ԾՆՆԴՈՑ47
  • 1Եւ Յովսէփն եկաւ եւ պատմեց Փարաւօնին եւ ասեց. Իմ հայրն ու եղբայրները եւ նորանց հօտերն ու արջառները, եւ նորանց բոլոր ունեցածը եկել են Քանանի երկրիցը, եւ ահա Գեսեմի երկրումն են.
  • 3Եւ Փարաւօնն ասեց նորա եղբայրներին. Ի՞նչ է ձեր գործը. Եւ նորանք Փարաւօնին ասեցին. Քո ծառաները հովիւներ ենք, մենք էլ մեր հայրերն էլ։
  • 4Նաեւ ասեցին Փարաւօնին, Եկել ենք այս երկրումը պանդխտանալու. Որովհետեւ քո ծառաների հօտերի համար արօտ չ’կայ, Քանանի երկրումը սովը սաստկանալու պատճառով. Մենք հիմա խնդրում ենք, թող ծառաներդ Գեսեմի երկրումը բնակուին։
  • 5Եւ Փարաւօնը խօսեց Յովսէփի հետ ասելով. Քո հայրն ու եղբայրները քեզ մօտ են եկել։
  • 6Եգիպտոսի երկիրը առաջիդ է. Քո հօրն ու եղբայրներին երկրի ամենալաւ տեղը բնակեցրու. Գեսեմի երկրի մէջ թող բնակուեն. Եւ եթէ գիտես, թէ նորանց մէջ ժիր մարդիկ կան, իմ հօտերի վերայ վերակացու շինիր նորանց։
  • 7Եւ Յովսէփն իր հայր Յակոբին բերաւ եւ Փարաւօնի առաջին ներկայացրեց. Եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին։
  • 8Եւ Փարաւօնն ասեց Յակոբին. Ո՞րքան է քո կեանքի տարիների օրերը։
  • 9Եւ Յակոբն ասեց Փարաւօնին. Իմ պանդխտութեան տարիների օրերը հարիւր երեսուն տարի են. Իմ կեանքի տարիների օրերը քիչ եւ ցաւով եղան, եւ չեն հասնիլ իմ հայրերի կեանքի տարիների օրերին իրանց պանդխտութեան օրերումը։
  • 10Եւ Յակոբն օրհնեց Փարաւօնին, եւ դուրս եկաւ Փարաւօնի առջեւից։
  • 11Եւ Յովսէփը բնակեցրեց իր հօրն ու եղբայրներին եւ նորանց ստացուածքը Եգիպտոսի երկրի ամենալաւ տեղը՝ Ռամսեսի երկրումը, ինչպէս որ Փարաւօնը հրամայել էր։
  • 12Եւ Յովսէփը սնուցանում էր իր հօրն եւ իր եղբայրներին եւ իր հօր բոլոր տանը՝ հաց տալով ընտանիքներին։
  • 13Եւ բոլոր երկրի մէջ հաց չ’կար. Որովհետեւ սովը շատ սաստկացաւ. Եւ Եգիպտոսի երկիրը եւ Քանանի երկիրը սովի պատճառովը նուաղեց։
  • 14Եւ Յովսէփը հաւաքեց Եգիպտոսի երկրի մէջ եւ Քանանի երկրի մէջ գտնուած բոլոր փողը այն ծախած պաշարովը, որ նորանք առնում էին. Եւ Յովսէփը փողը Փարաւօնի տունը տարաւ։
  • 15Եւ Եգիպտոսի երկրիցը եւ Քանանի երկրիցը փողը վերջացաւ, եւ բոլոր Եգիպտացիները եկան Յովսէփի մօտ եւ ասեցին. Մեզ հաց տուր, որովհետեւ ինչո՞ւ մեռնինք քո առաջին, թէ փող չ’կայ։
  • 16Եւ Յովսէփն ասեց. Ձեր անասունները բերէք, եւ ձեր անասունների փոխարէն տամ ձեզ, եթէ փող չ’կայ։
  • 17Եւ նորանք իրանց անասունները Յովսէփի մօտ բերին, եւ Յովսէփը հաց տուաւ նորանց ձիերի փոխարէն, եւ ոչխարների փոխարէն, եւ արջառների փոխարէն, եւ էշերի փոխարէն. Եւ այն տարի նորանց հացով կերակրեց իրանց բոլոր անասունների փոխարէն։
  • 18Եւ լրացաւ այն տարին, եւ հետեւեալ տարին նորա մօտ եկան եւ ասեցին նորան. Մենք չենք ծածկիլ մեր տէրիցը, որ փողը վերջացել է, եւ մեր անասուններն էլ մեր տիրոջը եղան, էլ մի բան չ’մնաց մեր տիրոջ առաջին, բացի մեր անձերիցը եւ մեր երկրիցը։
  • 19Ինչո՞ւ համար քո աչքի առաջին մեռնինք՝ մենք էլ՝ մեր երկիրն էլ. Մեզ ու մեր երկիրը հացով ծախու առ, եւ մենք ու մեր երկիրը Փարաւօնին ծառաներ լինինք. Եւ սերմ տուր որ ապրինք եւ չ’մեռնինք, եւ երկիրը չանապատանայ։
  • 20Եւ Յովսէփը բոլոր Եգիպտոսի երկիրը ծախու առաւ Փարաւօնի համար. Որովհետեւ Եգիպտացիք ծախում էին՝ ամեն մէկն իր արտը, որովհետեւ սովը սաստիկ էր նորանց վերայ եւ երկիրը Փարաւօնինը եղաւ։
  • 21Եւ ժողովրդին էլ բերել տուաւ քաղաքների մէջ Եգիպտոսի սահմանի մէկ ծայրից մինչեւ միւս ծայրը։
  • 22Միայն քուրմերի երկիրը ծախու չառաւ, որովհետեւ քուրմերը Փարաւօնիցը մի որոշուած մասն ունէին, եւ ուտում էին իրանց որոշուածը, որ Փարաւօնը տալիս էր նորանց, նորա համար իրանց երկիրը չ’ծախեցին։
  • 23Եւ Յովսէփն ասեց ժողովրդին. Ահա այսօր ծախու առի ձեզ եւ ձեր երկիրը Փարաւօնի համար. Ահա ձեզ սերմ, եւ սերմանեցէք երկիրը.
  • 24Եւ արդիւնքի ժամանակ հինգից մէկը Փարաւօնին պիտի տաք, եւ չորս մասը ձերը պիտի լինի. Որ արտի համար սերմ եւ ձեզ համար եւ ձեր տանը եղողների եւ ձեր երեխաների համար ուտելիք լինի։
  • 25Եւ ասեցին. Մեզ ապրեցրիր, թող մեր տիրոջը առաջին շնորհք գտնենք, եւ Փարաւօնին ծառաներ լինինք։
  • 26Եւ Յովսէփն այս օրէնքը հաստատեց Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր, որ հինգից մէկը Փարաւօնինը լինի. Բացի քուրմերի երկրիցը, որ Փարաւօնինը չեղաւ։
  • 27Եւ Իսրայէլը բնակվում էր Եգիպտոսի երկրում Գեսեմի երկրումը, եւ այնտեղ կալուածք ստացան, եւ աճեցին եւ խիստ շատացան։
  • 28Եւ Յակոբը Եգիպտոսի երկրումը տասնեւեօթը տարի ապրեց. Եւ Յակոբի կեանքի տարիների օրերը հարիւր քառասունեւեօթը տարի եղան։
  • 29Եւ Իսրայէլի մեռնելու օրերը մօտեցան, եւ կանչեց իր որդի Յովսէփին, եւ ասեց նորան. Եթէ հիմա քո առաջին շնորհք գտայ, աղաչեմ՝ ձեռքդ իմ երանքի տակը դիր, եւ ինձ մարդասիրութիւն եւ հաւատարմութիւն արա. Աղաչեմ՝ ինձ Եգիպտոսի մէջ մի թաղիր։
  • 30Այլ թող իմ հայրերի հետ ննջեմ, եւ դու ինձ Եգիպտոսից վեր առ, եւ ինձ նորանց գերեզմանումը թաղիր։ Եւ նա ասեց. Ես քո ասածի պէս կ’անեմ։
  • 31Եւ նա ասեց. Ինձ երդում արա. Նա էլ երդում արաւ նորան։ Եւ Իսրայէլը Գաւազանի գլխին վերայ երկրպագութիւն արաւ։
← Ցանկ