ԾՆՆԴՈՑ6
  • 1Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց.
  • 2Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում։
  • 3Եւ Եհովան ասաց. Իմ հոգին մարդի վերայ միշտ չմնայ, այն պատճառով որ նա մարմին է. Այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին։
  • 5Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.
  • 6Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց։
  • 7Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։
  • 8Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։
  • 9Այս է Նոյի ծնունդքը։ Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ։
  • 10Եւ Նոյը երեք որդի ծնեց՝ Սէմը, Քամը եւ Յաբէթը։
  • 11Եւ երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ։
  • 12Եւ Աստուած տեսաւ երկիրը, եւ ահա ապականուած էր, որովհետեւ ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ։
  • 13Եւ Աստուած ասեց Նոյին. Բոլոր մարմնի վերջը եկել է իմ առաջին, որովհետեւ երկիրը նորանց պատճառով անիրաւութեամբ լցուած է, եւ ահա ես նորանց պիտի փչացնեմ երկրի հետ։
  • 14Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, եւ տապանը խորշերով շինիր, եւ նորան ծեփիր կուպրով ներսիցը եւ դրսիցը։
  • 15Եւ այսպէս պիտի շինես նորան. Տապանի երկայնութիւնը երեք հարիւր կանգուն, լայնութիւնը յիսուն կանգուն եւ բարձրութիւնը երեսուն կանգուն։
  • 16Տապանին լուսամուտ շինես, եւ մինչեւ մի կանգուն կատարես նորան վերեւիցը. Եւ տապանի դուռը կողմիցը դնես. Ներքնատնով, միջնատնով եւ վերնատնով շինես նորան։
  • 17Եւ ես ահա երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ, եւ երկրի վերայ ինչ որ կայ պիտի սատկի։
  • 18Բայց իմ ուխտը կ’հաստատեմ քեզ հետ, եւ տապանը կ’մտնես դու եւ քո որդիքը, եւ կինդ եւ որդկանցդ կանայքը քեզ հետ։
  • 19Եւ ամեն անասուններիցը եւ ամեն մարմնից երկու երկու հատ՝ ամենիցը տապանը բերես, որ քեզ հետ ապրին, արու եւ էգ լինին։
  • 20Թռչուններիցն իրանց տեսակի պէս, եւ անասուններիցն իրանց տեսակի պէս, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պէս, երկու երկու հատ ամենիցը քեզ մօտ գան, որ ապրին։
  • 21Եւ դու առ քեզ համար ամեն ուտելիքներից որ ուտվում են, եւ քեզ մօտ հաւաքիր որ քեզ ու նորանց համար ուտելիք լինին։
  • 22Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ։
← Ցանկ