ԾՆՆԴՈՑ35
- 1Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ քեզ երեւեցաւ քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ։
- 2Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։
- 3Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։
- 4Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին։
- 5Եւ ճանապարհ ելան. Եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան։
- 6Եւ Յակոբն եկաւ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը.
- 7Եւ այնտեղ մի սեղան շինեց եւ այն տեղի անունը Էլ-Բեթէլ դրաւ. Որովհետեւ Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր։
- 8Եւ Ռեբեկայի դայեակ Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. Եւ նորա անունը Ալօն-բախութ դրուեցաւ։
- 9Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ Յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան։
- 10Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ Իսրայէլ լինի քո անունը. Եւ նորա անունը Իսրայէլ դրաւ։
- 11Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։
- 12Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կ’տամ. Եւ քեզանից յետոյ քո սերունդին կ’տամ այն երկիրը։
- 13Եւ Աստուած բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց։
- 14Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց։
- 15Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, Բեթէլ դրաւ։
- 16Եւ Բեթէլից ճանապարհուեցան. Եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ Ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց։
- 17Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ սա էլ քեզ համար տղայ է։
- 18Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. Բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան։
- 19Եւ Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է։
- 20Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է։
- 21Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ Միդդալ-եդերի այն կողմումը։
- 22Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. Եւ Իսրայէլը լսեց այս։ Եւ Յակոբի որդիքը տասնեւերկու էին։
- 23Լիայի որդիքը՝ Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն։
- 24Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։
- 25Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ։
- 26Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ Գադ եւ Ասեր։ Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար։
- 27Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ Մամբրէ Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան։
- 28Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան։
- 29Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ. Եւ նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան։