդի Սողոմոնին իմ ջորիի վերայ եւ իջեցրէք նորան Գեհոն։
  • 34Եւ այնտեղ նորան Իսրայէլի վերայ թագաւոր օծեն Սադովկ քահանան եւ Նաթան մարգարէն. Եւ փողը հնչեցրէք ու ասեցէք. Կեցցէ Սողոմոն արքայ։
  • 35Եւ նորա ետեւից վեր եկէք, եւ նա գայ ու նստի իմ աթոռի վերայ եւ նա թագաւոր լինի իմ տեղ. Եւ ես հրաման տուի նորան, որ իշխան լինի Իսրայէլի եւ Յուդայի վերայ։
  • 36Եւ Յովիադայի որդի Բանեան թագաւորին պատասխանեց եւ ասեց. Ամէն այսպէս ասէ իմ տէր թագաւորի Տէր Աստուածը։
  • 37Ինչպէս որ Տէրը եղել է իմ տէր թագաւորի հետ, այնպէս լինի նաև Սողոմոնի հետ, եւ մեծացնէ նորա աթոռը իմ տէր թագաւորի Դաւիթի աթոռից։
  • 38Եւ Սադովկ քահանան եւ Նաթան մարգարէն եւ Յովիադայի որդի Բանեան եւ Քերեթիները ու Փելեթիները իջան եւ հեծացրին Սողոմոնին Դաւիթ թագաւորի ջորիի վերայ, եւ տարին նորան Գեհոն։
  • 39Եւ Սադովկ քահանան առաւ իւղի եղջիւրը խորանիցը եւ օծեց Սողոմոնին, եւ փողը հնչեցրին ու բոլոր ժողովուրդն ասեցին. Կեցցէ՜ Սողոմոն արքայ։
  • 40Եւ բոլոր ժողովուրդը վեր էին գալիս նորա ետեւիցը եւ ժողովուրդը սրինգներ հնչեցնելով մեծ ուրախութեամբ ուրախանում էին. Եւ երկիրը դղրդում էր նորանց ձայնովը։
  • 41Եւ լսեց Ադոնիան եւ նորա բոլոր բազմականները. Նորանք կերել վերջացրել էին, եւ Յովաբը լսեց փողի ձայնը եւ ասեց. Ի՞նչու է լինում այդ դղրդման ձայնը քաղաքում։
  • 42Նա տակաւին խօսում էր եւ ահա Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը եկաւ, եւ Ադոնիան ասեց. Եկ, որովհետեւ դու մի զօրաւոր եւ լաւ աւետաւոր մարդ ես։
  • 43Եւ Յովնաթանը պատասխանեց եւ ասեց Ադոնիային. Ապաքէն մեր տէր թագաւոր Դաւիթը թագաւոր արաւ Սողոմոնին։
  • 45Եւ Սադովկ քահանան ու Նաթան մարգարէն նորան թագաւոր օծեցին Գեհոնում եւ այնտեղից վեր գնացին ուրախանալով, եւ քաղաքը դղրդաց. Այս այն ձայնն է որ լսեցիք։
  • 46Նաեւ Սողոմոնը նստեց թագաւորութեան աթոռի վերայ։
  • 47Եւ թագաւորի ծառաներն էլ եկան օրհնելու մեր տէր թագաւոր Դաւիթին ասելով. Քո Աստուածը Սողոմոնի անունը քո անունից աւելի մեծացնէ եւ նորա աթոռը քո աթոռիցն աւելի բարձրացնէ. Եւ թագաւորը երկրպագութիւն արաւ իր անկողինի մէջ։
  • 48Ու նաեւ այսպէս ասեց թագաւորը. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը. Որ այսօր իմ աթոռի վերայ մէկին նստել տուաւ որին իմ աչքերը տեսնում են։
  • 49Եւ Ադոնիայի բոլոր կոչնականները զարհուրեցին եւ վեր կացան եւ ամեն մարդ գնաց իր ճանապարհը։
  • 50Բայց Ադոնիան վախենում էր Սողոմոնի երեսից. Վասն որոյ վեր կացաւ ու գնաց եւ բռնեց սեղանի եղջիւրներիցը։
  • 51Եւ Սողոմոնին իմացրին ասելով. Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագաւորիցը, եւ ահա բռնել է սեղանի եղջիւրներիցն ասելով. Թող հէնց այսօր երդում անէ ինձ Սողոմոն թագաւորը, որ իր ծառային սրով չի սպանիլ։
  • 52Եւ Սողոմոնն ասեց. Եթէ առաքինի լինի՝ նորա մազից մէկը վայր չի ընկնիլ գետինը, իսկ եթէ չարութիւն գտնուի նորա վերայ, այն ժամանակ պիտի մեռնի։
  • 53Եւ Սողոմոն թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան վայր իջեցրին սեղանիցը, եւ եկաւ ու երկրպագեց Սողոմոն թագաւորին. Եւ Սողոմոնն ասեց նորան. Գնա քո տունը։
← Ցանկ