ԾՆՆԴՈՑ38
  • 1Եւ եղաւ որ այն ժամանակ Յուդան իր եղբայրների մօտից իջաւ եւ գնաց մի Ոդողոմացի մարդի մօտ, անունը Իրաս։
  • 2Եւ Յուդան Շաւա անունով մի Քանանացու աղջկանը տեսաւ եւ առաւ նորան եւ մտաւ նորա մօտ։
  • 3Եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց եւ նորա անունը Էր դրաւ։
  • 4Եւ դարձեալ յղացաւ եւ որդի ծնեց, եւ նորա անունը Օնան դրաւ։
  • 5Եւ դարձեալ մի որդի ծնեց, եւ նորա անունը Սելօմ դրաւ. Եւ Յուդան Քեզիբումն էր նորան ծնելիս։
  • 6Եւ Յուդան իր առաջինեկ տղայ Էրի համար կին առաւ, անունը Թամար։
  • 7Եւ Յուդայի առաջինեկ Էրը չար էր Եհովայի առաջին. Եւ Եհովան սպանեց նորան։
  • 8Եւ Յուդան ասեց Օնանին. Մտիր քո եղբօր կնոջ մօտ եւ տագրութեան պարտքը կատարիր նորա համար, եւ քո եղբօր համար սերունդ հանիր։
  • 9Եւ Օնանը գիտաց, որ սերունդը իրանը չի լինելու. Նորա համար երբոր իր եղբօր կնոջ մօտ էր մտնում, սերմը գետինն էր թափում, որ իր եղբօրը սերունդ չ’տայ։
  • 10Եւ այս բանը որ նա արաւ, չար երեւեցաւ Եհովայի առաջին, եւ նա նորան էլ սպանեց։
  • 11Եւ Յուդան իր հարս Թամարին ասեց. Որբեւայրի նստիր քո հօր տանը մինչեւ որ իմ Սելօմ որդին մեծանայ. Որովհետեւ ասեց. Մի գուցէ նա էլ իր եղբայրների պէս մեռնի. Եւ Թամարը գնաց ու իր հօր տանը նստեց։
  • 12Եւ շատ օրերից յետոյ մեռաւ Շաւայի աղջիկը՝ Յուդայի կինը. Եւ Յուդան մխիթարուել էր, եւ գնաց Թամնա իր հօտերը ասրակտուր անողների մօտ ինքը եւ իր բարեկամը Ոդողոմացի Իրասը։
  • 13Եւ պատմեցին Թամարին ասելով. Ահա քո սկեսրայրը դէպի Թամնա է դուրս եկել իր ոչխարները ասրակտուր անելու։
  • 14Նա էլ իր որբեւայրութեան հանդերձները հանեց իր վերայից եւ քօղով ծածկուեցաւ եւ փաթաթուեցաւ, եւ Թամնայի ճանապարհումը եղող Ենայիմի մուտքումը նստեց. Որովհետեւ տեսաւ որ Սելօմը մեծացել էր, բայց իրան նորա համար կին չ’տուին։
  • 15Եւ Յուդան տեսաւ նորան եւ բոզ կարծեց, որովհետեւ երեսը ծածկել էր։
  • 16Եւ ճանապարհին դէպի նորան դարձաւ եւ ասեց. Խնդրեմ, թող քեզ մօտ մտնեմ. Որովհետեւ չ’գիտէր թէ նա իր հարսն էր։ Եւ նա ասեց. Ի՞նչ կ’տաս ինձ որ ինձ մօտ մտնես։
  • 17Նա էլ ասեց. Ես մի այծի ուլ կ’ուղարկեմ հօտերիցը. Եւ նա ասեց. Արդեօք գրաւ կ’տա՞ս մինչեւ ուղարկելդ։
  • 18Եւ Յուդան ասեց. Ի՞նչ գրաւ տամ քեզ. Եւ նա ասեց. Քո կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը. Նա էլ տուաւ նորան. Եւ մտաւ նորա մօտ, եւ Թամարը յղի մնաց նորանից։
  • 19Եւ վեր կացաւ գնաց, եւ իր վերայից քօղը հանեց, եւ իր որբեւայրութեան հանդերձները հագաւ.
  • 20Եւ Յուդան այծի ուլն ուղարկեց իր բարեկամ Ոդողոմացու ձեռքովը, որ այն կնոջ ձեռքիցը գրաւն առնէ. Բայց նա չ’գտաւ նորան։
  • 21Եւ այն տեղի մարդկանցից հարցրեց ասելով. Ո՞ւր է այն բոզը որ Ենայիմումը ճանապարհի վերայ էր. Եւ նորանք ասեցին. Այստեղ բոզ չ’կար։
  • 22Եւ նա դարձաւ Յուդայի մօտ եւ ասեց. Չ’գտայ նորան, եւ այն տեղի մարդիկն էլ ասեցին՝ թէ Այստեղ բոզ չ’կար։
  • 23Եւ Յուդան ասեց. Թող իրան լինի, միայն թէ խայտառակ չ’լինինք, ահա ես այս ուլը ուղարկեցի, եւ դու չ’գտար նորան։
  • 24Եւ եղաւ որ երեք ամսից յետոյ Յուդային պատմուեցաւ՝ ասելով. Քո հարս Թամարը պոռնկացել է, նաեւ ահա պոռնկութիւնիցը յղի է. Այն ժամանակ Յուդան ասեց. Հանեցէք նորան, եւ պէտք է այրուի։
  • 25Երբոր նորան դուրս էին հանում, նա գրաւները իր սկեսրայրին ուղարկեց ասելով. Ես այս բաների տիրոջիցն եմ յղի. Նաեւ ասեց. Խնդրեմ՝ ճանաչիր թէ որի՞նն է այս կնիքը եւ ժապաւէնը եւ գաւազանը։
  • 26Եւ Յուդան ճանաչեց եւ ասեց. Նա ինձանից արդար է. Որովհետեւ նորան իմ որդի Սելօմին չ’տուի. Եւ այլ եւս չ’գիտաց նորան։
  • 27Եւ եղաւ որ նորա ծնելու ժամանակը՝ ահա նորա արգանդումը երկուորեակ էին։
  • 28Եւ եղաւ որ ծնելիս, մէկը ձեռքը մեկնեց. Եւ մանկաբարձն առաւ եւ նորա ձեռքի վերայ կարմիր դերձան կապեց ասելով. Առաջ այս դուրս եկաւ։
  • 29Եւ նա հէնց որ իր ձեռքը ետ քաշեց, ահա նորա եղբայրը դուրս եկաւ. Եւ մանկաբարձն ասեց. Ինչո՞ւ պատառեցիր ցանկը. Պատառումը քեզ վերայ. Նորա համար նորա անունը Փարէս դրուեցաւ։
  • 30Եւ յետոյ ձեռքին կարմիր դերձան ունեցող եղբայրը դուրս եկաւ, եւ նորա անունը Զարա դրուեցաւ։
← Ցանկ