«Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկ»

Դերեկ Պրինս

«Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկ» Նոր և թարմացված հրատարակություն

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդուն գրեթե ժամանակ չի մնում կարդալու համար։ ժամանակակից սոցցանցերը, մեդիայի միջոցները և այլ զբաղմունքներն ու զվարճանքները շատերի համար օտարացրել են գիրքն ու ընթերցանությունը։ Սակայն ամենացավալին այն է, որ ըստ բազմաթիվ հետազոտությունների, ժամանակակից հավատացյալն ավելի ու ավելի քիչ ժամանակ է հատկացնում Աստվածաշնչի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը։ Ըստ վերջին հետազոտությունների, ամերիկացի հավատացյալների միայն 19%-ն է, որ ամեն օր կարդում է Աստվածաշունչը, իսկ հարցվածների 22%-ն էլ` ամիսը մեկ անգամ։

Ցուցանիշները գուցե մի փոքր տարբեր լինեն հայաստանյան ընթերցողների շրջանակում, սակայն չեմ կարծում, որ տարբերությունը շատ մեծ լինի։

 

Հայերեն թարգմանությամբ առաջին գիրքը Դերեկ Պրինսից, որը թարգմանվել է Աբովյան քաղաքում և հրատարակվել է 1992 թվականի հունիս

Աստվածաշնչի ուսուցիչ և բազմաթիվ գրքերի հեղինակ Դերեկ Պրինսը հայտնի է հոգևոր իր մեծ ավանդով հայ ընթերցասերների շրջանում։ Նրա գրքերը, ուսումնասիրությունները և ուսուցումները ընթերցողին մղում են դեպի Աստծո Խոսքը և ծարավ են առաջացնում այն ոչ միայն կարդալու, այլև խորապես ուսումնասիրելու համար։ «Դերեկ Պրինսի ծառայությունը» շարունակում է հայ ընթերցողին հասանելի դարձնել Դերեկի թողած հարուստ ժառանգությունը` դրանով հանդերձ նպաստելով ընթերցողների մոտ աստվածաշնչյան գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը։

25 տարի առաջ էր, երբ առաջին անգամ հայերեն լեզվով հրատարակվեց Դերեկի հայերեն առաջին գիրքը` «Աստվածաշնչի ինքնուրույն սերտողության ձեռնարկը»։ Այն ժամանակ, երբ հոգեգալստական արթնության ալիքը տարերայնորեն տարածվում և իր մեջ էր ներառում տասնյակ հազարավոր մարդկանց, այս ձեռնարկը լավագույն միջոցներից պիտի հանդիսանար` աշակերտելու նորադարձներին և սպառազինելու ծառայողներին։

Եվ ահա 25 տարի անց, համալրված նոր թեմաներով և թեստերով, ընթերցողի դատին է հանձնվում սույն ձեռնարկը։ Ձեռնարկում տեղ գտած թեմաներն անփոխարինելի կարևորություն են ներկայացնում քրիստոնյա հավատացյալի համար։ Այն պարզապես գիրք չէ, այլ աշխատանքային տետրակ, որտեղ Աստվածաշունչն ուսումնասիրողը կարող է գանձեր հայտնաբերել իր համար։ Ձեռնարկի գործնական ուսումնասիրության մեթոդիկան մեծապես կնպաստի յուրքանչյուր քրիստոնյայի հոգևոր ճանաչողությանն ու Աստծո Խոսքի ճշմարտությունների գործնական կիրառմանը։

Դուք հնարավորություն կունենաք ամեն դասից հետո ստուգել ձեր գիտելիքները և անգիր համարներ սովորել Աստվածաշնչից։ Ձեռնարկը չափազանց օգտակար է թե՛ անհատական և թե՛ խմբակային սերտողության համար։ Այն ընթերցողին կօգնի սկսել անմոռանալի մի ճամփորդություն, որը կանցնի Աստվածաշնչի էջերով և լի կլինի վառ ու անմոռանալի ապրումներով և տպավորություններով։

Բարի և արդյունավետ սերտողություն։

Հայաստանում և տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն`

Վազգեն Զոհրաբյան