ԾՆՆԴՈՑ8
  • 1Եւ Աստուած յիշեց Նոյին եւ բոլոր կենդանիներին եւ բոլոր անասուններին, որ նորան հետ տապանումն էին. եւ Աստուած երկրի վերայ մի քամի բերաւ, եւ ջրերը նուազուեցան։
  • 2Եւ անդունդի աղբիւրները եւ երկնքի պատուհանները փակուեցան, եւ անձրեւը երկնքից դադարեց։
  • 3Եւ ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, եւ հարիւր յիսուն օրից յետոյ ջրերը քիչացան։
  • 4Եւ եօթներորդ ամսում՝ ամսի տասնեւեօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց։
  • 5Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։
  • 6Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ,
  • 7Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։
  • 8Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։
  • 9Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չ’գտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։
  • 10Եւ եօթն օր էլ սպասեց, եւ դարձեալ արձակեց աղաւնուն տապանիցը։
  • 11Եւ իրիկուայ դէմ աղաւնին նորա մօտ եկաւ, եւ ահա բերանումը մի ձիթենու նոր կտրուած տերեւ կար. եւ Նոյը գիտաց որ ջրերը երկրի վերայից քիչացել են։
  • 12Եւ եօթն օր էլ սպասեց, եւ աղաւնուն արձակեց, եւ նա այլ եւս նորա մօտ ետ չ’դարձաւ։
  • 13Եւ եղաւ որ վեց հարիւր մէկ տարումը՝ առաջի ամսի մէկին ջրերը երկրի վերայից ցամաքեցան. եւ Նոյը տապանի ծածկոցը վեր առաւ եւ մտիկ տուաւ, եւ ահա երկրի երեսը ցամաքել էր։
  • 14Եւ երկրորդ ամսումը՝ ամսի քսանեւեօթներորդ օրը երկիրը չորացաւ։
  • 15Եւ Աստուած խօսեց Նոյի հետ եւ ասեց.
  • 16Դուրս եկ տապանիցը դու եւ քո կինը եւ քո որդիքը եւ քո որդկանց կանայքը քեզ հետ։
  • 17Քեզ հետ լինող բոլոր կենդանին ամեն մարմնից՝ թէ թռչուն, թէ անասուն, եւ թէ երկրի վերայ սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վերայ բազմանան, եւ երկրի վերայ աճին եւ շատանան։
  • 18Եւ դուրս եկաւ Նոյը եւ իր որդիքը եւ իր կինը եւ իր որդկանց կանայքն իր հետ։
  • 19Ամեն կենդանի, ամեն սողուն, եւ ամեն թռչուն, երկրի վերայ ամեն շարժողներն իրանց ցեղերովը դուրս եկան տապանիցը։
  • 20Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց,
  • 21Եւ Եհովան անոյշ հոտը հոտոտեց, եւ Եհովան ասեց իր սրտումն. այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը, եւ այլ եւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի։
  • 22Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կ’մնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ։
← Ցանկ