ԾՆՆԴՈՑ7
  • 1Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։
  • 2Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը հատ առնես՝ արու եւ նորա էգը. Իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը։
  • 3Երկնքի թռչուններիցն էլ եօթը եօթը հատ՝ արու եւ էգ, բոլոր երկրի վերայ սերունդ ողջ մնալու համար։
  • 4Որովհետեւ եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։
  • 5Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան։
  • 6Եւ Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ։
  • 7Եւ մտաւ Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մէջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։
  • 8Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը,
  • 9Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։
  • 10Եւ եղաւ որ եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ։
  • 11Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումը երկրորդ ամսումը՝ ամսի տասնեւեօթներորդ օրը. Նոյն օրը մեծ անդունդի բոլոր աղբիւրները ճեղքուեցան եւ երկնքի պատուհանները բացուեցան.
  • 12Եւ անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշէր։
  • 13Հէնց նոյն օրը մտաւ Նոյը եւ Նոյի որդիները՝ Սէմը եւ Քամը եւ Յաբէթը, եւ Նոյի կինը, եւ նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։
  • 15Եւ մտան տապանը Նոյի մօտ զոյգ զոյգ ամեն մարմնից, որի մէջ կենաց շունչ կայ։
  • 16Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։
  • 17Եւ ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ. Եւ ջրերը շատացան եւ տապանը վեր հանեցին, եւ նա երկրիցը բարձրացաւ։
  • 18Եւ ջրերը սաստկանում էին, եւ շատ շատանում էին երկրի վերայ. Եւ տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ։
  • 19Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։
  • 20Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։
  • 21Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։
  • 22Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան։
  • 23Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։
  • 24Եւ ջրերը երկրի վերայ հարիւր յիսուն օր բարձրացած մնացին։
← Ցանկ