ԾՆՆԴՈՑ17
  • 1Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։
  • 2Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կ’դնեմ, եւ քեզ խիստ շատ կ’շատացնեմ։
  • 3Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով.
  • 4Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կ’լինիս.
  • 5Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ լինի. Որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի։
  • 6Եւ քեզ խիստ շատ կ’աճեցնեմ, եւ քեզ ազգեր կ’շինեմ. Եւ քեզանից թագաւորներ դուրս կ’գան։
  • 7Եւ կ’հաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար։
  • 8Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ նորանց Աստուած կ’լինիմ։
  • 9Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը։
  • 10Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատուի.
  • 11Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կ’լինի իմ ու ձեր մէջ։
  • 12Եւ թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ։
  • 13Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. Եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի։
  • 14Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. Նա իմ ուխտն անարգել է։
  • 15Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը։
  • 16Եւ նորան կ’օրհնեմ, նաեւ նորանից մի որդի կ’տամ քեզ. Եւ կ’օրհնեմ նորան, եւ նա ազգեր կ’լինի. Ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից։
  • 17Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կ’լինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կ’ծնէ՞։
  • 18Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։
  • 19Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կ’ծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ կ’դնես. Եւ ես իմ ուխտը կ’հաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։
  • 20Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կ’աճեցնեմ նորան եւ խիստ շատ կ’շատացնեմ նորան. Նա տասներկու իշխաններ կ’ծնէ, եւ մեծ ազգ կ’շինեմ նորան։
  • 21Բայց իմ ուխտը կ’հաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կ’ծնէ միւս տարի այս ժամանակ։
  • 22Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։
  • 23Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան.
  • 24Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։
  • 25Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։
  • 26Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը,
  • 27Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան։
← Ցանկ