Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ2
- 1Եւ սորանից յետոյ եղաւ որ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Յուդայի քաղաքների մէկը։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր գնա։ Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր վեր գնամ։ Եւ նա ասեց. Քեբրոն։
- 2Եւ Դաւիթը իր երկու կանայքը՝ Յեզրայէլացի Աքինոամի հետ եւ Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ վեր գնաց։
- 3Եւ Դաւիթն իր հետ եղող մարդկանցն էլ՝ ամեն մէկն իր ընտանիքովը տարաւ. Եւ Քեբրոնի քաղաքներում բնակուեցան։
- 4Եւ Յուդայի մարդիկն եկան, եւ Դաւիթին այնտեղ Յուդայի տան վերայ թագաւոր օծեցին։ Եւ Դաւիթին պատմեցին եւ ասեցին թէ՝ Գաղաադի Յաբիսի բնակիչները Սաւուղին թաղեցին։
- 5Եւ Դաւիթը Գաղաադի Յաբիսի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանց ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը եւ նորան թաղեցիք։
- 6Եւ հիմա Տէրը ձեզ ողորմութիւն եւ ճշմարտութիւն անէ, եւ ես էլ ձեզ կ’հատուցանեմ այս լաւութիւնը, որ դուք արիք այդ բանը։
- 7Եւ հիմա ձեր ձեռքը ուժովանայ. Եւ զօրաւոր քաջեր եղիք. Որովհետեւ ձեր տէրը՝ Սաւուղը մեռաւ, եւ Յուդայի տունը ինձ իրանց վերայ թագաւոր օծեցին։
- 8Իսկ Սաւուղի զօրավար Ներեան Աբեններն առաւ Սաւուղի որդի Յեբուսթէին եւ նորան տարաւ Մանայիմ,
- 9Եւ նորան Գաղաադի վերայ, Ասուրիի վերայ, Յեզրայէլի վերայ, Եփրեմի վերայ, Բենիամինի վերայ, եւ բոլոր Իսրայէլի վերայ թագաւոր արաւ։
- 10Երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն Իսրայէլի վերայ թագաւոր եղաւ, քառասուն տարեկան էր, եւ երկու տարի թագաւորութիւն արաւ. Միայն Յուդայի տունը Դաւթին էր հետեւում։
- 11Եւ Յուդայի տան վերայ Քեբրոնի մէջ Դաւիթի թագաւորութիւն արած ժամանակը եօթը տարի եւ վեց ամիս էր։
- 12Եւ Ներեան Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները Մանայիմից դուրս եկան Գաբաւոն։
- 13Եւ Շարուհեայի որդի Յովաբը եւ Դաւիթի ծառաները Քեբրոնից դուրս եկան, եւ Գաբաւոնի աւազանի մօտ նորանց հանդիպեցին. Եւ սորանք աւազանի մէկ կողմին եւ նորանք աւազանի միւս կողմին նստեցին,
- 14Եւ Աբեններն ասեց Յովաբին. Թող երիտասարդները վեր կենան եւ մեր առաջին խաղան։ Եւ Յովաբն ասեց. Վեր կենան։
- 15Եւ նորանք վեր կացան թիւով անցան Բենիամինից ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից տասնեւերկու մարդ, եւ Դաւիթի ծառաներից տասնեւերկու մարդ։
- 16Եւ ամեն մէկն իր ընկերի գլխիցը բռնեց, եւ իր սուրը իր ընկերի կողը մխեց, եւ մէկտեղ ընկան. Եւ այնտեղի անունը Քեղկաթ-ասուրիմ ասուեցաւ, որ Գաբաւոնի մէջ է։
- 17Եւ այն օրը պատերազմը շատ սաստիկ եղաւ. Եւ Աբեններն Իսրայէլի մարդկանց հետ՝ Դաւիթի ծառաների առաջին յաղթուեցաւ։
- 18Եւ Շարուհեայի երեք որդիքը Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլն այնտեղ էին. Եւ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւ էր ոտքով։
- 19Եւ Ասայէլն Աբենների ետեւից հալածեց, եւ Աբենների ետեւից աջ կամ ձախ կողմը չ’խոտորուեց։
- 20Եւ Աբեններն ետ դառաւ եւ ասեց. Ասայէլ, դո՞ւ ես։ Եւ նա ասեց. Ես եմ։
- 21Եւ Աբենները նորան ասեց. Դէպի աջ կամ ձախ կողմդ խոտորիր, եւ երիտասարդների մէկին բռնիր, եւ նորա զէնքերն առ քեզ համար։ Բայց Ասայէլը նորա ետեւից հեռանալ չ’ուզեց։
- 22Եւ Աբենները շարունակեց դարձեալ եւ Ասայէլին ասեց. Ետեւիցս դարձիր. ի՞նչու համար քեզ գետինը զարկեմ. Այն ժամանակ ես ի՞նչպէս երեսս բարձրացնեմ դէպի քո եղբայր Յովաբը։
- 23Բայց նա չ’ուզեց ետ դառնալ։ Եւ Աբենները նիզակի ետեւի ծայրովը սնակուշտիցը զարկեց նորան, եւ նիզակը նորա ետեւիցը դուրս եկաւ. Եւ նա այնտեղ վայր ընկաւ եւ այնտեղ մեռաւ. Եւ ով որ գալիս էր՝ Ասայէլի վայր ընկած եւ մեռած տեղը կանգնում էր։
- 24Եւ Յովաբը եւ Աբեսան Աբենների ետեւից ընկած հալածում էին. Եւ արեգակը մայր մտաւ երբոր նորանք Գիայի Գաբաւոնի անապատի ճանապարհին եղող Ամմայի բլուրը եկան։
- 25Եւ Բենիամինի որդիքն Աբենների ետեւից ժողովուեցան, մի գունդ եղան, եւ մէկ բլուրի գլխին կանգնեցին։
- 26Եւ Աբենները Յովաբին կանչեց եւ ասեց. Մի՞թէ սուրը յաւիտեան պիտի ուտէ. Չ’գիտե՞ս որ սորա վերջը դառն կ’լինի. Եւ մինչեւ ե՞րբ չես ասելու ժողովրդին, որ իրանց եղբայրներին հալածելուց ետ դառնան։
- 27Եւ Յովաբն ասեց. Կենդանի է Աստուած, եթէ դու խօսած լինէիր, ժողովրդի ամենն էլ առաւօտիցն էր ետ դառել իր եղբայրների հալածելուցը։
- 28Այն ժամանակ Յովաբը փող հնչեցրեց. Եւ բոլոր ժողովուրդը կանգնեց, եւ այլ եւս Իսրայէլի ետեւից չ’հալածեցին եւ այլ եւս պատերազմ չ’արին։
- 29Եւ Աբենները եւ նորա մարդիկը այն բոլոր գիշերը դաշտի միջովը գնացին եւ Յորդանանովն անցան, եւ բոլոր Բեթրոնը գնալով եկան Մանայիմ։
- 30Եւ Յովաբը Աբեններից ետ դառաւ, եւ բոլոր ժողովրդին ժողովեց, եւ Դաւիթի ծառաներից պակաս էին տասնեւինը մարդ եւ Ասայէլը։
- 31Բայց Դաւիթի ծառաները Բենիամինից եւ Աբենների մարդկանցից երեք հարիւր վաթսուն մարդ զարկեցին որ մեռան։
- 32Եւ Ասայէլին վեր առան, եւ նորան Բեթլեհէմի մէջ իր հօր գերեզմանումը թաղեցին։ Եւ Յովաբը եւ նորա մարդիկը բոլոր գիշերը գնացին, եւ արշալոյսին հասան Քեբրոն։