ԾՆՆԴՈՑ37
  • 1Եւ Յակոբն իր հօր պանդխտացած երկրումը՝ Քանանի երկրումը բնակուեց։
  • 2Սորանք են Յակոբի ծնունդները. Յովսէփը տասնեւեօթը տարեկան էր՝ իր եղբայրների հետ հօտերը արածեցնում էր, եւ պատանի էր իր հօր կանանց Բաղղայի որդիների հետ եւ Զեղփայի որդիների հետ. Եւ Յովսէփը նորանց չար լուրը բերում էր իրանց հօր մօտ։
  • 3Եւ Իսրայէլն իր բոլոր որդիներից աւելի սիրում էր Յովսէփին, որովհետեւ նա իր ծերութեան որդին էր. Եւ թեւքերով պատմուճան շինեց նորա համար։
  • 4Եւ նորա եղբայրները տեսան, որ իրանց հայրը սիրում էր նորան իր բոլոր եղբայրներից աւելի, ատեցին նորան, եւ խաղաղութեամբ չէին կարողանում խօսել նորա հետ։
  • 5Եւ Յովսէփը մի երազ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց. Եւ նորանք աւելի ատեցին նորան։
  • 6Եւ ասեց նորանց. Խնդրեմ, ականջ դրէք այս իմ տեսած երազը.
  • 7Ահա մենք դաշտումը որաներ էինք կապում, եւ ահա իմ որան վեր կացաւ եւ ուղիղ կանգնեց. Եւ ահա ձեր որաները նորա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագութիւն արին։
  • 8Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Իրա՞ւ մեր վերայ թագաւորելու ես, կամ իրաւ մեր վերայ տիրելո՞ւ ես. Եւ նորա երազների եւ խօսքերի համար աւելի ատեցին նորան։
  • 9Եւ մի ուրիշ երազ էլ տեսաւ, եւ իր եղբայրներին պատմեց նորան եւ ասեց. Ահա մի երազ էլ տեսայ, եւ ահա արեգակը եւ լուսինը եւ տասնեւմէկ աստղեր ինձ երկրպագութիւն էին անում։
  • 10Եւ իր հօր ու իր եղբայրներին պատմեց. Եւ իր հայրը յանդիմանեց նորան, եւ ասեց նորան. Այս ի՞նչ երազ է որ տեսել ես. Մի՞թէ ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրաւ գալու ենք որ մինչեւ գետինը քեզ խոնարհութիւն անենք։
  • 11Եւ եղբայրները նախանձեցին նորա վերայ. Բայց հայրը պահեց այս խօսքը։
  • 12Եւ նորա եղբայրները գնացին իրանց հօր հօտերը Սիւքեմումն արածեցնելու։
  • 13Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Ահա քո եղբայրները Սիւքեմումը արածեցնում են. Եկ քեզ նորանց մօտ ուղարկեմ. Եւ նա ասեց. Ահա ես։
  • 14Եւ նա ասեց նորան. Գնա տես, քո եղբայրները առո՞ղջ են, եւ հօտերը ո՞ղջ են, եւ ինձ համար լուր բեր։ Եւ նորան ուղարկեց Քեբրոնի հովիտիցը. Եւ նա էլ Սիւքեմ եկաւ։
  • 15Եւ մի մարդ գտաւ նորան, որ դաշտումը թափառում էր. Եւ այն մարդը հարցրեց նորան ասելով. Ի՞նչ ես պտրտում։
  • 16Եւ նա ասեց. Իմ եղբայրներին եմ պտրտում. Խնդրեմ ասիր ինձ, նորանք ո՞րտեղ են արածեցնում։
  • 17Եւ այն մարդն ասեց. Այստեղից չուեցին. Որովհետեւ լսեցի որ ասում էին՝ Գնանք Դօթայիմ։ Եւ Յովսէփն իր եղբայրների ետեւից գնաց եւ նորանց Դօթայիմի մէջ գտաւ։
  • 18Եւ երբոր նորան հեռուանց տեսան, դեռ ինքը նորանց չ’մօտեցած, դաւաճանութիւն արին՝ նորան սպանելու.
  • 19Եւ իրար ասեցին. Ահա այն երազ տեսնողը գալիս է.
  • 20Եւ հիմա եկէք սպանենք նորան, եւ գուբերի մէկի մէջ գցենք նորան. Եւ ասենք՝ Թէ մի չար գազան կերել է նորան. Եւ տեսնենք նորա երազները ինչ կ’լինին։
  • 21Եւ Ռուբէնը լսեց եւ նորանց ձեռքիցն ազատեց նորան, ասելով. Չ’սպանենք նորան։
  • 22Եւ Ռուբէնն ասեց նորանց. Արիւն մի թափիք. Նորան այս գուբը գցեցէք որ այս անապատումս է, եւ նորան ձեռք մի զարկէք. Որպէս զի ազատէր նորան նորանց ձեռքիցը, որ իր հօրը դարձնէր։
  • 23Եւ եղաւ հէնց որ Յովսէփն իր եղբայրների մօտ եկաւ, մերկացրին Յովսէփին իր պատմուճանիցը, այսինքն իր վերայի թեւքերով պատմուճանիցը,
  • 24Եւ առին նորան եւ գուբը գցեցին. Եւ գուբը դատարկ էր, մէջը ջուր չ’կար։
  • 25Եւ նստեցին հաց ուտելու. Եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տեսան, եւ ահա Իսմայէլացիների մէկ կարաւանը գալիս էր Գաղաադիցը, եւ իրանց ուղտերը համեմներով եւ բալասանով եւ զմուռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։
  • 26Եւ Յուդան ասեց իր եղբայրներին. Ի՞նչ օգուտ եթէ մեր եղբօրը սպանենք, եւ նորա արիւնը ծածկենք.
  • 27Եկէք Իսմայէլացիներին ծախենք նորան, եւ մեր ձեռքը նորան չ’դպչի. Որովհետեւ նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է. Եւ նորա եղբայրները լսեցին։
  • 28Եւ Մադիանացի վաճառականները անցնում էին. Եւ Յովսէփին գուբիցը քաշեցին ու դուրս հանեցին, եւ Իսմայէլացիներին ծախեցին Յովսէփին քսան արծաթի. Նորանք էլ Յովսէփին տարին Եգիպտոս։
  • 29Եւ Ռուբէնը դարձաւ դէպի գուբը, եւ ահա Յովսէփը գուբումը չէր. Եւ իր հանդերձները պատառեց,
  • 30Եւ դարձաւ իր եղբայրներին եւ ասեց. Տղան չ’կայ, եւ ես ո՞ւր գնամ։
  • 31Եւ առին Յովսէփի պատմուճանը, եւ այծերից մի նոխազ մորթեցին, եւ պատմուճանը արիւնի մէջ թաթախեցին։
  • 32Եւ ուղարկեցին թեւքերով պատմուճանը եւ բերին իրանց հօր մօտ, եւ ասեցին. Սա գտել ենք, հիմա ճանաչիր թէ սա քո որդու պատմուճա՞նն է, թէ ոչ։
  • 33Եւ նա ճանաչեց նորան, եւ ասեց. Իմ որդու պատմուճանն է, մի չար գազան կերել է նորան. Յովսէփն անպատճառ գիշատուել է։
  • 34Եւ Յակոբը պատառեց իր հանդերձները, եւ քուրձ հագաւ իր մէջքի վերայ եւ իր որդու համար շատ օրեր սուգ արաւ։
  • 35Եւ նորա բոլոր որդիները եւ նորա բոլոր աղջկերքը վեր կացան նորան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարուիլը, եւ ասեց. Ես սուգով կ’իջնեմ գերեզմանը իմ որդու մօտ։ Եւ նորա հայրը լացաւ նորա համար։
← Ցանկ