Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ1
  • 1Եւ Սաւուղի մեռնելուց յետոյ՝ եղաւ որ երբոր Դաւիթը ետ դառաւ Ամաղեկացիներին զարկելուց եւ երկու օր Սիկելակումը մնաց.
  • 2Երրորդ օրը եղաւ որ՝ ահա բանակիցը՝ Սաւուղի մօտից մէկն եկաւ, հանդերձները պատառուած եւ գլխին հող. Եւ երբոր նա Դաւիթի մօտ եկաւ՝ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։
  • 3Եւ Դաւիթն ասեց նորան. Ո՞ր տեղից ես գալիս։ Եւ նա ասեց նորան. Ես Իսրայէլի բանակիցը փախայ։
  • 4Եւ Դաւիթն ասեց նորան. Բանը ինչպէս եղաւ, պատմիր ինձ։ Եւ նա ասեց թէ ժողովուրդը պատերազմիցը փախաւ, եւ ժողովրդիցն էլ շատ մարդիկ ընկան մեռան. Նաեւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը մեռան։
  • 5Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մեռնելը ի՞նչպէս իմացար։
  • 6Եւ նորան լուր բերող պատանին ասեց. Դիպուածով Գեղբուէ սարի վերայ պատահեցի, եւ ահա Սաւուղը կռնած էր իր նիզակի վերայ, եւ կառքերն ու ձիաւորները նորա վերայ էին հասնում։
  • 8Եւ նա ինձ ասեց. Դու ո՞վ ես։ Ես էլ նորան ասեցի թէ Ամաղեկացի եմ։
  • 9Եւ նա ինձ ասեց. Աղաչում եմ, ինձ վերայ կանգնիր ու ինձ մեռցրու. Որովհետեւ թմրութիւնն ինձ կոխել է, բայց հոգիս տակաւին վերաս է։
  • 10Եւ ես նորա վերայ կանգնեցի եւ նորան մեռցրի. Որովհետեւ ես հասկացայ որ՝ նա իր ընկնելուցն յետոյ՝ չի ապրիլ. Եւ նորա գլխի վերայ թագը եւ նորա բազուկի վերայ ապարանջանը առայ եւ այստեղ բերի նորանց իմ տիրոջ համար։
  • 11Այն ժամանակ Դաւիթն իր հանդերձները բռնեց եւ պատառեց նորանց, նոյնպէս էլ նորա հետ եղող բոլոր մարդիկը։
  • 12Եւ նորանք Սաւուղի համար, եւ նորա որդի Յովնաթանի համար եւ Տիրոջ ժողովրդի համար, եւ Իսրայէլի տան համար սուգ բռնեցին եւ լաց եղան, եւ մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, որ նորանք սրով ընկել էին։
  • 13Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Դու ո՞ր տեղացի ես։ Եւ նա ասեց, Ես մէկ պանդուխտ Ամաղեկացիի որդի եմ։
  • 14Եւ Դաւիթը նորան ասեց. Ի՞նչպէս չ’վախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր։
  • 15Եւ Դաւիթը երիտասարդների մէկին կանչեց եւ ասեց. Մօտեցիր՝ սորան մեռցրու. Եւ նա նորան զարկեց, որ նա մեռաւ։
  • 16Եւ Դաւիթը նորան ասեց. Քո արիւնը քո գլուխը. Որովհետեւ քո բերանը քեզ համար վկայութիւն տուաւ՝ ասելով. Տիրոջ օծեալին ես մեռցրի։
  • 17Եւ Դաւիթը Սաւուղի վերայ եւ նորա որդի Յովնաթանի վերայ այս ողբն ողբաց եւ ասեց.
  • 18Աղեղը Յուդայի որդկանցը սովորեցնեն. Ահա նա Ուղիղի գրքումը գրուած է։
  • 19Փառաւորութիւնը, ով Իսրայէլ, Քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ. Ի՞նչպէս վայր ընկան քաջերը։
  • 20Մի պատմէք Գէթի մէջ. Աւետիս մի տաք Ասկաղոնի ճանապարհներումը. Մի գուցէ ուրախանան Փղշտացիների աղջկերքը, Մի գուցէ հրճուին անթլփատների աղջկերքը։
  • 21Ով Գեղբուէի սարեր. Ոչ ցօղ եւ ոչ անձրեւ լինի ձեզ վերայ. Ոչ էլ երախայրի ընծաների անդաստաններ. Որովհետեւ այնտեղ ձգուեցաւ զօրաւորների վահանը, Սաւուղի վահանը իբրեւ թէ իւղով չ’օծուած։
  • 22Խոցուածների արիւնից՝ զօրաւորների ճարպից՝ Յովնաթանի աղեղը ետ չ’քաշուեցաւ, Եւ Սաւուղի սուրը դարտակ ետ չ’դառաւ։
  • 23Սաւուղն ու Յովնաթանը, Շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին, Իրանց մահուան ժամանակին էլ իրարից չ’բաժանուեցան. Արծիւներից աւելի թեթեւաշարժ՝ Եւ առիւծներից աւելի զօրաւոր։
  • 24Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար, Որ ձեզ վայելուչ կարմիրներ էր հագցնում, Եւ ձեր հանդերձների վերայ ոսկի զարդեր էր դնում։
  • 25Ինչպէ՜ս վայր ընկան քաջերը պատերազմում. Յովնաթանը քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ։
  • 26Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան, Դու ինձ խիստ սիրելի էիր. Բարձր էր ինձ համար քո սէրը կանանց սէրից։
  • 27Ինչպէ՜ս ընկան քաջերը. Եւ կորա՜ն պատերազմի զէնքերը։
← Ցանկ