ՄԱՐՏԻ 13. «ՓԱՌՔԸ ՊԵՏՔ Է Ի ՀԱՅՏ ԳԱ»

Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։

«Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Որովհետև արարծների եռանդալից ակնկալությունն սպասում է Աստծո որդիների հայտնությանը»։

Հռոմեացիներին 8:18-19

Շատ քրիստոնյաներ կարծես չեն ըմբռնում Քրիստոսի հարության կարևորությունն իրենց համար։ Աստծո որդիները հայտնվում են հարության ժամանակ։ Ողջ արարչագործությունը փափագով սպասում է դրան։ Ծառերը, ծովերը, գետերը և լեռները սպասում են։ Զարմանալի է, որ արարչագործությունն այդքան ոգևորված է այդ օրով, իսկ եկեղեցու մեծ մասն անտարբեր է դրա նկատմամբ։

«Նրա համար, որ արարծներն ունայնությանը հնազանդվեցին՝ ոչ թե կամովին, այլ նրա պատճառով, որ հնազանդեցրեց այն հույսով, որ արարծներն իրենք էլ ապականության ծառայությունից կազատվեն՝ Աստծո որդիների փառավոր ազատության մեջ մտնելով»։

(խ. 20-21):

Ողջ արարչագործությունը տառապում է մարդու մեղքի պատճառով։ Մինչև մարդու մեղանչումը չկային ո՛չ փշեր և ո՛չ էլ տատասկներ, որևէ բան մինչ այդ ո՛չ մահացել էր, ո՛չ էլ փտել։ Եվ մենք տեսնում ենք, որ միայն մենք չենք, որ փառավոր հարության վիճակին ենք հասնելու։ Արարչագործոթյունը ևս հասնելու է դրան։ Ինչևէ, Աստված սահմանել է այս հերթականությունը. արարչագործությունը երբեք չի մտնի այս վիճակի մեջ, մինչև մենք չմտնենք։ Ինչպես Պողոսը գրեց. «Որովհետև գիտենք, որ բոլոր արարծները մինչև հիմա միասին հառաչում են ու ցավի մեջ են» (խ.22):

Պողոսը հաճախ օգտոգործում էր «գիտենք» արտահայտությունը, այն դեպքում, երբ ժամանակակից քրիստոնյաների մեծ մասը չգիտեն։ Գիտե՞նք արդյոք, որ ողջ արարչագործությունը հառաչանքի ու ցավի մեջ են՝ սպասելով Աստծո որդիների հայտնությանը, նոր դարաշրջանի ծնունդին և քայքայումից ազատագրվելուն։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Գառան արյան համար։ Ես հռչակում եմ, որ մուտք եմ գործում Աստծո որդիների համար նախատեսված փառքի մեջ։ Ես հաղթում եմ սատանային Գառան արյունով և իմ վկայության խոսքով և իմ անձը չեմ սիրում մինչև մահ։ Ամեն։