ԾՆՆԴՈՑ19
  • 1Եւ այն երկու հրեշտակներն իրիկունը Սոդոմ եկան. Եւ Ղովտը նստած էր Սոդոմի դրանը. Եւ Ղովտը տեսաւ եւ վեր կացաւ գնաց նորանց առաջը եւ իր երեսի վերայ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ.
  • 2Եւ ասեց. Ա՛ղէ իմ տէրերս, եկէք ձեր ծառայի տունը, եւ գիշերը կացէք, եւ ձեր ոտքերը լուացէք. Եւ առաւօտանց կանուխ վեր կ’կենաք ու ձեր ճանապարհը կ’գնաք։ Եւ նորանք ասեցին. Ոչ. Փողոցումը կ’կենանք գիշերը։
  • 3Եւ նորանց շատ բռնադատեց, եւ նորա մօտ գնացին եւ նորա տունը մտան, եւ նորանց համար ճաշ պատրաստեց եւ բաղարջ թխեց, եւ կերան։
  • 4Բայց դեռ որ չէին պառկել, եւ ահա քաղաքի մարդիկը այսինքն Սոդոմի մարդիկը տունը պատեցին երիտասարդներից մինչեւ ծերերը բոլոր ժողովուրդը միասին։
  • 5Եւ Ղովտին կանչեցին եւ նորան ասեցին. Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մօտ եկան. նորանց դուրս բեր մեզ մօտ, եւ գիտենանք նորանց։
  • 7Եւ ասեց. Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք։
  • 8Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ’գիտեն. Թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. Միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան։
  • 9Եւ նորանք ասեցին. Դէն գնա. Եւ ասեցին. Եկաւ մինակ պանդխտութեան համար, եւ դատաստան էլ է անում. Հիմա քեզ նորանցից վատ կանենք։ Եւ սաստիկ բռնադատեցին մարդին այսինքն Ղովտին, եւ մօտեցան որ դուռը կոտրեն։
  • 10Բայց այն մարդիկն իրանց ձեռքը մեկնեցին, եւ Ղովտին առին տունը իրանց մօտ եւ դուռը փակեցին։
  • 11Եւ այն մարդկանցը, որ տան դրանն էին, կուրութեամբ զարկեցին փոքրիցը մինչեւ մեծը, այնպէս որ դուռը գտնելու համար աշխատելով թուլացան։
  • 12Եւ մարդիկն ասեցին Ղովտին. Այստեղ ուրիշ էլ ո՞վ ունիս. Փեսայ եւ որդիներդ եւ աղջիկներդ, եւ քաղաքումը ով որ ունիս այստեղից հանիր.
  • 13Վասն զի մենք այս տեղը պէտք է կործանենք. Որովհետեւ նորանց աղաղակը մեծ է Եհովայի առաջին. Եւ Եհովան մեզ ուղարկեց, որ նորան կործանենք։
  • 14Եւ Ղովտը դուրս եկաւ եւ իր աղջիկներն առնող փեսաների հետ խօսեց, եւ ասեց. Վեր կացէք դուրս եկէք այս տեղից, որովհետեւ Եհովան պէտք է կործանէ այս քաղաքը. Բայց նա կատակ անողի պէս էր երեւում իր փեսաներին։
  • 15Եւ երբոր առաւօտ եղաւ հրեշտակները ստիպում էին Ղովտին ասելով, Վեր կաց առ կինդ եւ այստեղ գտնուած երկու աղջիկդ, որպէս զի չ’կորչիս այս քաղաքի անօրէնութեան հետ։
  • 16Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին։
  • 17Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չ’կորչիս։
  • 18Եւ Ղովտն ասեց նորանց. Ոչ՝ Տէր, աղաչում եմ,
  • 19Ահա ծառադ առաջին շնորհք գտաւ, եւ մեծ էր քո երախտիքն, որ արիր ինձ՝ իմ կեանքն ապրեցնելով, եւ ես չեմ կարող սարը փախչիլ, որպէս զի չարիք չ’հասնէ ինձ եւ ես մեռնիմ։
  • 20Ահա այս քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. Եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ, (չէ՞ որ նա պզտիկ է,) եւ իմ անձն ապրէ։
  • 21Եւ ասեց նորան. Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չ’կործանեմ, որի համար խօսեցիր։
  • 22Շուտ արա այն տեղ փախիր, որովհետեւ ես մի բան չեմ կարող անել, մինչեւ որ դու այն տեղ չ’հասնիս. Նորա համար այն քաղաքի անունը Սեգովր կոչեց։
  • 23Եւ արեւը երկրի վերայ ծագում էր, երբոր Ղովտը Սեգովր մտաւ։
  • 24Եւ Եհովան Սոդոմի եւ Գոմորի վերայ ծծումբ եւ կրակ տեղաց Եհովայի կողմից երկնքիցը,
  • 25Եւ կործանեց այն քաղաքները, եւ բոլոր դաշտը, եւ այն քաղաքների բոլոր բնակիչները եւ երկրի բոլոր բոյսը։
  • 26Եւ նորա կինը ետեւին մտիկ արաւ եւ աղի արձան դարձաւ։
  • 27Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ եկաւ այն տեղը, ուր Եհովայի առաջին կանգնել էր։
  • 28Եւ Սոդոմի եւ Գոմորի եւ բոլոր այն դաշտի երկրի վերայ մտիկ արաւ տեսաւ՝ որ ահա այն երկրի ծուխը դուրս էր գալիս հնոցի ծուխի պէս։
  • 29Եւ եղաւ երբոր Աստուած այն դաշտի քաղաքները կործանում էր, Աստուած յիշեց Աբրահամին, եւ հանեց Ղովտին այն կործանումի միջիցը, երբոր կործանում էր այն քաղաքները որոնցում Ղովտը բնակվում էր։
  • 30Եւ Ղովտը Սեգովրից վեր գնաց եւ սարումը բնակուեց, եւ իր երկու աղջկերքն իր հետ. Որովհետեւ վախում էր Սեգովրումը բնակուելու եւ բնակուեց մի այրում ինքը եւ իր երկու աղջկերքը։
  • 31Եւ մեծն ասեց պզտիկին. Մեր հայրը ծեր է, եւ երկրիս մէջ մարդ չ’կայ մեզ մօտ գալու համար ինչպէս ամեն երկրի սովորութիւնն է։
  • 32Եկ մեր հօրը գինի խմեցնենք, եւ նորա հետ պառկենք, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։
  • 33Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. Եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։
  • 34Եւ եղաւ որ միւս օրը մեծ աղջիկը պզտիկին ասեց. Ահա երէկ գիշեր հօրս հետ պառկեցի. Այս գիշեր էլ նորան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պառկիր, եւ մեր հօրիցը սերունդ յարուցանենք։
  • 35Եւ այն գիշերն էլ իրանց հօրը գինի խմեցրին, եւ պզտիկ աղջիկը վեր կացաւ նորա հետ պառկեց, եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։
  • 36Եւ Ղովտի երկու աղջկերքը իրանց հօրիցը յղացան։
  • 37Եւ մեծը որդի ծնեց եւ անունը Մովաբ դրաւ. Նա է Մովաբացիների հայրը մինչեւ այսօր։
  • 38Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. Սա է Ամմոնի որդկանց հայրը մինչեւ այսօր։
← Ցանկ