ԾՆՆԴՈՑ48
  • 1Եւ եղաւ այս բաներից յետոյ Յովսէփին ասեցին. Ահա քո հայրը հիւանդ է. Եւ նա առաւ իր երկու որդիքը՝ Մանասէն եւ Եփրեմը իր հետ։
  • 2Եւ Յակոբին պատմեցին եւ ասեցին. Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս. Եւ Իսրայէլը ուժովացաւ եւ անկողինի վերայ նստեց։
  • 3Եւ Յակոբն ասեց Յովսէփին. Ամենակարող Աստուածը Քանանի երկրումը Լուզի մէջ երեւեցաւ ինձ, եւ ինձ օրհնեց։
  • 4Եւ ասեց ինձ. Ահա քեզ կ’աճեցնեմ եւ կ’շատացնեմ. Եւ քեզ ազգերի ժողովք կ’շինեմ. Եւ այս երկիրը քեզանից յետոյ քո սերունդին կ’տամ յաւիտենական կալուածք։
  • 5Եւ հիմա քո երկու որդիքը, որ ծնուեցան քեզ համար Եգիպտոսի երկրումը իմ Եգիպտոս գալուց առաջ, նորանք իմս են, Եփրեմը եւ Մանասէն՝ Ռուբէնի եւ Շմաւոնի պէս իմս են։
  • 6Եւ նորանցից յետոյ քո ծնած որդիքը քեզ լինին, իրանց ժառանգութեան մէջ իրանց եղբայրների անուններովը կանչուին։
  • 7Եւ ես Միջագետից գալիս՝ Ռաքէլը մեռաւ ինձ մօտ Քանանի երկրումը այն ճանապարհին, որ տակաւին քիչ է մնում Եփրաթա գալու, եւ նորան այնտեղ Եփրաթայի այսինքն Բեթլեհէմի ճանապարհումը թաղեցի։
  • 8Եւ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, եւ ասեց. Ո՞վ են սորանք։
  • 9Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Իմ որդիներն են որ Աստուած այստեղ ինձ տուաւ, եւ նա ասեց. Խնդրեմ՝ ինձ մօտ բեր նորանց որ օրհնեմ։
  • 10Եւ Իսրայէլի աչքերը ծերութիւնից ծանրացել էին, չէր կարողանում տեսնել. Եւ նորանց մօտեցրեց նորան, եւ նա համբուրեց նորանց եւ գրկեց նորանց։
  • 11Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ես քո երեսը տեսնելու յոյս չունէի, եւ ահա Աստուած ինձ քո սերունդն էլ ցոյց տուաւ։
  • 12Եւ Յովսէփը հանեց նորանց նորա ծունկերիցը, եւ իր երեսովը մինչեւ գետինը խոնարհութիւն արաւ։
  • 13Եւ Յովսէփն առաւ նորանց երկուսն էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքովը դէպի Իսրայէլի ձախ կողմը, եւ Մանասէին իր ձախ ձեռքովը դէպի Իսրայէլի աջ կողմը, եւ մօտեցրեց նորան։
  • 14Եւ Իսրայէլն իր աջ ձեռքը մեկնեց, եւ Եփրեմի գլխին դրաւ, որ փոքրն էր, եւ իր ձախ ձեռքը Մանասէի գլխին. Դիտմամբ փոխեց իր ձեռքերը, որովհետեւ Մանասէն անդրանիկն էր։
  • 15Եւ օրհնեց Յովսէփին եւ ասեց. Այն Աստուածը՝ որի առաջին գնացին իմ հայրերը՝ Աբրահամը եւ Իսահակը, այն Աստուածը, որ ինձ խնամում է քանի որ կամ մինչեւ այսօր.
  • 16Այն Հրեշտակը, որ ինձ ամեն չարիքներից ազատեց, օրհնէ այս տղաներին, եւ իմ անունը եւ իմ հայրերի Աբրահամի եւ Իսահակի անունը սորանց վերայ կանչուի, եւ երկրի մէջ խիստ շատանան։
  • 17Եւ Յովսէփը տեսաւ որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վերայ, իրան դժուարը եկաւ. Եւ իր հօր ձեռքը բռնեց, որ նորան Եփրեմի գլխի վերայից Մանասէի գլխի վերայ քաշէ։
  • 18Եւ Յովսէփն ասեց իր հօրը. Այդպէս չէ, հայր իմ, որովհետեւ անդրանիկը սա է. Աջ ձեռքդ սորա գլխին դիր։
  • 20Եւ այն օրը օրհնեց նորանց եւ ասեց. Իսրայէլը քեզանով պիտի օրհնէ, «Աստուած քեզ Եփրեմի պէս եւ Մանասէի պէս անէ» ասելով. Եւ Եփրեմին Մանասէից առաջ դրաւ։
  • 21Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա ես մեռնում եմ, եւ Աստուած ձեզ հետ կ’լինի, եւ ձեզ ձեր հայրերի երկիրը կ’դարձնէ։
  • 22Եւ ես քո եղբայրներից մի կտոր երկիր աւելի տուի քեզ, որ Ամօրհացիների ձեռքից իմ սրովը եւ իմ աղեղովն առի։
← Ցանկ