Վերջերս ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվեց աշխարհի 9 ամենաբարդ ու դժվարին մասնագիտությունների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, այլ պարտականությունների և պաշտոնների կողքին իր բարդությամբ գտնվում էր նաև հովվական ծառայությունը: Իր դժվարությամբ և ծանրությամբ այն ցուցակում զբաղեցրել է 5-րդ տեղը:
«Հովիվ լինել, նշանակում է քեզ ինքնակամ հալածանքի մատնել: Ձեզ պարբերաբար և անդադար քննադատում են, ձեր ջանքը ոչ ոք չի տեսնում է և միայն նկատվում է անտեսանելի Ղեկավարի կողմից: Դուք ղեկավարում եք անկառավարելի մարդկանց մի խումբ՝ փորձելով նրանց մոտեցնել Աստծուն: Դա նման է կատուներին հովվելուն, սակայն իրականում այն ավելի դժվար է»,- ասել է Կալիֆորնիա նահանգի Մկրտական եկեղեցու հովիվ Քեն Ֆոնգը:
Forbes ամսագրի հրապարակած տվյալը ստիպեց մեզ վերագնահատելու հովվական ծառայությունը, արժեվորելու հովիվներին և անդրադառնալու այն բանին, թե ինչ է ասել Դերեկ Պրինսը հովվական ծառայության մասին: Ստորև ներկայացնում ենք ձեզ մի հատված՝ «Վերաբացահայտելով Աստծո եկեղեցին» գրքից:
Դերեկ Պրինս
«Գառներին հովիվ է պետք»
հատված՝ «Վերաբացահայտելով Աստծո եկեղեցին» գրքից
Գոյություն ունի մի սկզբունք. գառներին հովիվ է պետք: Համաձայն թե՛ Հին և թե՛ Նոր կտակարանների գառներն առանց հովվի կորում են, հոգնում, հիվանդանում և դառնում են գիշատիչների զոհը: Սա շատ հետաքրքիր փաստ է: Խոշոր եղջերավոր անասունին կարելի է առանց հսկողության թողնել, սակայն գառներին առանց հսկողության ոչ մի կերպ չի կարելի թողնել:
Որքանով որ հասկանում եմ Նոր Կտակարանը, սա յուրաքանչյուր հավատացյալի անձնական պատասխանատվությունն է: Դուք կա՛մ պետք է լինեք հովիվը, կա՛մ էլ գտնեք մեկին, ով հովվություն կանի ձեզ: Դուք կա՛մ հովվական ծառայության մեջ եք, կա՛մ էլ հովվական ծածկոցի տակ: Համաձայն Աստվածաշնչի, ցանկացած ոչխար, ով առանց հովվի է մնացել, չունի պաշտպանություն և սնունդ: Այնուամենայնիվ, եթե դուք այսօր նայեք ձեր շուրջը, ապա հազարավոր մարդկանց կտեսնեք, ովքեր չունեն հովիվ, չեն ընդունում հովիվներին և իրենք էլ հովիվ չեն: Արդյունքում նրանք ցրվում են, կորսվում և դառնում են թույլ, հոգևորապես հիվանդ՝ դառնալով խաբեբաների և սուտ մարգարեների զոհը, որոնք կերակրվում են Աստծո մարդկանց հաշվին, ովքեր չունեն պաշտպանություն:
Հովվական խնամքի ներքո գտնվելը և հովվական ծառայություն ընդունելը նշանակում է նվիրաբերվել աշակերտությանը: Գործք Առաքելոց 11:26-ում ասված է. «Եվ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները քրիստոնյա անվանվեցին»: Սրանով, ինչպես ես եմ հավատում, տրվում է քրիստոնյայի սահմանումը. այն աշակերտ լինելն է: Այն մարդը, ով աշակերտ չէ, չի կարող քրիստոնյա կոչվել: Աշակերտն այն է, ով գիտակցում է այն անհրաժեշտությունը, որ իրեն սովորեցնեն: Հենց աշակերտ բառը խոսում է այդ մասին: Եկեղեցում անհրաժեշտ է սովորել, իսկ սովորելու համար դիսցիպլին է անհրաժեշտ: Այնտեղ անհրաժեշտ է, որ լինեն ղեկավար և ղեկավարության ներքո գտնվող մարդիկ: Թե՛ առաջինները և թե՛ երկրորդները Աստծո շնորհքի կարիքն ունեն: Կարծում եմ՝ նման մի սկզբունք կա. այն մարդը, ով չի ցանկանում, որ իրեն ղեկավարեն, երբեք չի կարող ինքնուրույն ղեկավարել:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ասել. եթե որևէ մարդ իրապես վախենում է Աստծուց (իսկ հենց Աստծո վախն է ճշմարիտ իմաստության սկիզբը), ապա նա իրեն թույլ չի տա անգամ մտածել, որ ինքնագլուխ կերպ ղեկավար դիրք ընդունի: Մարդու համար բնական է բարձր դիրք գրավելու ցանկությունն ու նշանակալի լինելը, սակայն վտանգավոր է սեփական նախաձեռնությամբ մտնել առաջնորդական դիրքի մեջ՝ առանց Աստծուց մղում ստանալու: