ԾՆՆԴՈՑ45
  • 1Եւ Յովսէփը չ’կարողացաւ զսպել իրան բոլոր իր մօտ կանգնողների առաջին, եւ աղաղակեց, Դուրս հանեցէք բոլոր այդ մարդիկը իմ մօտից. Եւ մօտը մարդ չ’կար՝ երբոր Յովսէփն իրան ճանաչեցրեց իր եղբայրներին։
  • 2Եւ ձայնը լացի տուաւ. Եւ Եգիպտացիք լսեցին եւ Փարաւօնի տունը լսեց։
  • 3Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ես Յովսէփն եմ. Իմ հայրը տակաւին ո՞ղջ է. Եւ եղբայրները չէին կարողանում պատասխան տալ նորան, որովհետեւ նորա առաջին ապշել մնացել էին։
  • 4Եւ Յովսէփն ասեց իր եղբայրներին. Ինձ մօտ եկէք, նորանք էլ մօտ եկան. Եւ ասեց. Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որ ինձ ծախեցիք Եգիպտոս։
  • 5Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. Որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար։
  • 6Որովհետեւ երկրիս վերայ սովի երկրորդ տարին է այս. Եւ տակաւին հինգ տարի կայ որ վարուցան, եւ հունձք չի լինիլ։
  • 7Եւ Աստուած ինձ ձեր առաջին ուղարկեց որ երկրի վերայ ձեզ համար սերունդ պահէ, եւ ձեզ ապրեցնէ մեծ ազատութիւնով։
  • 8Եւ արդ՝ ոչ թէ դուք ուղարկեցիք ինձ այս տեղ, այլ Աստուած. Եւ ինձ Փարաւօնին հայր եւ նորա բոլոր տանը տէր Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրաւ։
  • 9Շուտով իմ հօր մօտ գնացէք, եւ ասեցէք նորան. Այսպէս է ասում քո որդի Յովսէփը, Աստուած բոլոր Եգիպտոսի տէր արաւ ինձ. Ինձ մօտ իջիր, մի կանգնիր։
  • 10Եւ Գեսեմի երկրումը կ’բնակուիս, որ ինձանից մօտիկ կ’լինիս, դու եւ քո որդիքը եւ քո որդիների որդիքը եւ հօտերդ եւ արջառներդ եւ քո բոլոր ունեցածը.
  • 11Եւ ես քեզ կ’սնուցանեմ այնտեղ. Որովհետեւ տակաւին հինգ տարի սով կայ. Մի գուցէ չքաւորութիւն քաշես դու եւ քո տունը եւ քո բոլոր ունեցածը։
  • 12Եւ ահա ձեր աչքերը եւ իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խօսողը։
  • 13Եւ Եգիպտոսի մէջ իմ ունեցած բոլոր փառքը, եւ ձեր բոլոր տեսածը պատմեցէք իմ հօրը, եւ շուտով իմ հօրը այստեղ իջեցրէք։
  • 14Եւ իր եղբայր Բենիամինի պարանոցովն ընկաւ եւ լացաւ. Բենիամինն էլ նորայ պարանոցի վերայ լացաւ։
  • 15Եւ իր բոլոր եղբայրներին համբուրեց եւ նորանց վերայ լացաւ. Եւ սորանից յետոյ եղբայրները նորա հետ խօսեցին։
  • 16Եւ այս լուրը Փարաւօնի տանը լսուեցաւ, թէ Յովսէփի եղբայրները եկել են. Եւ Փարաւօնին եւ նորայ ծառաներին հաճելի եղաւ։
  • 17Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Քո եղբայրներին ասիր, Սա արէք. Բեռնեցէք ձեր անասունները, եւ Քանանի երկիրը գնացէք.
  • 18Եւ ձեր հայրն ու ձեր ընտանիքներն առէք, եւ ինձ մօտ եկէք. Եւ Եգիպտոսի երկրի լաւ տեղը ձեզ կ’տամ, եւ երկրի պարարտութիւնը կ’ուտէք։
  • 19Եւ քեզ հրաման եղաւ. Սա արէք, ձեր երեխաների համար եւ ձեր կանանց համար Եգիպտոսի երկրիցը կառքեր առէք, եւ ձեր հայրը բերէք, եւ եկէք։
  • 20Եւ ձեր աչքը ձեր կարասիքի վերայ չ’մնայ. Որովհետեւ բոլոր Եգիպտոսի երկրի բարիքը ձերն է։
  • 21Եւ Իսրայէլի որդիներն այնպէս արին. Եւ Յովսէփը նորանց կառքեր տուաւ Փարաւօնի խօսքի պէս, եւ ճանապարհի համար պաշար տուաւ նորանց։
  • 22Նորանց ամեն մէկին նորանոր հանդերձներ տուաւ, բայց Բենիամինին երեք հարիւր կտոր արծաթ եւ հինգ ձեռք նորանոր հանդերձներ տուաւ։
  • 23Եւ իր հօր համար այսպիսի բաներ ուղարկեց. Տասը էշ Եգիպտոսի բարիքներով բեռնած՝ եւ տասը էգ էշ ցորենով եւ հացով եւ ուտելիքներով բեռնած իր հօր ճանապարհորդութեան համար։
  • 24Եւ իր եղբայրներին ուղարկեց, եւ գնացին. Եւ ասեց նորանց. Ճանապարհին չ’կռուիք։
  • 25Եւ նորանք Եգիպտոսից ելան, եւ դէպի Քանանի երկիրն իրանց հայր Յակոբի մօտ գնացին.
  • 26Եւ նորան պատմեցին ասելով. Յովսէփը տակաւին ողջ է, եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկրին։ Եւ նորա սիրտը նուաղեց, որովհետեւ չ’հաւատաց նորանց։
  • 27Եւ նորան պատմեցին Յովսէփի բոլոր խօսքերը որ իրանց ասել էր, եւ երբ որ տեսաւ Յովսէփի ուղարկած կառքերը որ իրան տանեն, այն ժամանակ իրանց հայր Յակոբի հոգին կենդանացաւ։
  • 28Եւ Իսրայէլն ասեց. Բաւական է, իմ որդին՝ Յովսէփը տակաւին կենդանի է. Գնամ եւ մեռնելիցս առաջ տեսնեմ նորան։
← Ցանկ