ԾՆՆԴՈՑ41
  • 1Եւ եղաւ երկու տարուց յետոյ Փարաւօնը երազ տեսաւ, եւ ահա կանգնել էր գետի եզերքին։
  • 2Եւ ահա գետիցը գեղեցիկ տեսքով եւ պարարտ մարմնով եօթը երինջներ ելան եւ արածում էին պրտուների մէջ։
  • 3Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան գետիցը՝ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, եւ կանգնեցին այն երինջների մօտ գետի եզերքումը։
  • 4Եւ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով երինջները կերան այն եօթը գեղեցիկ տեսքով ու պարարտ երինջներին։ Եւ Փարաւօնը զարթնեց։
  • 5Եւ քնեց, եւ երկրորդ անգամ երազ տեսաւ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը պարարտ եւ լաւ հասկեր էին դուրս գալիս։
  • 6Եւ ահա նորանց ետեւից եօթը վտիտ եւ խորշակահար հասկեր էին բուսնում.
  • 7Եւ այն վտիտ հասկերը կուլ տուին այն եօթը պարարտ եւ լիքը հասկերին։ Եւ Փարաւօնը զարթնեց, եւ ահա երազ էր։
  • 9Եւ մատռուակապետը խօսեց Փարաւօնի հետ ասելով. Ես այսօր յիշում եմ իմ յանցանքները։
  • 10Փարաւօնը բարկացաւ իր ծառաների վերայ, եւ ինձ դահճապետի տան բանտը դրաւ՝ ինձ եւ հացագործապետին։
  • 11Եւ ես ու նա մէկ գիշեր երազ տեսանք. Մեզանից ամեն մէկը իր երազի նշանակութեան պէս երազ տեսանք։
  • 12Եւ այնտեղ մեզ հետ մի Եբրայեցի պատանի կար՝ դահճապետի ծառան, եւ մենք պատմեցինք նորան, եւ նա մեկնեց մեզ մեր երազները. Ամեն մէկիս իր երազի պէս մեկնեց։
  • 13Եւ ինչպէս որ նա մեկնեց, այնպէս եղաւ. Ինձ իմ պաշտօնիս դարձրեց, եւ նորան կախեց։
  • 14Եւ Փարաւօնը մարդ ուղարկեց եւ կանչեց Յովսէփին, եւ շուտով բանտիցը հանեցին նորան, եւ նա ածիլուեցաւ եւ իր հանդերձները փոխեց, եւ եկաւ Փարաւօնի մօտ։
  • 15Եւ Փարաւօնը ասեց Յովսէփին. Երազ տեսայ, եւ մէկը չ’կայ որ մեկնէ նորան. Եւ ես քեզ համար լսեցի որ ասում են. Երազ ես լսում եւ մեկնում։
  • 16Եւ Յովսէփը պատասխանեց Փարաւօնին եւ ասեց. Ոչ թէ ես. Աստուած կ’տայ խաղաղութեան պատասխան Փարաւօնին։
  • 17Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Երազումս ահա գետի եզերքումը կանգնել էի.
  • 18Եւ ահա գետիցը եօթը երինջներ ելան պարարտ եւ գեղեցիկ տեսքով, եւ պրտուների մէջ արածում էին։
  • 19Եւ ահա նորանց ետեւից ուրիշ եօթը երինջներ ելան նիհար ու շատ զազիր տեսքով եւ վտիտ մարմնով, որ նորանց պէս զազիր չեմ տեսել Եգիպտոսի բոլոր երկրումը։
  • 20Եւ այն վտիտ եւ զազիր երինջները կերան առաջի եօթը պարարտ երինջներին։
  • 21Եւ նորանց փորը գնացին, եւ չէր գիտացվում, թէ նորանք նորանց փորն են գնացել. Այլ նորանց տեսքը զազիր էր ինչպէս առաջ։ Յետոյ զարթնեցի։
  • 22Եւ երազումս տեսայ, եւ ահա մէկ փունջի վերայ եօթը լիքը եւ լաւ հասկեր էին դուրս գալիս.
  • 23Եւ ահա նորանց ետեւից եօթը չոր, նիհար խորշակահար հասկեր էին բուսնում.
  • 24Եւ նիհար հասկերը կուլ տուին այն եօթը լաւ հասկերին։ Եւ ես պատմեցի մոգերին, բայց մէկը չ’կայ որ ինձ մեկնէ։
  • 25Եւ Յովսէփն ասեց Փարաւօնին. Փարաւօնի երազը մէկ է. Աստուած իր անելիքը յայտնեց Փարաւօնին։
  • 26Այն եօթը լաւ երինջները եօթը տարի են, եւ այն եօթը լաւ հասկերը եօթը տարի են. Երազը մէկ է։
  • 27Եւ այն եօթը վտիտ եւ զազիր երինջները, որ նորանց ետեւից ելան՝ եօթը տարի են, եւ այն եօթը դատարկ խորշակահար հասկերը եօթը տարի սով են նշանակում։
  • 28Այս է իմ խօսքը որ ասում եմ Փարաւօնին. Թէ Աստուած իր անելիքը Փարաւօնին ցոյց է տուել։
  • 29Ահա եօթը տարի են գալու, որ բոլոր Եգիպտոսի երկրումը մեծ առատութիւն կ’լինի։
  • 30Եւ նորանց ետեւից եօթը տարի սով կ’գայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ բոլոր առատութիւնը կ’մոռացուի. Եւ սովը կ’սպառէ երկիրը.
  • 31Եւ չի իմացուիլ երկրի մէջ առատութիւնը այն սովի պատճառով, որ նորանից յետոյ կ’գայ, որովհետեւ շատ սաստիկ կ’լինի։
  • 32Եւ երազը երկու անգամ Փարաւօնի համար կրկնուելու պատճառը այս է, որ այս բանը Աստուածանից հաստատուած է, եւ Աստուած շուտով անելու է այս։
  • 33Եւ հիմա թող Փարաւօնը հանճարեղ եւ իմաստուն մարդ գտնէ, եւ նորան Եգիպտոսի երկրի վերայ դնէ։
  • 34Թող Փարաւօնը այսպէս անէ, եւ երկրի վերայ գործակալներ նշանակէ, եւ Եգիպտոսի երկրի արմատիքներից առատութեան եօթը տարիներումը հինգից մէկն առնէ։
  • 35Եւ այն եկող լաւ տարիների բոլոր պաշարը ժողովեն. Եւ Փարաւօնի ձեռքի տակ ցորեն դիզեն, եւ քաղաքներում պաշար պահեն։
  • 36Եւ կերակուրը պաշար լինի երկրիս համար այն եօթը տարուայ սովի դէմ, որ Եգիպտոսի երկրումը լինելու է, որ երկիրը սովից չ’կորչի։
  • 37Եւ այս բանը լաւ երեւեցաւ Փարաւօնի աչքին եւ նորա բոլոր ծառաների աչքին։
  • 38Եւ Փարաւօնն ասեց իր ծառաներին. Կարո՞ղ ենք գտնել սորա պէս մի մարդ, որի մէջ լինի Աստուծոյ Հոգին։
  • 39Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Որովհետեւ Աստուած այս ամենը քեզ իմացրեց, քեզ պէս հանճարեղ եւ իմաստուն չ’կայ։
  • 40Դու իմ տան վերայ եղիր, եւ իմ բոլոր ժողովուրդը քո բերանին հնազանդուին. Ես միայն աթոռով քեզանից մեծ լինիմ։
  • 41Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ահա քեզ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ դրի։
  • 42Եւ Փարաւօնն իր ձեռքից մատանին հանեց, եւ Յովսէփի ձեռքն անցրեց, եւ նորան բեհեզեայ հանդերձներ հագցրեց, եւ նորա պարանոցին ոսկի մանեակ դրաւ։
  • 43Եւ իր երկրորդ կառքի վերայ հեծցրեց, եւ գոչում էին նորա առաջին. Ծունր դրէք. Եւ Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան։
  • 44Եւ Փարաւօնն ասեց Յովսէփին. Ես Փարաւօնն եմ, եւ առանց քեզ մէկն իր ձեռքը կամ իր ոտքը չ’բարձրացնէ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ։
  • 45Եւ Փարաւօնը Յովսէփի անունը Փսոմփթոմփանէ դրաւ, եւ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը նորան կին տուաւ. Եւ Յովսէփը ելաւ որ Եգիպտոսի երկիրը ման գայ։
  • 46Եւ Յովսէփը երեսուն տարեկան էր, երբոր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին կանգնեց, եւ Յովսէփը Փարաւօնի առջեւից դուրս ելաւ եւ Եգիպտոսի բոլոր երկիրը ման եկաւ։
  • 47Եւ առատութեան եօթը տարիներումը երկիրը խիստ շատ արդիւնք տուաւ։
  • 48Եւ եօթը տարիներ բոլոր պաշարը որ Եգիպտոսի երկրումը եղաւ, ժողովեց, եւ քաղաքներումը դրաւ պաշարը. Այն քաղաքի շուրջի արտերի պաշարը նոյն քաղաքի մէջ դրաւ։
  • 49Եւ Յովսէփը ծովի աւազի չափ խիստ շատ ցորեն դիզեց՝ այնչափ որ թուելը ձգեցին, որովհետեւ անթիւ էր։
  • 50Եւ Յովսէփի համար երկու որդի ծնուեցան սովի տարիները գալուց առաջ, որ Արեգ քաղաքի Պետափրեայ քուրմի աղջիկ Ասանէթը ծնեց նորա համար։
  • 51Եւ Յովսէփը առաջինեկի անունը Մանասէ դրաւ, որովհետեւ ասեց. Աստուած ինձ մոռացրեց իմ բոլոր վիշտերը, եւ իմ հօր բոլոր տունը։
  • 52Եւ երկրորդի անունը Եփրեմ դրաւ. Որովհետեւ ասեց. Աստուած իմ տառապանաց երկրումն աճեցրեց ինձ։
  • 53Եւ Եգիպտոսի երկրումն առատութեան եօթը տարին անցաւ։
  • 54Եւ Յովսէփի ասածի պէս սկսեցին գալ սովի եօթը տարին. Եւ բոլոր երկիրներում սով եղաւ, բայց Եգիպտոսի երկրի մէջ հաց կար։
  • 55Եւ երբոր Եգիպտոսի բոլոր երկիրը անօթեցաւ, ժողովուրդը հացի համար դէպի Փարաւօնն աղաղակեց. Եւ Փարաւօնն ասեց բոլոր Եգիպտացիներին. Գնացէք Յովսէփի մօտ, ինչ որ ձեզ ասէ արէք։
  • 56Եւ սովը երկրի բոլոր երեսի վերայ եղաւ. Եւ Յովսէփը բացաւ բոլոր շտեմարանները, որոնց մէջ պաշար կար եւ Եգիպտացիներին պաշար ծախեց. Եւ սովը սաստկացաւ Եգիպտոսի երկրումը։
  • 57Եւ բոլոր աշխարհ գալիս էին Եգիպտոսի Յովսէփիցը պաշար ծախու առնելու. Որովհետեւ ամեն երկրի մէջ սովը սաստկացաւ։
← Ցանկ