ԾՆՆԴՈՑ15
- 1Այս բաներից յետոյ տեսիլքում Եհովայի խօսքը Աբրամին եղաւ ասելով. Մի՛ վախիր, Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։
- 2Եւ Աբրամն ասեց. Ով Տէր Եհովայ, ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել, եւ իմ տան տիրողն ահա Դամասկացի Եղիազարն է։
- 3Նաեւ ասեց Աբրամը, Որովհետեւ ինձ սերունդ չ’տուիր, ահա իմ ընդոծինն ինձ ժառանգ կ’լինի։
- 4Եւ ահա Եհովայի խօսքը եղաւ դէպի նորան ասելով, Նա չի ժառանգիլ քեզ. Այլ նա որ քո մէջքիցը դուրս կ’գայ, նա կ’լինի քո ժառանգը։
- 5Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. Այսպէս կ’լինի քո սերունդը։
- 6Եւ նա հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս։
- 7Եւ ասեց նորան. Ես եմ Եհովան, որ քեզ Քաղդէացոց Ուր քաղաքիցը հանեցի այս երկիրը քեզ տալու համար։
- 8Եւ նա ասաց. Ով Տէր Եհովայ, ի՞նչով գիտենամ թէ ես նորան կ’ժառանգեմ։
- 9Եւ նա ասեց նորան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, եւ մի երեք տարեկան այծ, եւ մի երեք տարեկան խոյ, եւ մի տատրակ, եւ մի աղաւնու ձագ առ։
- 10Եւ նա այս բոլորն առաւ նորա համար, եւ նորանց մէջտեղիցը կտրտեց, եւ ամեն մէկ կտորը միւս կտորի դէմ ու դէմ դրաւ. Բայց թռչունները չ’կտրեց։
- 11Եւ կտրած դիերի վերայ գիշատիչ թռչուններն իջան, բայց Աբրամը ետ քշեց նորանց։
- 12Եւ երբոր արեւը մար էր մտնում, Աբրամի վերայ մի խոր քուն եկաւ, եւ ահա նորա վերայ մի մեծ խաւարի սոսկում ընկաւ։
- 13Եւ Եհովան ասեց Աբրամին. Ստոյգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կ’լինի, եւ ծառայութիւն կ’անեն, եւ նորանց չորս հարիւր տարի կ’չարչարեն։
- 14Բայց այն ազգն էլ, որին արդէն կ’ծառայեն, ես կ’դատեմ. Եւ նորանցից յետոյ մեծ ստացուածքով դուրս կ’գան։
- 15Եւ դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ’գնաս. Լաւ ծերացած կ’թաղուիս։
- 16Եւ չորրորդ դարումը այստեղ կ’դառնան, որովհետեւ Ամօրհացիների անօրէնութիւնը դեռ կատարեալ չէ։
- 17Եւ եղաւ երբոր արեւը մար մտաւ, եւ խաւար եղաւ, ահա մի մեծ ծուխի հնոց եւ մի կրակի բոց այն կտորների մէջտեղովն անցաւ։
- 18Այն օրը Եհովան Աբրամի հետ ուխտ դրաւ ասելով, Քո սերունդին տուի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչեւ մեծ գետը այսինքն Եփրատ գետը.
- 19Կենեցիները, եւ Կենեզացիները, եւ Կեդմոնացիները,
- 20Եւ Քետացիները, եւ Փերեզացիները, եւ Ռափայիմները,
- 21Եւ Ամօրհացիները, եւ Քանանացիները, եւ Գերգեսացիները, եւ Յեբուսացիները։