Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ6
  • 1Եւ Դաւիթը դարձեալ ժողովեց Իսրայէլի բոլոր ընտիրները՝ երեսուն հազար հոգի։
  • 2Եւ վեր կացաւ գնաց Դաւիթը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը Յուդայի Բաաղիցը, որ այնտեղից Աստուծոյ տապանակը վեր բերէ, որի վերայ կոչուած է քերովբէից վերայ նստող Զօրաց Տիրոջ անունը։
  • 3Եւ դրին Աստուծոյ տապանակը մէկ նոր սայլի վերայ, եւ նորան վեր առան Աբինադաբի տանիցը, որ այն բլրի վերայ էր. Եւ Աբինադաբի որդիքը Ոզան ու Աքիովը քշում էին այն նոր սայլը։
  • 5Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը խաղում էին Տիրոջ առաջին ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, դափերով եւ ծնծղաներով։
  • 6Եւ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. Որովհետեւ եզները ծռել էին նորան։
  • 7Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. Եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ։
  • 8Եւ Դաւիթը տրտմեց, որ Տէրը հարուածով հարուածեց Ոզային, եւ այնտեղի անունը մինչեւ այս օրը Փարէզ-ողա է ասվում։
  • 9Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Տէրիցը, եւ ասեց. Տիրոջ տապանակը ի՞նչպէս մտնէ ինձ մօտ։
  • 10Եւ Դաւիթը չ’ուզեց Տիրոջ տապանակը տանել իր մօտ Դաւիթի քաղաքը. Եւ Դաւիթը ծռեց նորան տարաւ Գէթացի Աբդեդօմի տունը։
  • 11Եւ Տիրոջ տապանակը մնաց երեք ամիս Գէթացի Աբդեդօմի տանը, եւ Տէրը օրհնեց Աբդեդօմին եւ նորա բոլոր տունը։
  • 12Եւ Դաւիթ թագաւորին պատմեցին ասելով. Տէրը օրհնեց Աբդեդօմի տունը եւ նորա ամեն ունեցածը Աստուծոյ տապանակի համար։ Եւ Դաւիթը գնաց եւ վեր առաւ Աստուծոյ տապանակը Աբդեդօմի տանիցն ուրախութեամբ Դաւիթի քաղաքը։
  • 13Եւ երբոր Տիրոջ տապանակը վեր առնողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զուարակ զոհեց։
  • 14Եւ Դաւիթը Տիրոջ առաջին պարում էր բոլոր ուժովը. Եւ Դաւիթը քթանի եփուդ էր հագել։
  • 15Եւ Դաւիթը եւ Իսրայէլի բոլոր տունը տանում էին Տիրոջ տապանակը ուրախութեամբ եւ փողերի ձայներով։
  • 16Եւ երբոր Տիրոջ տապանակը եկաւ Դաւիթի քաղաքը, Սաւուղի աղջիկը՝ Մեղքողը պատուհանիցը նայելով՝ տեսաւ որ Դաւիթ թագաւորը Տիրոջ առաջին կաքաւում եւ պարում էր, եւ նորան անարգեց իր սրտումն։
  • 17Եւ Տիրոջ տապանակը բերին, եւ նորան իր տեղը դրին այն վրանի մէջ՝ որ Դաւիթը նորա համար կանգնեցրել էր. Եւ Դաւիթը Տիրոջ առաջին ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրեց։
  • 18Եւ Դաւիթը երբոր ողջակէզներն եւ խաղաղութեան զոհերը մատուցանելը վերջացրեց, օրհնեց ժողովրդին զօրաց Տիրոջ անունովը։
  • 19Եւ Իսրայէլի բոլոր բազմութեանը՝ մարդից մինչեւ կինը, բոլոր ժողովրդին ամէն մէկին՝ մէկ նկանակ, մի կտոր միս եւ մի կարկանդակ բաշխեց. Եւ բոլոր ժողովուրդն ամեն մէկն իր տունը գնաց։
  • 20Եւ Դաւիթը ետ դառաւ իր տունը օրհնելու համար. Եւ Սաւուղի աղջիկը դուրս եկաւ Դաւիթին դիմաւորելու, եւ ասեց. Իսրայէլի թագաւորը այսօր ի՜նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է։
  • 21Եւ Դաւիթը Մեղքողին ասեց. Այն Տիրոջ առաջին, որ ինձ քո հօրից եւ նորա բոլոր տանիցն աւելի ընտրեց, եւ ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայէլի վերայ իշխան դրաւ, այո, ես այն Տիրոջ առաջին խաղացի։
  • 22Եւ դեռ սորանից աւելի ինձ անարգ երեւեցնելով՝ իմ աչքերի առաջին նուաստ պիտի լինեմ. Իսկ այն քո ասուած աղախինների առաջին պիտի փառաւորուեմ։
  • 23Եւ Սաւուղի աղջիկ Մեղքողը մինչեւ իր մահուան օրը զաւակ չ’ծնեց։
← Ցանկ