ԾՆՆԴՈՑ40
- 1Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը իրանց տիրոջ՝ Եգիպտոսի թագաւորի դէմ յանցանք գործեցին։
- 2Եւ Փարաւօնը բարկացաւ իր երկու ներքինիների՝ այսինքն մատռուակապետի եւ հացագործապետի վերայ.
- 3Եւ նորանց դահճապետի տան բանտի մէջ բանտարկեց, ուր որ Յովսէփը բանտարկուած էր։
- 4Եւ դահճապետը Յովսէփին վերակացու նշանակեց նորանց համար, եւ նա ծառայում էր նորանց. Եւ նորանք մի առ ժամանակ մնացին բանտումը։
- 5Եւ երկուսն էլ երազ տեսան՝ ամեն մէկն իր երազը մէկ գիշեր՝ ամեն մէկն իր երազի նշանակութեամբը՝ Եգիպտոսի թագաւորի մատռուակը եւ հացագործը, որոնք բանտումը կապուած էին,
- 6Եւ Յովսէփն առաւօտանց նորանց մօտ եկաւ, եւ տեսաւ նորանց, որ տրտմած էին։
- 7Եւ հարցրեց Փարաւօնի ներքինիներին, որ իր տիրոջ տանը իր հետ բանտարկուած էին ասելով, Ինչո՞ւ համար ձեր երեսները այսօր տխուր են։
- 8Եւ նորանք ասեցին նորան. Երազ ենք տեսել, եւ նորան մեկնող չկայ։ Եւ Յովսէփն ասեց նորանց. Ահա մեկնութիւնները Աստուծոյն են վերաբերվում. Խնդրեմ, պատմեցէք ինձ։
- 9Եւ մատռուակապետը պատմեց իր երազը Յովսէփին եւ ասեց նորան. Երազումս տեսայ, որ առջեւս մի որթ կար.
- 10Եւ այն որթի վերայ երեք ուռ կային, եւ հէնց որ բողբոջեց ծաղիկ տուաւ, եւ նորա ողկոյզները խաղող հասցրին.
- 11Եւ Փարաւօնի բաժակը իմ ձեռքին էր. Եւ խաղողներն առի, եւ Փարաւօնի բաժակի մէջ ճմլեցի, եւ գաւաթը Փարաւօնի ձեռքը տուի։
- 12Եւ Յովսէփը նորան ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք ուռը երեք օր է.
- 13Երեք օրից յետոյ Փարաւօնը քո գլուխը կ’բարձրացնէ, եւ քեզ դարձեալ քո պաշտօնի վերայ կ’դնէ. Եւ Փարաւօնի բաժակը նորա ձեռքը կ’տաս այն առաջի սովորութեան պէս, երբոր նորա մատռուակն էիր։
- 14Բայց ինձ միտքդ բեր, երբ որ քեզ բարիք կ’լինի, եւ խնդրեմ ինձ բարերարութիւն արա, եւ ինձ յիշիր Փարաւօնի առաջին եւ ինձ հանիր այս տունիցը.
- 15Որովհետեւ իրաւ գողացուեցայ Եբրայեցիների երկրիցը. Եւ այստեղ էլ մի բան չեմ արել որ ինձ այս գուբը նետեն։
- 16Եւ հացագործապետը տեսաւ որ լաւ մեկնեց, ասեց Յովսէփին. Ես էլ երազումս տեսայ, որ գլխիս վերայ երեք նաշիհի սակառ ունէի.
- 17Եւ ամենի վերայի սակառի մէջ կար Փարաւօնի ամեն կերակուրներիցը, որ հացագործը շինում է, եւ թռչունները ուտում էին նորանց գլխիս վերայի սակառիցը։
- 18Եւ Յովսէփը պատասխանեց, եւ ասեց. Սա է դորա մեկնութիւնը. Երեք սակառը երեք օր է.
- 19Երեք օրից յետոյ Փարաւօնը քո վերայից վեր կ’առնէ քո գլուխը, եւ քեզ մի ծառից կ’կախէ. Եւ թռչունները քո վերայից կ’ուտեն քո մարմինը։
- 20Եւ եղաւ երրորդ օրը, որ Փարաւօնի ծննդեան օրն էր, եւ իր բոլոր ծառաների համար խնջոյք արաւ եւ իր ծառաների մէջ մատռուակապետի եւ հացագործապետի գլուխները վեր հանեց։
- 21Եւ դարձրեց մատռուակապետին իր պաշտօնին, եւ նա բաժակը Փարաւօնի ձեռքը տուաւ։
- 22Բայց հացագործապետին կախել տուաւ, ինչպէս Յովսէփը մեկնել էր նորանց։
- 23Բայց մատռուակապետը չ’յիշեց Յովսէփին, եւ մոռացաւ նորան։